Դժվար եւ բարդ պրոցես Ի պատասխան 03.11.2001թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված «Հրավեր Սմբատի մոտ» հոդվածի, տեղեկացնում ենք, որ այն քննարկվել է մեզ մոտ, որի առնչությամբ հայտնում ենք մեր շնորհակալությունը այս կարեւորագույն եւ հիրավի բարդ ոլորտի հանդեպ Ձեր ոչ անտարբեր վերաբերմունքի համար։ Հիրավի, Կենտրոն սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ՄԱԿ-ի տրամադրած թիվ 45 եւ թիվ 46 ՄՕԱ սննդամթերքը բաշխվում է Սախարովի հրապարակում գտնվող նախկին հացի խանութից, որն, իհարկե, մեր տեսանկյունից եւս այնքան էլ նպատակահարմար չէ որպես սննդի բաշխման կետ, սակայն քանի որ այսօր խանութների մեծ մասը սեփականաշնորհված են, շքեղ ձեւավորված, բնականաբար, ոչ ոք մեզ չի տրամադրի այդպիսի խանութը որպես հումանիտար օգնության բաշխման կետ։ Վերոհիշյալ հասցեում գտնվող խանութն էլ մեզ տրամադրվել է դժվարությամբ։ Ինչ վերաբերում է «ցուցակներում եղած խառնաշփոթին, ոմանց անունների բացակայություններին», ձեզ դիմած քաղաքացիների դժգոհությանը՝ տեղեկացնում ենք, որ իսկապես այս անգամ թիվ 45 օգնության ցուցակները, որը ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համապատասխան հրահանգի համաձայն տպագրվել է վերջերս ստեղծված «Նեմրութ» տեղեկատվական կենտրոնում, տպված են ըստ միավորների աճման կարգի եւ ոչ թե ըստ ԲՇՏ-ների (ինչպես արվում էր նախկինում), ինչն էլ բազմաթիվ դժվարություններ է ստեղծել բնակիչների համար իրենց անունները փնտրելիս, ինչպես նաեւ բուն սոցիալական կենտրոնի աշխատակիցների համար։ Այս կարեւորագույն հարցը դեռեւս բաշխումից առաջ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության եւ ՄԱԿ-ի համապատասխան աշխատակիցների ներկայությամբ եւ հույս ունենք, որ նախարարության կողմից կարվի հնարավորը՝ առաջիկայում օգնության բաշխման ավելի մատչելի ցուցակներ տպագրելու ուղղությամբ։ Իսկ ըստ ՀՀ սոցապ նախարարի եւ ՄԱԿ-ի ՀՊԾ-ի տնօրենի համատեղ ստորագրությամբ հրահանգների՝ թիվ 45 օգնությունը հատկացվում է՝ ա) 30-ից բարձր միավոր ունեցող չորս եւ ավելի անչափահաս երեխա ունեցող անապահով ընտանիքներին, բ) 36.82-ից բարձր միավոր ունեցող անապահով ընտանիքներին։ Թիվ 46 օգնությունը տրամադրվում է 39.44-ից բարձր միավոր ունեցող եւ կանանց կողմից ղեկավարվող անապահով ընտանիքներին։ Եվ այս պարագայում, բնականաբար, «Փարոս» համակարգում հաշվառված բոլոր ընտանիքները չէ, որ կարող են ընդգրկված լինել ցուցակներում։ Եվ ըստ վերոհիշյալ հրահանգների՝ հիմնականում պահանջվում է ալյուրի եւ ձեթի բաշխումը իրականացնել առանց կշռելու։ Հրահանգից մեջբերվում է՝ «…հնարավորության դեպքում պարկը եւ ձեթի տարան չի բացվում, տրվում է միանգամից երկու շահառուների»։ Գաղտնիք չէ, որ օգնությունների բաշխումը կատարվում է քաղաքացիների կուտակումներով եւ հերթերով, ինչն անասելի դժվար եւ բարդ պրոցես է նաեւ բաշխող կողմի համար, երբ օրական սպասարկվում է մոտ 200-260 քաղաքացի։ Այս պայմաններում իհարկե կարող են լինել բնակիչների իրավացի, ինչու չէ, նաեւ հանիրավի դժգոհություններ։ Ահավասիկ՝ Կենտրոնի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի բաժնի վարիչ Սմբատ Բարսեղյանի հանդեպ ծնված դժգոհությունը՝ «ոչ հարգալից վերաբերմունքի համար», երբ վերջինս փորձ է արել ապահովել քաղաքացիների՝ հերթով եւ կարգուկանոնով հասանելիք օգնության ստացումը։ Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Կենտրոնի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն