Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանաբար ոգեւորված քոլեջների ուսանողների հաջողությամբ՝ երեկ ՀՀ կառավարության առջեւ ցույցի էին դուրս

Նոյեմբեր 13,2001 00:00

Ով ում է բլեֆ անում Հավանաբար ոգեւորված քոլեջների ուսանողների հաջողությամբ՝ երեկ ՀՀ կառավարության առջեւ ցույցի էին դուրս եկել մի քանի տասնյակ ասպիրանտներ, ովքեր նույնպես բողոքում էին, որ թեեւ տարկետման օրինական իրավունքին, իրենց բանակ են զորակոչում։ Զինապարտության մասին ՀՀ օրենքը միանշանակ երաշխավորում է, որ ասպիրանտուրայում սովորողները տարկետման իրավունք ունեն եւ դա տարածվում է թե՛ վճարովի, թե՛ անվճար համակարգերի վրա, քանի որ հատուկ տարբերակում օրենքում չկա։ Հենց օրենքի այդ կետն էլ վկայակոչելով՝ վճարովի համակարգի ասպիրանտները պնդում են, որ անօրինական է իրենց բանակ զորակոչելը։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ։ Յուրաքանչյուր տարի ԿԳՆ-ն ՊՆ-ի հետ համատեղ հաստատում է ասպիրանտական տեղերի այն չափաքանակը, որ օգտվելու է տարկետման իրավունքից։ Այս տարվա համար այդ տեղերի թիվը 229 է եղել, ընդ որում՝ ընդունվողներից 215-ը տղա է։ Սա եւս մեկ անգամ վկայում է, որ ասպիրանտուրան բանակից խուսափելու համար ապահով տեղ է եւ դրանում ընդունելությունը, այս նույն պատճառով, անցնում է մրցութային սուր պայքարում՝ դրանից բխող բոլոր «հետեւանքներով»։ Բացի հաստատված տեղերից, բուհերի ռեկտորները, ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի համաձայնությամբ, այս տարի հավելյալ 100 ասպիրանտական տեղ են ուզել եւ վճարովի համակարգում ընդունելություն անցկացրել (երեկ չկարողացանք ճշտել՝ դա եղել է ՀՀ կառավարությա՞ն, թե՞ ԿԳՆ-ի որոշմամբ եւ որքանո՞վ է այն օրինական)։ Ընդ որում՝ ՊՆ-ի հետ պայմանավորվածություն է եղել, որ այդ հավելյալ տեղեր ընդունվածները չեն օգտվի զինծառայությունից տարկետման իրավունքից։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ռեկտորները տեղյակ են եղել այդ մասին եւ ասպիրանտներին եւս զգուշացրել են, որ չեն օգտվելու տարկետման իրավունքից։ ՀՊՃՀ-ի ասպիրանտները նույնիսկ գրավոր են հաստատել, որ տեղյակ են այդ մասին։ Սակայն, եթե հավատանք մասնավորապես գյուղակադեմիայի ասպիրանտներին, ոչ բոլոր ռեկտորներն են հարկ համարել տեղեկացնել այս մասին։ Իսկ ըստ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի՝ օրենքը պետք է գործի, այսինքն՝ բոլոր ասպիրանտները պետք է օգտվեն տարկետման իրավունքից, ինչպես երաշխավորված է օրենքով, իսկ ենթաօրենսդրական ակտերը (ԿԳՆ-ի կամ կառավարության որոշում) կամ բանավոր պայմանավորվածությունները օրինական ուժ չունեն, եթե հակասում են օրենքին։ Թե ինչ որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը, դեռ պարզ չի, սակայն ակնհայտ է, որ նման շիլաշփոթ չէր լինի, եթե ԿԳ նախկին նախարարը ժամանակին հարցը օրենքի շրջանակներում լուծեր։ Բուհերի վճարովի համակարգում էլ կան տեղեր, որտեղ ընդունվածները չեն օգտվում տարկետման իրավունքից, սակայն դա արվեց օրենքում կատարված համապատասխան փոփոխությամբ։ Այս անգամ ԿԳ պատասխանատուները չեն մտահոգվել իրենց քայլն օրինականացնելու մասին։ Ի դեմս քոլեջների ուսանողների, շուրջ 400 զիանկոչիկից զրկված ՊՆ-ն այդքան շռայլ կգտնվի՞, որ համաձայնվի նաեւ մոտ 100 ասպիրանտ բանակ չզորակոչել։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել