Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական ձեթի «մաֆիան»՝ ընդդեմ իրանականի

Նոյեմբեր 13,2001 00:00

Տնտեսական աճին հաջորդեց գների աճը Ռուսական ձեթի «մաֆիան»՝ ընդդեմ իրանականի Վանաձորում (գուցե նաեւ՝ հանրապետության այլ վայրերում) նոյեմբեր ամսվա սկիզբը նշանավորվեց մթերքների գների աճով, ինչն առաջին հերթին իր ազդեցությունն է թողել իրանական արտադրության մթերքների վրա: Ի դեպ, իրանական բուսական յուղի գինը «մանրից» բարձրացվեց դեռեւս սեպտեմբերին, սակայն իր՝ վերջին 1 տարում չարձանագրված առավելագույն բարձրությանը հասավ նոյեմբերին: Այնքան հաճախ գովազդվող «Աֆտաբ» բուսական յուղի գինն ընդամենը մեկ շաբաթում ավելացավ 120 դրամով (430-ից հասնելով 550-ի): Գովազդի «մեջի» տատիկն այժմ ստիպված կլինի հունվար ամսից ընդամենը 700 դրամով ավելացող թոշակի «հավելյալ արժեքը» «էն գլխից» փոխանցել այդ նույն «Աֆտաբին», եւ, պետք է ենթադրել, ոչ միայն դրան: Չէ՞ որ ամառային շրջանի համեմատաբար էժան որոշ մթերքներ էլ արդեն «թանկ ու կրակ» պահածոներ են դարձել, եւ, այս առիթով տատիկը եթե դժգոհի մտերիմներին՝ հեռախոսային խոսակցությունների րոպեավճարներն էլ «թռչելու» են: Գովազդվող «Նարգեզ-Շիրազ» բուսական յուղի տարբեր քաշերն էլ վերջին մեկ շաբաթում համապատասխանաբար 250 դրամից հասան 320-ի, 430-ից՝ 500-ի: Ենթադրվում է, թե այդ մթերքների գների աճը ոչ միայն հունվարից ավելացող թոշակների կապակցությամբ է պայմանավորված, այլեւ այն հանգամանքով, որ ռուսական արտադրության նույն մթերքները շատ ավելի թանկ են, ուստի հասարակության լայն խավերը նախընտրում են իրանական մթերքները, որի արդյունքում «ռուսականները» դժվարությամբ են իրացվում, եւ որպեսզի ավելի հեշտությամբ սպառվեն, բնականաբար, «կարելի է» ոչ թե ռուսական մթերքի գինն իջեցնել, այլ, ընդհակառակը, «իրանականի» գինը բարձրացնել. մեկ է, ժողովուրդն է տուժողը: Եթե վերոնշյալ մթերքների գների աճը պայմանավորված լիներ տարադրամի կուրսի աննախադեպ աճով, այդ դեպքում այն պետք է իր ազդեցությունն ունենար նաեւ շաքարավազի գնի վրա, մինչդեռ այն, ընդհակառակը, վերջին մեկ ամսում իջել է շուրջ 25 դրամով, 260-ից հասնելով 235-ի: Եթե հաշվի առնենք, որ այդ պակասեցումը ամառային շրջանում ավելացածն էր՝ կապված պահածոյացման սեզոնի հետ, կարելի է ասել, որ շաքարավազի գինը երկու տարվա ընթացքում «անփոփոխ» է մնացել: Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում տնտեսական աճի պայմաններում աճել են նաեւ այլ մթերքների գներ. օրինակ՝ արտասահմանից ներկրվող «քաշով» հավերի գինը մեկ ու կես անգամ աճել է՝ 550 դրամից հասնելով 800-ի: Պատճառը, միգուցե, այն է, որ տեղական արտադրության «Հավ էլ կա, հավ էլ»- ները՝ 1 կգ. 1200 դրամով վաճառվող, շատ էլ «վատ չզգան»: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել