Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրիստոնեության

Նոյեմբեր 10,2001 00:00

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉԻ ՊԱՐՏՔԵՐԸ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումներից անմիջապես հետո արդեն հավաստի լուրեր են պտտվում «Քրիստոնյա Հայաստան-1700» ֆոնդի՝ համերգներում ընդգրկված մշակույթի գործիչներին եւ համերգասրահներին պարտք գումարների մասին։ Մի քանիսը, որոնք չէին հերքում ֆոնդի՝ իրենց ունեցած պարտքերը, նաեւ չէին ցանկանում այդ մասին բարձրաձայն ասել։ Անհանգստությունն ակնհայտ է եւ հասկանալի. մարդիկ այդքան ծառայություններ են մատուցել, աշխատանք թափել Խոսրով Մելիքիչի կազմակերպած միջոցառումներին, եւ հանկարծ կարող են իրենց խաբել եւ նախապես պայմանավորված-խոստացած գումարները չտալ։ «Քրիստոնյա Հայաստան-1700» ֆոնդի ընդհանուր պարտքերի չափերի մասին տարբեր թվեր են հնչում՝ 200-600 մլն դրամ։ Ֆոնդի ֆինանսական հարցերով տնօրեն Տարիել Համբարձումյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ 600 մլն-ը աբսուրդ թիվ է եւ գուցե թե այդ պարտքերը կազմեն մոտ 60-70 մլն դրամ։ Մեր տվյալներով, օրինակ, միայն «Արձագանք» ստուդիային Խոսրով Մելիքիչի պարտքը գերազանցում է 1 մլն դրամը։ «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանը զարմացավ, թե որտեղի՞ց գիտենք այդ ինֆորմացիան, որը, փաստորեն, քչերին է հայտնի եւ պարտքի ստույգ չափը, իհարկե, չցանկացավ ասել։ Ե. Պետրոսյանն էլ շատերի պես մտածում է, որ «Քրիստոնյա Հայաստան-1700» ֆոնդը պարտավոր է այդ պարտքերը մարել։ Տարիել Համբարձումյանն ասաց, որ այժմ հենց այդ խնդիրների կարգավորմամբ է զբաղված, եւ լուծման ձեւեր են գտնում։ Օրինակ, որպես լուծման ձեւ՝ նշեց ֆոնդի տպագրած գայդերի ու գրքերի վաճառքի կազմակերպման նախաձեռնությունից ստացվող գումարները եւ կամ ֆոնդի հովանավորների տալիք գումարները։ Խոսրով Մելիքիչի պարտքերի մարման կապակցությամբ սպասողներից մեկը՝ որպես այդ ֆոնդի եւ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովի գործունեության մասին իր կարծիքի մաս, հիշեց Լա Սկալայի համերգը, որի իտալացի մասնակիցներից ձրի համերգ ուզեցին, իսկ փոխարենը Աշտարակի ձորի ռեստորանում մի քանի մլն դրամի հաշիվ փակեցին հյուրասիրության համար։ Ինչ խոսք, Լա Սկալայի համերգների գների հետ ոտք չէինք կարող գցել. եթե անվճար չգային՝ համերգը պարզապես չէր լինի։ Սա այլ խնդիր է, մեր հայրենակիցների պարտքերը՝ այլ։ Եվ անհավատալի է, թե գայդեր կամ գրքեր վաճառելով պարտքեր կմարվեն, հարցերը կլուծվեն։ Ժամանակակից գրողներից մեկն այս առիթով շատ լուրջ ասաց. «Ռոբերտ Քոչարյանն արդեն ի սկզբանե էր այդ հարցը լուծել՝ Խոսրով Հարությունյանին այդտեղ նշանակելով. գիտեր, որ Խ. Հարությունյանը կարողանում է առանց փող տալու մարդկանց աշխատեցնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել