Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ

Նոյեմբեր 13,2001 00:00

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հրաչ Կաղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մեկ ամսից ավելի է, ինչ քրգործ է հարուցվել Արտեմ Պողոսյանի նկատմամբ՝ քրօրի 89 հոդվածի 4-րդ մասով։ – 1999թ. հոկտեմբերին վաճառեցի Մալաթիա թաղամասում գտնվող իմ հայրական երկհարկանի սեփական տունը եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աճուրդի կենտրոնից ցանկացա գնել Երեւանի Կորյունի փողոցի 6 շենքի թիվ 16 բնակարանը։ Աճուրդի կենտրոնում ինձնից նախօրոք վերցրին ԱՄՆ $16.000։ Նրանց պահանջով վաճառել էի Մալաթիայի բնակարանս, իրերը գտնվում էին ավտոկանգառում եւ ես ընտանիքիս հետ (անչափահաս երկու թոռնիկներով) թափառում էի բարեկամներիս տներում (մինչեւ 1999թ. դեկտեմբերի կեսերը)։ Աճուրդի կենտրոնում խաբելով ինձ՝ արհեստականորեն բարձրացվեց բնակարանի գինը, որի համար հարկադրված էի պարտքով գումար վերցնել։ Պատահական առիթով ծանոթացած Արտեմ Պողոսյանից էլ խնդրեցի պարտքով ինձ գումար տալ։ Տեղեկացել էի, որ վերջինս տոկոսով գումարներ է տալիս հատկապես կենտրոնում բնակարան ունեցող անձանց, եւ նա համաձայնեց ինձ տալ անհրաժեշտ գումարը՝ ամսական 5% աճողական տոկոսադրույքով, պայմանով, որ, որպես գումարի գրավական միջոց, բնակարանը ձեւակերպվի իր անունով։ Համաձայնեցի։ Մինչ այդ, 1999թ. հունիսի սկզբներին պայմանավորվել եւ գնել էի Երեւանի Թումանյան փողոցի 37 շենքի թիվ 11 բնակարանը (տղաներիցս մեկի համար)։ Բնակարանի նախկին տիրոջ հետ պայմանավորվել էինք, որ գումարը կվճարեմ մաս-մաս։ Նախնական վճարել էի 18.000 ԱՄՆ դոլար՝ 1999թ. հունիսի սկզբին (կա ստացական), իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել էի վճարել 1999թ. դեկտեմբերի վերջին։ Սակայն ԱՆ ԴԱՀԿ ծառայության աճուրդի կենտրոնում, նրանց կողմից կատարված չնախատեսված ծախսերի պատճառով, այս բնակարանի արժեքն ամբողջությամբ վճարելու համար, հարկադրված նորից դիմեցի Արտեմ Պողոսյանին։ Վերջինս նույն պայմաններով ինձ տվեց տոկոսով գումար։ Ընդհանուր առմամբ պարտքով վերցրել եմ ԱՄՆ $22.000 ամսական 5% աճողական տոկոսադրույքով՝ 2 բնակարաններս ստիպված ձեւակերպելով նրա անունով։ Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով Ա. Պողոսյանին 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց տվել եմ ԱՄՆ $250 տոկոս։ Նրան խնդրել եմ, որ մի քանի ամիս տոկոսները կանգնեցնի՝ մինչեւ ինձ պարտք գումարները վերադարձնեն, եւ վճարեմ իր տված ԱՄՆ $22.000-ը։ Մի քանի ամիս անց վերջինս, օգտվելով այդ հանգամանքից, խաբեությամբ ցանկացավ տիրանալ իմ բնակարաններին։ Ներկայացրեց, որ ելնելով իմ հանդեպ խղճահարությունից, թույլատրել է ինձ ընտանիքով բնակվել Կորյունի 6շ. թիվ 16 բնակարանում, իսկ ես, ի նշան երախտագիտության, կատարել եմ մոտ 15.000 ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ Թումանյան փողոցի թիվ 37շ. 11 բնակարանում՝ իբրեւ իր սեփական։ Ա. Պողոսյանը հայցով դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան (որը տեւեց մոտ 3 ամիս, դատավոր՝ Է. Ավետիսյան)՝ ինձ նշված բնակարաններից վտարելու պահանջով։ Դատարանում բացահայտվեց Ա. Պողոսյանի խարդախությունը, եւ վճիռը կայացվեց իմ օգտին, այսինքն 2 բնակարանները վերադարձնել ինձ, իսկ ինձնից բռնագանձել ԱՄՆ $22.000-ը եւ վերադարձնել Ա. Պողոսյանին, ինձնից նաեւ բռնագանձել ԱՄՆ $7040 14 ամսվա հաշվարկով՝ տարեկան 24 տոկոսադրույքով։ Ա. Պողոսյանը չբավարարվելով ԱՄՆ $22.000-ի դիմաց տված ԱՄՆ $7040 ավելադրույքով (դատարանի կողմից), 15 օր անց դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի ետ վերցնի 2 բնակարանները։ Դատը (նախագահող դատավոր՝ Նոյեմ Հովսեփյան) տեւեց ընդամենը 5 րոպե։ Ըստ վճռի՝ 2 բնակարանները պետք է տրվեին Ա. Պողոսյանին, իսկ ինձ իմ 9 հոգանոց ընտանիքով վտարեին նշված բնակարաններից։ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց վերաքննիչ դատարանի որոշումը։ Տեսնելով, որ ես դուրս չեմ գալիս Կորյունի 6 շենքի իմ բնակարանից, Ա. Պողոսյանը ՆԳՆ աշխատակից Եղիազարյանի հետ միասին 2000թ. ձմռանը հոսանքազրկեց այդ բնակարանը՝ մանկահասակ թոռներիս թողնելով ցրտի ճիրաններում։ Անջատել տվեց նաեւ հեռախոսակապը։ Հարկադրված տեղափոխվել ենք բարեկամների մոտ (ամանորյա տոներն անցկացրել ենք առանձին-առանձին)։ Համոզվելով, որ այդ քայլերով չի կարող ինձ ընկճել, սկսեց սպառնալիքներ տեղալ, որ կպայթեցնի, դժբախտ պատահարի զոհ կդառնանք եւ այլն։ Ա. Պողոսյանը ՆԳՆ աշխատակցի հետ կոտրել են Թումանյան 37 շենքի 11 բնակարանի դուռը, փոխել փականը։ Իմանալով այդ մասին, դիմում-բողոք եմ ներկայացրել Կենտրոնի ՆԳԲ, խնդրելով միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածի համար։ Ես վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների վճռից հետո բողոքարկեցի ՀՀ ՆԳՆ աշխատակազմի ղեկավարին, ՀՀ նախագահի աշխատակազմին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին, ՀՀ վարչապետին, «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ ՀՀ դատախազությանը։ Բոլոր տեղերից դիմումս հսկողականով ուղարկվեց ՀՀ դատախազություն, որպեսզի տարվի օբյեկտիվ քննություն։ Քննությունը նշանակվեց ՀՀ դատախազության պետական շահերի վարչությունում, որը վարեց Սուսաննա Կարապետյանը (դատախազ), այն տեւեց 2 ամսից ավելի։ Պարզեցին, որ Արտեմ Պողոսյանը ԱՄՆ $22.000-ի դիմաց խաբեությամբ տիրացել է իմ 2 բնակարաններին, որոնք արժեն ԱՄՆ $53.000։ Ավելացնեմ նաեւ, որ ես վաշխառու Ա. Պողոսյանի միակ զոհը չեմ։ Գրի առավ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ Հ. Գ. Հարուցված գործը ուղարկվել է Կենտրոնի ՆԳԲ քննչական բաժին։ Հ. Կաղինյանի եւ Արտեմ Պողոսյանի միջեւ կատարվել է առերեսում, շուրջ 1 ամսից ավելի մնալուց հետո գործն անհայտ պատճառներով ուղարկվել է Արաբկիրի ՆԳԲ քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել