«ԶՈՌՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՉԿԱ՛» Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդն իր առաջին նիստը երեկ պիտի նշանավորեր Ազատ Արշակյանի գործի քննարկմամբ։ Նախաձեռնողները, խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի պնդմամբ, հիմնավորապես էին նախապատրաստվել այս քննարկմանը՝ ուսումնասիրել Ազատ Արշակյանի գործը, առանձնացրել փաստական տվյալներ, որոնք կարող էին խորհրդում ներկայացված կազմակերպություններին հնարավորություն ընձեռել ամենայն հիմնավորվածությամբ արտահայտել իրենց վերաբերմունքն այս գործի նկատմամբ։ Աշոտ Բլեյանը հայտնեց իր դիրքորոշումը, թե Ազատ Արշակյանի պարագայում գործ ունենք դասական քաղբանտարկյալի հետ. «Մեղադրանքը զուտ քննիչի, նախաքննության մարմնի ենթադրությունն է։ Նույն ձեւով կարող էր մեղադրանք առաջադրվել Վարդան Հարությունյանին, գործող վարչապետին եւ տասնյակ այլ մարդկանց»։ Կազմվել էր նաեւ խորհրդի հայտարարության նախագիծը։ Սակայն այդ նախագիծը չքննարկվեց եւ նախաքննության նյութերին անդրադարձ չեղավ, քանզի Վարդան Հարությունյանը հայտնեց իր, Ազատ Արշակյանի եւ նրա փաստաբանի խնդրանքը՝ չանդրադառնալ այս թեմային, հաշվի առնելով սկսվելիք դատավարությունը։ «Բոլորովին իմաստ չունի իրադարձություններից առաջ ընկնել,- ասում էր Վարդան Հարությունյանը։- Չտեսնե՞նք, գուցե դատարանն արդարացի վճի՞ռ է կայացնում։ Իսկ գուցե ապացուցում են, թե նա օրը մի իրավապաշտպան էր խփում, ինչո՞ւ եք առաջ ընկնում»։ Աշոտ Բլեյանը, թեեւ կարծում էր, որ քննարկումը ցույց կտար դատարանին, որ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ ուշադիր հետեւելու են այս գործի քննությանը, այնուամենայնիվ, հակված էր ընդառաջել հետաձգելու խնդրանքին, հարգել այն. «Եթե մարդը հարմար է գտնում այսպես՝ մենք չենք կարող մեր ակտիվությամբ դեմ գնալ մարդու ցանկությանը»։ Անկախ այս պատրաստակամությունից՝ քննարկում, այնուամենայնիվ, ծավալվեց։ Աշոտ Բլեյանն անդրադարձավ Ազատ Արշակյանի քաղաքական կենսագրությունն անտեսելու խնդրին. «Գործը որ կարդում ես՝ թվում է, թե շարքային, մի անհասկանալի մարդու մասին է խոսքը։ Դա ամենավիրավորականն է ինձ համար այս քրեական գործում։ Ո՞նց կարելի է։ Այսպիսի կենսագրությամբ մարդիկ քիչ կան Հայաստանում։ Բայց ահա գործում դա ընդհանրապե՛ս չի երեւում։ Սա արժանապատվությունը վիրավորող բան է»։ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շարունակեց այդ թեման. «Ինձ համար դեռ պարզ չէ՝ Ազատ Արշակյանին որպես կենսագրություն ունեցող մարդո՞ւ ենք պաշտպանում, թե՞ որպես քաղբանտարկյալի։ Դեռ ինձ համար պիտի պարզեմ՝ սա իսկապես քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ։ Բայց եթե նույնիսկ քաղաքական հետապնդում չէ եւ իսկապես քրեական գործ է՝ Ազատ Արշակյանն այն մարդն է, որի նկատմամբ, կարծում եմ, պետք է ներողամիտ լինեին եւ, առաջին հերթին՝ չփոխեին խափանման միջոցը»։ Պետք է նաեւ նշել, որ խորհրդի նիստում եղան ընդդիմացողներ առավել հանգամանալից քննարկում չծավալելու որոշմանը։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն, ասենք, վիճարկեց հետաձգելու որոշման հիմնավորվածությունը, հաշվի առնելով, որ սա միայն Ազատ Արշակյանի անձի խնդիրը չէ։ Անահիտ Բայանդուրն «անհամոզիչ» էր գնահատում ներկայացված հիմնավորումը. «Դատեն-պրծնեն՝ դրանից հետո ի՞նչ պաշտպանել»։ «Հայոց տան» ղեկավար Վարդան Պետրոսյանին վրդովվեցրել էր սկսվելիք դատավարությանը չխանգարելու հորդորը. «27»-ի դատավարությունն էլ է ընթանում, ի՞նչ եք առաջարկում, չմիջամտե՞նք»։ «Զոռով պաշտպանել չկա՛»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ մատներով խեղդելու նշան անելով ու ցուցադրելով, թե ինչպես են Արշակյանին ցանկանում ստիպողաբար պաշտպանել։ Այս ամենից հետո էլ չդադարեցին բանավեճերը։ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ այս քննարկումը լավագույն ապացույցն է. «Մեր հասարակությունն իրոք հիվանդ է։ Ես, օրինակ, այդ կարծիքին չեմ, որ եթե որեւէ իրավունք ոտնահարվում է՝ դա այդ անձի հարցն է, եւ ինքն է որոշում՝ քննարկե՞լ դա, թե՞ ոչ։ Դա մեր բոլորի՛ հարցն է… Բաց խոսենք՝ երբեմն մենք հանդուրժում ենք այդ հիվանդ իրավապահ մարմինների հետ մարդկանց համագործակցության պատրաստակամությունը։ Գտնում եմ, որ դա ամենավա՛տ երեւույթներից մեկն է, եւ այսօր մենք համակերպվում ենք այդ իրողությանը»։ Սրան ի պատասխան Վարդան Հարությունյանն ասաց. «Երբ պատրաստվում ենք Ազատ Արշակյանի կամ Կիրակոս Այնինչյանի կամքին հակառակ պաշտպանել նրա իրավունքները՝ հայտարարելով, որ դա հասարակության եւ մեր բոլորիս իրավունքն է՝ դրանով խախտում ենք նրա իրավունքները։ Մենք կարող ենք պաշտպանել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ազատ Արշակյանը դեռեւս գտնում է, որ անկախ այս խորհրդից եւ դրա յուրաքանչյո՛ւր մասնակից անդամից՝ ինքը կարող է պաշտպանել իր իրավունքները։ Եթե վաղը նա կդիմի այս խորհրդին կամ որեւէ մեկին, խնդրելով պաշտպանել իր իրավունքները՝ նրանք կարող են մասնակից դառնալ այդ պաշտպանությանը»։ Նիստից հետո Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե վստա՞հ է արդյոք, որ այս պարագայում իրավապահների հետ համագործակցության պատրաստակամություն կա. «Ըստ իս, պատրանքներ են, թե այսօրվա դատարանները պատվեր չեն կատարում։ Ակնհայտ է, որ Ազատ Արշակյանի գործը պատվեր է եւ որպես պատվեր էլ շարունակվելու է։ Անիմաստ ժամանակ ենք կորցնում»։ Իսկ Վարդան Հարությունյանը որպես ամփոփում եւս մեկ անգամ ասաց. «Դատական փուլից կերեւա, թե ինչ վերաբերմունք պետք է ցույց տան իրավապաշտպանները Ազատ Արշակյանի գործի նկատմամբ։ Այսօր դեռ շուտ է որեւէ քայլ կամ հայտարարություն անելու համար։ Հայաստանում բազմաթիվ անարդար դատավարությունների շղթայի մեջ մեկ-մեկ էլ կարող են պատահել նաեւ արդար դատեր։ Ես հույս ունեմ, որ Ազատ Արշակյանի գործը դրանցից մեկը կլինի։ Բայց ամեն դեպքում՝ ի՞նչն է մեզ խանգարում մեկ օր սպասել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ