Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոմսի արժեքը՝ լոբիով

Նոյեմբեր 13,2001 00:00

Տոմսի արժեքը՝ լոբիով Արցախյան ազատամարտի տարիների տեւական հրետակոծություններից Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի մշակույթի պալատի շենքը «Աստծո կամոք» չտուժեց, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ պատուհաններին «նմուշի» համար անգամ ապակի չմնաց։ Հետագա տարիներին, քանի որ գյուղապետարանը միջոց չգտավ ապակեպատելու, ուստի դրանք կոլեկտիվի ուժերով կիսատ-պռատ թաղանթապատվեցին։ Պատերազմի տարիներին հրետակոծությունն անգամ չկարողացավ լռեցնել այստեղ հնչող երգն ու պարը, դաշնամուրի պարապմունքների երաժշտությունը։ Գործում էին նաեւ ասմունքի, թատերական, ասեղնագործության, սպորտային խմբակներ։ Դա անցյալում, իսկ այսօր դրանք մոտ 4 տարվա վաղեմությամբ հուշ են դարձել ու մշակույթի պալատի հաճախորդներն են մնացել «ակնախոռոչներով» ելումուտ անող աղավնիներն ու գրադարան այցելող ընթերցասերները։ Նրանք, ինչպես հավաստում է տնօրեն Մանվել Ուդումյանը, քիչ չեն. օրական մոտ 25 հոգի։ Ընթերցասերների գերակշիռ մասը դպրոցականներ են, որոնք վերցնում են հիմնականում ծրագրային գրքեր, մինչդեռ միջին սերնդի այցելուները նախընտրում են արկածային կամ դասական գրականություն։ Ասում են՝ «չկա չարիք, առանց բարիքի», քանի որ ինֆորմացիայի ուրիշ աղբյուր չկա, բացի մեկ օր ուշացումով գյուղ հասնող հատ ու կենտ թերթերից, որը ի վիճակի չէ գյուղացին գնել, մնում է կարդալու քաղցը հագեցնել գրքի ընթերցանությամբ։ Մոտ երկու տարի է՝ մշակույթի պալատի կոլեկտիվը չի ստանում հասանելիք 5-6 հազար դրամ աշխատավարձը, մինչ գյուղապետը արդարանում է, թե փող չկա, տնօրենը իր հերթին զարմացած բողոքում է. «Բա որ փող չկա, ինչո՞ւ է պահում այդքան ավելորդ հաստիքները, այսպիսի իրավիճակում, երբ կառույցը փաստացի չի գործում, ի՞նչ անհրաժեշտություն կա գեղմասվար կամ կազմակերպիչ պահել»։ Թերեւս միայն ամառվա ամիսներին է մի 4-5 անգամ խաթարվում «ավերակների անդորրը», երբ խմբեր են գալիս հյուրախաղերի։ Մնացած օրերին, քանի որ ֆինանսական միջոցների սղության պատճառով շենքին պահակ չի հատկացվում (նաեւ հավաքարար) ակամայից արտահաստիքային պաշտոնակատար է դառնում տնօրենը՝ գոնե եղածը պահպանելու համար։ Քանի որ գյուղում շուկա չկա, արտադրություն չկա, բնականաբար՝ չկա եկամուտ, ու գյուղացու դրամի միակ աղբյուրը ուշացումներով եւ բռնի պահումներից հետո կիսատ-պռատ տրվող կենսաթոշակն է ու նպաստը։ Եվ քանի որ արտիստ Սարգիս Առաքելյանը այնքան խորաթափանցություն չէր ունեցել, որ իր համերգային շոու ծրագրով ելույթը համապատասխանեցնի նպաստ կամ թոշակ տալու օրերի հետ, ուստի, հանդիսատես ձեռք բերելու ակնկալիքով, ստիպված էր համաձայնել, որ գյուղացիները տոմսի արժեքի 200 դրամի փոխարեն վճարեն… 1 կգ լոբի։ Արդյունքում, համերգին ներկա 62 հանդիսատեսի 2/3-ը տոմսի արժեքը վճարել էր լոբիով։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել