Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻՑ

Նոյեմբեր 13,2001 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻՑ Հայաստանի պետական եւ քաղաքական շրջանակներում գերիշխող է այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ոչ մի նոր մանրամասն չավելացրեց Ղարաբաղի շուրջը կատարվող գործընթացներին: Կարծում եմ, դա այդպես չէ: Ինչ խոսք, այցը որոշ իմաստով ճանաչողական էր: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ վերջին կես տարում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը նսեմացնելու եւ Եվրոպայի խորհրդի նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ: Բանն այն է, որ ԵԽ-ի ֆորմատում կարող են քննարկվել միայն մարդու իրավունքների եւ տեղական ինքնակառավարման խնդիրները, բայց ոչ՝ Ղարաբաղի կարգավիճակը: Այս ուղղությամբ Ադրբեջանի որոշակի հաջողությունների ապացույցն այն է, որ ԵԽ-ն արդեն հայտարարել է, թե քաղաքական որոշում է ընդունել՝ զբաղվելու է ղարաբաղյան խնդրով, եւ այդ հարցով արդեն նշանակվել է զեկուցող, որը, հավանաբար, պետք է հանդես գա մոտակա խորհրդարանական վեհաժողովին: Համանախագահների այցը ճանաչողական էր հենց այն պատճառով, որ Ադրբեջանը ցանկանում է պրոցեսը տրասֆորմացնել Եվրոպայի խորհրդի ուղղությամբ: Ի տարբերություն ԵԽ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանն ուներ բավականին լուրջ խաղաքարտեր՝ մասնավորապես, ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին՝ որպես լիիրավ կողմ: Այս առումով մտահոգիչ էր, որ Հայաստանի հանրությունը պատասխան չստացավ համանախագահներից. ե՞րբ է Ղարաբաղը նորից ներգրավվելու խաղաղ գործընթացում, ինչից նա զուրկ էր վերջին 2-3 տարում: Մի կարեւոր մանրամասն եւս. համանախագահները ակնարկեցին, որ միջնորդական ջանքերին ավելի ակտիվ պետք է տեղյակ պահվի Թուրքիան (ինչպես Քի Ուեսթից հետո նույնը որոշվեց անել Իրանի նկատմամբ): Պարզ է, որ ղարաբաղյան հարցում Թուրքիան մեկը մեկին արտահայտում է Ադրբեջանի տեսակետը, եւ այստեղ անաչառ դիրք չի կարող գրավել: Վերջապես, մտահոգիչ է, որ համանախագահները միանշանակ կարծր գնահատական չտվեցին Հեյդար Ալիեւի ռազմատենչ ելույթներին: Նոյեմբերի 8-ին հրապարակված համանախագահների համատեղ փաստաթղթի մեջ դատապարտվում են անպատասխանատու հայտարարությունները, բայց չի նշվում, թե ովքեր են դրանք անում: Այս հարցում Մինսկի խումբը պարիտետ է պահպանում: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել