Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԲԱԴ-ՎԻՍՈՒՄ

Նոյեմբեր 13,2001 00:00

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԲԱԴ-ՎԻՍՈՒՄ Գերմանիայի Բադ-Վիս քաղաքում անցկացված շախմատի ավանդական 5-րդ միջազգային մրցաշարն ավարտվեց Հայաստանի միակ պատվիրակ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի հաղթանակով։ Ճիշտ է, եզրափակիչ տուրից հետո միանգամից չորս մասնակից վաստակեց 7,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը շնորհվեց Վ. Հակոբյանին։ Հետաքրքիր է, որ շվեյցարական մրցակարգով անցկացվող այս ներկայացուցչական մրցաշարը լուսաբանող «KC»-ի թղթակիցը նշում է, թե երկար ժամանակ մրցաշարի պաշտոնական սայթում ընդհանրապես չկար ճանաչված հայ գրոսմայստերի անունը։ Դրա փոխարեն նշվում էր, որ հաջող է հանդես գալիս ոմն Hakobyan(!)։ Այս անփությությունը վերացվել է մրցաշարի ավարտին։ Ռուս մասնագետը թեթեւ ամոթանք է տալիս Գերմանիայի նման շախմատային երկրին այն բանի համար, որ այնտեղ «չեն ճանաչել» ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը Լաս Վեգասում նվաճած հայ շախմատիստին։ Շուտով Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի անհատական առաջնությունը։ Վլադիմիրը Բադ-Վիսում ցույց տվեց, որ ինքը գերազանց մարզավիճակում է։ Բայց, ավաղ, նա Մոսկվայում չի խաղալու՝ իրավունք չի նվաճել, որքան էլ տարօրինակ է։ Մոսկվայում հանդես չեկող գրոսմայստերների մեջ Վլադիմիրի վարկանիշը, եթե չհաշվենք երկու «K»-երին, ամենաբարձրն է։ Դժվար չէ պատկերացնել, թե այս իրողությունը որքան վիրավորական է Վլադիմիր Հակոբյանի համար։ Բացի դա, նրա բացակայությունն էլ աշխարհի անհատական առաջնության համար մեծ կորուստ է։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել