Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը

Նոյեմբեր 13,2001 00:00

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԻՄ-ը իր 14-րդ համագումարում գնահատական տալով իշխանություններին եւ ընդդիմությանը, զուգահեռաբար նկատեց, որ «քաղաքական ուժերը մեկուսացվեցին երկրում ընթացող գործընթացներից, ավելին, իշխանությունների կողմից նպատակաուղղված քաղաքականություն վարվեց քաղաքական ուժերի կազմալուծման առումով», արդյունքում՝ թուլացավ եւ աղքատացավ երկրի քաղաքական դաշտը։ Ըստ ՍԻՄ-ի՝ իշխանությունները գնացին ծեծված ճանապարհով, որդեգրելով «Մեր դեմ խաղ չկա» եւ՝ «Ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքները, իշխանական «թիմը» բացահայտ ճնշումների է ենթարկում «իր թիմին» չհարող ուժերին եւ անհատներին։ Չխնայելով նաեւ ընդդիմությանը, ՍԻՄ-ը փաստեց, որ որոշ կազմակերպությունների անցումը ընդդիմադիր դաշտ, զուտ քարոզչական նպատակ է հետապնդում առաջիկա ընտրություններից առաջ։ ՍԻՄ-ին մտահոգիչ է թվում, որ «անհաշտ ընդդիմությունը բացահայտ քաղաքական շփումների մեջ է մտնում նախկին իշխանություններին ներկայացնող ռեւանշիստական ուժերի հետ»։ ՍԻՄ-ի կարծիքով, ընդդիմության թեւում հայտնված «առանձին ուժեր եւ գործիչներ դրսեւորում են խիստ անհետեւողական եւ անսկզբունքային դիրքորոշում, որի միակ նպատակն է գործադիր իշխանությանը տիրանալը»։ ՍԻՄ-ի համագումարին ներկա էին գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները (նույնիսկ տիկին Սիլվա Կապուտիկյանը), շատերը՝ առաջին դեմքերի մակարդակով։ Սակայն Արտաշես Գեղամյանն, օրինակ, ՍԻՄ-ի՝ խորհրդարանում իր գլխավորած խմբակցության մի թեւի համագումարին ներկա չէր։ Հետագայում, մեր հեռախոսային հարցումին ի պատասխան պրն Գեղամյանն իր բացակայության մասին ասաց, թե կուսակցության նախագահությունն է որոշել, որ ՍԻՄ-ի համագումարին պետք է մասնակցեն իր՝ Արտաշես Գեղամյանի տեղակալը եւ Երեւանի տարածքային կազմակերպության քարտուղարը։ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի կարծիքով, այսօրվա ընդդիմության որդեգրած մարտավարությունն անիրականանալի է, քանի որ պատգամավորների ստորագրություններով կամ հանրահավաքներով այս իշխանությունները հրաժարական չեն տա։ Ասելով, թե ընդդիմության մեջ ընդգրկվածներից շատերը, ժամանակին իշխանական լծակներ ունենալով, դրանք հաջողությամբ չեն իրականացրել, Հայկ Բաբուխանյանը միաժամանակ շեշտեց, թե սույն փաստը իշխանությունների կողմից շահարկելը եւս անընդունելի է. «Այսպես, մենք անընդունելի ենք համարում շահարկումները նախկին վարչապետ Արամ Սարգսյանի մասով, որովհետեւ, այդ փուլում խնդիրը ոչ թե տնտեսական աճ տալն էր, խնդիրը Հայաստանը ներքաղաքական բախումներից, քաղաքացիական պատերազմից ետ պահելն էր»։ Այնուամենայնիվ, ընդդիմության մեջ գտնվողները պետք է քննեն, թե ո՞ւմ հետ են եւ ո՞վ է իրենց կողքին։ ՍԻՄ-ի 14-րդ համագումարում ընդգծվեց, որ իշխանափոխությունը պետք է լինի հերթական ընտրություններում՝ ժողովուրդը հոգնել է հեղափոխություններից, իսկ հեղափոխությունները պետք է մարդկանց հոգիներում տեղի ունենան, որպեսզի մեկ կգ բրնձով եւ ալյուրով չվաճառեն իրենց ձայնը եւ ընտրություններից անմիջապես հետո պահանջեն հրաժարական։ Այս մասով լիովին համամիտ ենք ՍԻՄ-ի վերընտրված փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Պրն Բաբուխանյանն ասաց նաեւ, որ իրենց կարծիքով չկա այն թեկնածուն կամ թեկնածուները, «ովքեր պետք է ղեկավարեն Հայաստանը, որպես երկրի նախագահ։ Այդ թեկնածությունները մեզ չեն ներկայացվում»։ Հասկանալի է, որ հենց ՍԻՄ-ի համագումարում պետք է խոսվեր Հայաստանի Ազգային հերոս Սամվել Բաբայանի մասին։ ՍԻՄ-ը վերջին տարվա ընթացքում անընդհատ արձագանքել է այս խնդրին։ Սամվել Բաբայանի գործով ընթացող դատավարությունը որակվեց որպես պայքար իշխանության համար։ ՍԻՄ-ը պահանջում է. «որպեսզի բացահայտվի իրական դեպքը, իսկ Սամվել Բաբայանը անհապաղ դուրս գա այն բանտից, որտեղ այս ձմեռ նրա առողջությունը կարող է կտրուկ վատանալ»։ Սա հիմնական պահանջներից մեկն է, որ ՍԻՄ-ը դնում է ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների առջեւ. «եւ այն դեմագոգիան, թե ԼՂՀ-ի օրենքներն այլ են, իսկ ՀՀ-ի օրենքները՝ այլ, պետք է հիշել ընտրություններում թեկնածությունը գրանցելու պահին եւ ոչ թե Սամվել Բաբայանին դատելու պահին»։ Սամվել Բաբայանին մեկուսացրին, որովհետեւ, ըստ ԼՂՀ նախագահի, նա կարող էր խանգարել ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ. «Պատահական չէր, որ «27»-ի գործը սկզբում ուղղվեց Ս. Բաբայանի դեմ, որովհետեւ խնդիր կար նրան շարքից հանել։ Չստացվեց այդ ձեւով, ուրիշ ձեւով արեցին։ Եվ սա անձի հարց չէ, սա հայրենիքի հարց է»։ Արկադի Ղուկասյանը արդեն մեկ տարի չի պատասխանել ՀՀ ԱԺ 78 պատգամավորների դիմումին, հնարավորություն չի տրվում, որ պատգամավորը բանտ մտնի եւ «տեսնել ի՞նչ վիճակում են պահվում մարդիկ, ովքեր Հայաստանի Ազգային հերոսներ են»։ «Սահմանադրական իրավունք» միության համագումարը ընդունեց բանաձեւ, որում փաստեց, թե ՍԻՄ-ը «կարող է դիմակայել կլանային եւ արտաքին ուժերի ճնշումներին»։ Հրանտ Խաչատրյանը եւ Հայկ Բաբուխանյանը վերընտրվեցին նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել