Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր

Նոյեմբեր 13,2001 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀԱՇՎԵԿՇՌԻ Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի 55-ամյակը Ասում են, 1998-ի փետրվարի սկզբին, երբ ավարտվում էին իշխանությունը հանձնելու-ընդունելու բանակցությունները, Տեր-Պետրոսյանը ոչ այն է խնդրեց (նա չի սիրում դա անել), այլ պարզապես հարցրեց իշխանություն վերցնողներին՝ ի՞նչ է, պատրաստվում եք Վանոյին հետապնդե՞լ: Եվ պուտչիստները, ասում են, դեմքների հատուկ անմեղ արտահայտություններով, պատասխանեցին՝ ոչ, ի՞նչ եք ասում: Իշխանության գալու հաջորդ իսկ օրը նրանց գլխավոր գործը եղավ Վանոյի դեմ գործ սարքելը եւ իրենց վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցներով հիստերիա բարձրացնելը՝ նախկինների դեմ ընդհանրապես եւ Վանոյի դեմ առաջին հերթին: Հիստերիա, որը շարունակվում է 3,5 տարուց ավելի, եւ, մեղմ ասած, չի նպաստում մեր պետության հեղինակությանը, որովհետեւ լուրջ պետություններում կա իշխանության ժառանգականություն, կա հարգանք անցյալում կատարած բարի, պետական գործերի նկատմամբ: Միայն բոլշեւիկյան մթագնած ուղեղներում է նախորդ ժամանակաշրջանը ներկայանում բացարձակապես սեւ գույներով: Այս ընթացքում հասարակական-քաղաքական «վերնախավում» Վանոյին փնովելը դարձել է գործունեության պարտադիր ատրիբուտ: Ուզո՞ւմ ես դուր գալ Քոչարյանին եւ Սերժին, մի երկու բոցաշունչ ելույթ ունեցիր «Վանոյի հանցագործությունների» մասին, եւ նյութական ու կարիերային հաջողություններդ ապահովագրված են: Ճիշտ է, այստեղ կա ոչ միայն պրագմատիկ հաշվարկ, այլեւ փոքր ու անպետք հոգիների ինքնահաստատման հրճվանք՝ ես անդամն եմ ուժեղի շահերը պաշտպանող ոհմակի եւ իմ փոքրիկ հարվածն եմ հասցնում երբեմնի հզոր մարդուն, որը հիմա ընկած է: «Ամեն մի կատվի ձագ ուժային նախարարի կողքին իրեն առյուծ է զգում»,- ժամանակին ճիշտ նկատեց Վազգեն Մանուկյանը: Պատմությունն, իհարկե, ամեն ինչ կհաշվեկշռի: Հիմա դժվար է ասել, թե արցախյան ճակատում տարած հաջողությունների ո՞ր տոկոսն է ապահովել Սիրադեղյանի ղեկավարած ՆԳ նախարարությունը՝ իր նյութական ու մարդկային ռեսուրսներով: Բայց որ դա կար, ցանկացած բարեխիղճ մարդ պետք է հաստատի: Այո, այդ նյութական ռեսուրսների մի մասը անօրինական էր հավաքագրվում: Գուցե դրա համա՞ր էլ դատենք Վանոյին: Չեմ կարող ասել նաեւ, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե պատերազմի թիկունքում (նախեւառաջ՝ Երեւանում) կարգ ու կանոն չհաստատվեր, եթե քրեական տարրերը այդ ընթացքում չսսկվեին: Այո, դա հաճախ արվում էր կամայականությունների գնով, բայց կա՞ր արդյոք ուրիշ ճանապարհ: Ես չեմ պատկերացմում, թե 1995-ին ինչ ճակատագիր կունենար «Ա1» անկախ ստուդիան, եթե Վանոն չարգելեր ՆԳ-ին միանալ մեր դեմ ծավալված հետապնդումներին: (Այն ժամանակ իշխանությունը մեզ համարում էր «դաշնակ», ինչպես հիմա՝ «ՀՀՇ-ական»): Հիշում եմ այդ ամենը՝ պնդելու համար, որ Վանոն, իր բոլոր թերություններով հանդերձ, պետական մարդ է, եւ իր արած գործերի մեծ մասը վերջին հաշվով ի նպաստ պետության էր: Այսօր խոսել Վանոյի դղյակի մասին, լուրջ չէ, որովհետեւ Քոչարյանի գլխավոր թիկնապահ Գրիշայի կամ թեկուզ ներկայիս ՆԳ նախարարի առանձնատների հետ համեմատած՝ այդ չարչրկված տունը բավականին համեստ է երեւում: Այսօր ծիծաղելի է խոսել նաեւ Վանոյի բերած կորեական «Հունդայների» մասին, քանի որ այժմ ՆԳ-ի վերնախավը երթեւեկում է դրանցից առնվազն տասն անգամ ավելի թանկ «Ջիպերով»: Վերջապես, մեղավո՞ր է Վանոն այն հանցագործություններում, որոնք իրեն վերագրվում են, թե՞ ոչ. ես չգիտեմ: Նման հարցերի պատասխանը կարող է տալ միայն դատարանը: Բայց ոչ այն դատարանը, որը Քոչարյանի գրպանում է եւ որը կթխի նրա թելադրած ցանկացած դատավճիռ՝ այն իր հերթին կհիմնվի Սերժ Սարգսյանին «առընթեր» դատախազ Աղվան Հովսեփյանի սարքած «ապացույցների» վրա: Գործը պետք է քննի այնպիսի դատարան, որը դուրս է քաղաքական խաղերից եւ որեւէ շահագրգռությունից: Նման դատարան այսօրվա Հայաստանում չկա: Իսկ մեծ՝ քաղաքական-փիլիսոփայական առումով Վանոյի մեղքերը (ինչպես ինքը կասեր՝ «ղալաթները») շատ են: Բայց ճիշտ է նաեւ այն, որ ներկայիս իշխանավորների հետ համեմատած՝ նա պարզապես Սանտա Կլաուս է, հին, բարի Սանտա Կլաուս՝ ձմեռային հեքիաթից: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել