ԲԻԶՆԵՍՈՎ ՉԶԲԱՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ Ի մի բերելով մեծ տոնակատարությունների «օգուտները», արդեն կարելի է արձանագրել, որ եկեղեցին ու բիզնեսը մեր հինավուրց երկրում հնարավորինս սերտացան։ Ընդհուպ մինչեւ այն աստիճանի, որ հնարավոր չէ տարանջատել մեկի սահմանը մյուսից։ Պրոկտոլոգիայի ինստիտուտը մասնավորեցնելուց հետո աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեր Վեհափառ հայրապետը ցուցադրեց բիզնեսի ասպարեզում իր հմտությունները։ Իսկ խոսելով «մայր գումարից», «դրա տոկոսներից», «նայած որ տարին որքան կլինիից», «կծախսվիից», «աշխատակիցների կրճատումից», Ն.Ս.Օ.Տ.Տ.-ն ապացուցեց, որ մարքեթինգի ոլորտում կարող է ոտք մեկնել ցանկացած պրոֆեսիոնալի հետ։ Որպես հմուտ մենեջեր Գարեգին Բ-ն չնահանջելով, մի կողմ դնելով Հայ առաքելական եկեղեցու՝ կարիքավորներին օգնելու համբավը, նշեց, թե հիվանդանոցը (որն արդեն եկեղեցու սեփականությունն է) չի կարող միայն բարեգործությամբ զբաղվել։ Սրան եթե գումարենք այն, որ կնունք-մատաղը շատ հոգեւորականների ու եկեղեցիների համար եկամտի աղբյուր է ու բիզնեսի է վերածվել, ապա սահմաններն, իրոք, խառնվում են։ Բիզնեսով չզբաղված ժամանակ Վեհափառը եկեղեցական գործերով է զբաղված։ Կիրակի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն օծեց «Մանես եւ Վալլեքս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հովնավորությամբ կառուցած Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին։ Իրադարձությունը մեծ աշխուժություն էր առաջացրել ալավերդցիների շրջանում։ Եկեղեցին չկարողացավ տեղավորել հազարավոր հավատացյալների, որոնք սուրբ պատարագն ունկնդրեցին բակում։ Իսկ կաթողիկոսը գործարարին եւ բարերարին՝ Վալերի Մեջլումյանին շնորհեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը։ Օծումից, պատարագից ու մատաղից հետո պրն Մեջլումյանը հյուրերի համար Ալավերդիի լեռնամետալուրգիական գործարանում շրջայց կազմակերպեց։ Առաջինը, որ աչքի էր զարնում, ահռելի գործարանի տարածքի մաքրությունն էր։ Գործարանի (եւ հանքավայրի) 700-800 աշխատակիցները ոչ թե հյուրերի գալստյան կապակցությամբ թափառում էին «միջանցքներում», այլ իրենց գործով էին զբաղված։ Գործարանը շատ գեղեցիկ վարչական շենք ունի՝ եվրաչափանիշներին համապատասխանող։ Հարկ է նկատել, որ ընկերությունը գործարանով եւ եկեղեցիով Ալավերդիում ակտիվություն է մտցրել։ Բայց «Մանես եւ Վալլեքսի» համար այսօր ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Ընկերության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ երկու անհաջող պայմանագրերի (մեկը Քաջարանի գործարանի հետ, մյուսը՝ պղինձ գնող գերմանական ընկերության) պատճառով ֆինանսական վնասներ է կրում։ Միջազգային շուկայում պղնձի գինն իջել է, բայց հունվարին գրանցված գնով գնում են պղինձը, ապրիլին գրանցվածով վաճառում։ «Առավոտի» հարցին պատասխանելով, պրն Մեջլումյանը նշեց, որ պայմանագրերն իր օգնականներն են ստորագրել, եւ հնարավորությունը կար կորուստներից խուսափելու, ինչը տեղի չունեցավ որոշակի պատճառներով. «Մեկն այն էր, որ մեր ինտելեկտուալ հնարավորությունների 90%-ը ուղղված էր բյուջեից ԱԱՀ-ի վերադարձման հետ։ Մինչեւ այդ հարցը լուծեցինք, պարզվեց, որ ուրիշ կարեւոր հարցեր էլ կային, որոնք հիմա ենք փորձում լուծել»։ Պրն Մեջլումյանը նշեց նաեւ, որ արտասահմանյան այլ ընկերությունների համեմատությամբ՝ իրենց համար օրենսդրական դաշտն առավել բարենպաստ չէ։ Եթե ոչ հակառակը։ Այսպիսով, մեր պետությունը տնտեսական մասնավոր հատվածին կամ սուբյեկտներին ոչ միայն չի աջակցում, այլեւ խանգարում է։ Իր արդեն «քրքրված» գրպանից պետությունը չի կարողանում տնտեսվարողին վերադարձնել իր գումարները (գերավճարը), ինչի պատճառով ընկերությունը, մասնավորապես՝ «Մանես եւ Վալլեքսը», այսօր իր վաճառած ամեն մի տոննայում տուժում է 120 դոլարի չափով, ինչը շահույթի հաշվին կրճատվել է՝ հասնելով 70-80 դոլարի։ Այս տարվա ընթացքում արտադրած 6000 տոննայի դեպքում վնասը կազմում է 480 հազար դոլար։ Բայց պրն Մեջլումյանն իր կառուցած եկեղեցու հետ հույսեր է կապել։ Աստված պրն Մեջլումյանի (բարի) մուրազը կատարի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ