Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 11-ին Ազգային օպերայի դահլիճում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնն» արվեստասեր հասարակայ

Նոյեմբեր 13,2001 00:00

«Ազնավուրյան ակնթարթներ» Նոյեմբերի 11-ին Ազգային օպերայի դահլիճում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնն» արվեստասեր հասարակայնության դատին հանձնեց «Ազնավուրյան ակնթարթներ» հրաշալի ներկայացումը, որի բեմադրության հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը սիրված պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանն էր։ Ներկայացումը կազմված էր երկու մասից, որի առաջին մասում «Պարի եւ հոգու թատրոնը» ներկաներին նվիրեց հրաշալի պարերի մի ողջ շարք։ Առաջին մասը սկսվեց «Վաղարշապատի պարով», որին հաջորդեցին բոլոր ժամանակների զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Մարտից հետո» պարը, «Մախմուր աղջիկը» եւ այլն։ Հաճելի անակնկալ էր Զառա Բաբայանի մատուցած «Շալախո» երգը, որն ուղեկցվեց տղաների հրաշալի պարով։ Անակնկալ էր նաեւ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցուհի Բարի Ստեյսիի բեմադրած ժամանակակից պարը։ Հիացրեց նաեւ Սոֆի Դեւոյանի հեզաճկուն ու գերող պարային երկու համարը, որ ջերմ ծափողջույններով ու բրավոներով ընդունեց հանդիսատեսը։ Բեմականացված պարերի մեջ իր անհատական տեղն ուներ նաեւ Ալբինիոնիի երաժշտության ներքո բեմադրված աղջիկների հեզաճկուն «Ծաղիկներ» պարը, որը նվիրված էր Մ. Սարյանի հիշատակին։ Փոքրիկ դադարից հետո սկսվեց ներկայացման 2-րդ մասը, որն ամբողջությամբ նվիրված էր բեմի մեծ վարպետ Շառլ Ազնավուրին։ Պարերի միջոցով ներկայացվեցին Շառլի ներաշխարհն արտահայտող կարեւորագույն պահեր՝ այդ թվում հանդիպումը Էդիտ Պիաֆի հետ, փոքրիկ հատված փարիզյան բուլվարից, ինչպես նաեւ նրա կյանքի ու ստեղծագործական ուղու առաջին քայլերից մինչ մեր օրերը։ Նշեմ, որ 2-րդ մասում բոլոր պարերը բեմադրվել էին բացառապես Ազնավուրի երգերի եւ մեղեդիների ներքո։ Յուրաքանչյուր պար եւ հերթական համար առանձնանում էր բացառիկ անհատականությամբ եւ, ինչպես թատրոնի անվանումն է հուշում, յուրաքանչյուր պարի մեջ կար ե՛ւ հոգի, ե՛ւ բնական զգացումներ։ Երեկոն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, որին նպաստում էր նաեւ շքեղ լուսավորությունն ու բարձրաճաշակ երաժշտությունը։ Դահլիճը լեփլեցուն էր բարձրարժեք արվեստը գնահատող արվեստասերներով, որոնց մեջ քիչ թիվ չէին կազմում նաեւ մշակութային հայտնի գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ քանի որ դահլիճում էր նաեւ մեր պարարվեստի նշանավոր ու տաղանդաշատ մաեստրոն՝ Վանուշ Խանամիրյանը, համերգի ավարտին, օգտագործելով պատեհ առիթը, խնդրեցի իր տպավորությունները հայտնել. – Սոֆի Դեւոյանն իմ «երեխան» է։ Շուրջ 24 տարի մենք միասին աշխատել եւ շրջել ենք աշխարհով մեկ։ Հպարտությամբ եմ ուզում նշել, որ նա իսկապես հրաշք պարուհի է եւ իմ լավագույն սաներից մեկը։ Նա դեռեւս Պարի պետականում պարելիս տարբերվում էր մյուսներից իր շատ «սիրուն» ձեռքերով։ Նա ամբողջությամբ աշխատում էր ձեռքերի վրա, ինչն էլ այսօր փոխանցում է իր սաներին։ Ընդհանրապես առաջին հերթին ձեռքի շարժումներն են պարը գեղեցկացնում։ Փառք ու պատիվ իրեն, որ այդպիսի խումբ է ստեղծել, ես պարծենում եմ, որ այսպիսի սան ունեմ։ Սովորաբար ես խուսափում եմ այլ կոլեկտիվների աշխատանքը նայել, որովհետեւ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են օտարների պարերը պարում, կամ էլ ուրիշների բեմադրությունները վերցնելով իրենց անունից են ներկայացնում։ Բայց այն, ինչ տեսա այսօր, ինձ իրոք հիացրեց։ Թեեւ խումբը մի քանի տարի է՝ ինչ գործում է, բայց ես նրանց պարն առաջին անգամ էի տեսնում։ Շատ ճաշակով ներկայացում էր։ Այստեղ բացահայտորեն երեւում էր Սոֆիի սեփական մտահղացումը, ճաշակը, անհատական ձեռագիրն ու ոճը։ Նշեմ, որ ընտրված երաժշտությունը եւս շատ ճաշակով էր։ Այն, ինչ Սոֆին է անում, շատ գովելի է։ Բեմադրությունն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը տեսնելով՝ ես հիացած էի։ Ես կխնդրեմ, որ Սոֆին երբեք չհեռանա ազգային ակունքներից։ Ես ցանկանում եմ, որ մեր պարերը բեմադրվեն հայկական երաժշտության ներքո։ Մենք հայ ենք, պարենք մեր հայկականը։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել