Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թվերի տրամաբանությունը

Նոյեմբեր 10,2001 00:00

1993-95ԹԹ. ԷՆԵՐԳԱՎԻՃԱԿ Թվերի տրամաբանությունը Արդեն որերորդ տարին շարունակվում է ծավալվող քաղաքական շահարկումն ու էներգետիկայի վիճակի մասին ինչ է եղել, ինչպես է եղել, ինչու է եղել հարցերը մնում են օդում կախված, քանզի անգամ իրավապահների գործողությունները չեն գոհացնում հանրության զգալի մասին։ Ըստ ինձ՝ ոչ այն պատճառով, որ դրանք անբավարար են կատարվում։ Մինչ հիմնական նյութին անցնելը, որը կարվի միմիայն պաշտոնական ու մասնագիտական թվերի օգնությամբ, ոչ հեռավոր անցյալի վերաբերյալ մի հարց ուղղենք մեր մարդկանց. խորհրդային տնտեսվարությանը այդպես էլ չհաջողվեց հասնել այն վիճակին (բացառությամբ 70-ականների մի հատվածի), երբ վաճառքում միաժամանակ լինեին միսն ու ոսպը, կաթն ու լոլիկը, պանիրն ու կարտոֆիլը, ձուկն ու կաղամբը, վաճառասեղաններին այդպես էլ չհայտնված բազմազան կանաչեղենն ու մասամբ՝ մրգերը։ Այդ դեպքում ինչո՞ւ ոչ ոք չի խոսում քաղբյուրոականների իրագործած պարենային տեռորի մասին։ Չէ՞ որ իրողություն է՝ հիշատակված բոլոր պարենամթերքները մեր խոհանոցներում կային միայն այն բանի արդյունքում, երբ հարկավոր էր պատվախնդրությունը մոռացության տալով՝ հրմշտահերթեր խցկվել կամ դիմել ամենազոր առեւտրի աշխատողի օգնությանը։ Թեմայից հիմնավորապես չշեղվելու նպատակով ընդամենը նշենք, որ համայնավարություն իրագործող Կուբայում այսօր էլ առկա է արժանապատվությունը վիրավորող կտրոնային մատակարարումը, իսկ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշով երկիրը էապես զիջում է իր հարեւանների մեծ մասին։ Այստեղ թերեւս արժե խոսել քաղաքական տեռորի մասին։ Վերադառնանք թեմային։ Այստեղ հանրահայտ տեսակետն այն է, որ 1993-95 թվականների էներգետիկ ճգնաժամը որոշ անհատների եւ ուժերի մեկնաբանմամբ պայմանավորված է էներգակիրները լափելու հանգամանքով։ Այդ տարիների իրավիճակին վայել հիմնական փաստարկն էլ այն է, որ թեեւ ցույց է տրվել 6 մլրդ կվտժամ էլարտադրություն, որն, ասենք, մեր լավագույն ինքնաբավության տարիներից 1985 թվականին արտադրվածի ու սպառվածի մոտ կեսն է, սակայն այդչափ էլօգտագործում խավարի հռչակված շրջանում չկար։ Որ էներգակիրների ինչ-որ քանակություններ գողացվել են, հայտնի արտահայտությունից ավելի խիստ որակումից էլ առավել, ոչ ոք չի վիճարկում, որ դրանց մեկ տասներորդ մասի հափշտակման համար անգամ հարկավոր է խստագույն պատիժներ կիրառել, դա եւս անժխտելի է։ Բայց ահա երբ էներգետիկ ինքնաբավության ցուցանիշ է ներկայացվում 6 մլրդ կվտժամի կրկնապատիկը, սա արդեն, մեղմ ասենք, բանի նման չէ։ Այո, 1980-ականներին ՀՍՍՀ-ում սպառվել է 12-13 մլրդ կվտժամ. բայց չէ՞ որ երկրի էներգետիկ հաշվեկշիռը միայն էլեկտրաէներգիայի ձեւով չի եղել. պարզ մի դիտարկում կատարենք։ Մեզնից որեւէ մեկի ընտանիքը, բնակվելով 2 սենյականոց բնակարանում, ամսական ծախսում էր, ասենք, 150 կվտժամ, նույն այդ ընտանիքը խոհանոցում ու լոգարանում գազ էր այրում, իսկ ձմռան 4-5 ամիսներին տունը տաքացվում էր ջեռուցման համակարգի միջոցով։ Հիմնարկ-ձեռնարկություններում հարյուրավոր կաթսայատներ էին գործում, որտեղ ջերմային էներգիան ստացվում էր ինչպես գազի, այնպես էլ մազութի ու քարածխի օգնությամբ։ Այնպես որ, երկրի էներգետիկ հաշվեկշիռը նույնացնել էլեկտրաէներգետիկ կարողունակության հետ, նշանակում է հիմնարար սխալ թույլ տալ։ Թեեւ անցած 4-5 տարիներին այս մասին հիշատակվել է ոչ մեկ անգամ, սակայն սխալը շարունակվում է։ Հենց այս տարվա գարնանը հնչեղ անվանմամբ մի կուսակցություն ՀՀ գիտությունների ակադեմիայում գիտագործնական միջոցառում անցկացրեց «Հայաստանի էներգետիկ ապագան» խորագրով, ուր ընդամենը փորձ արվեց խոսել ՀՀ-ում էլեկտրաարտադրության մասին։ Եթե լրիվ անկեղծ գտնվենք, պետք է ընդունենք, որ Հայաստանում էներգետիկայի մասին հիշատակումը վաղաժամ է, քանզի չունենք էներգակիրների որեւէ պաշար, ՀՀ էներգետիկայի նախարարությունն էլ ընդամենը էլարտադրության նախարարություն է։ Փորձենք վերադառնալ արդեն հիշատակված էներգետիկ հաշվեկշիռ հասկացությանը։ Այն 1985 թվականին բաղկացած էր ներկրված 7 մլրդ խմ գազից, մոտ 2 մլն տոննա մազութից, 1 մլն տոննա քարածխից, Մեծամորի ԱԷԿ-ում եւ հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայից։ Հիշատակված էներգակիրները պայմանական կվտժամերի վերածելու պարագայում, գազից ստանում ենք 21 մլրդ կվտժ, մազութից՝ 5 մլրդ, քարածխից՝ 2 մլրդ, գումարած ԱԷԿ-ի 5,7 մլրդ-ն եւ ՀԷԿ-երի մոտ 2 մլրդ-ն։ Ստացվում է պայմանական մոտ 36 մլրդ կվտժ։ Երկրի 100 տոկոս էներգահաշվեկշիռն ունենալու համար պահանջվում է նաեւ հաշվառել օգտագործված բենզինը, նավթն ու սոլյարայուղը, բայց այսօր քննարկվող թեմայում դրանց անհրաժեշտությունը էական չէ (1993-95թթ. օգտագործված դիզշարժիչների արտադրած էլէներգիան դժվար թե հաշվառման համար էական մի քանի 100-միլիոնավոր կվտժամեր կազմի)։ Եվ այսպես, ի՞նչ ունենք պայմանական 36 մլրդ կվտժամի դիմաց. մոտ 6 մլրդ կվտժ էլարտադրություն, այրված վառելափայտ եւ օգնության նավթ։ Ըստ անտառի մասնագետների, տարեկան անտառհատումը կազմել է պաշտոնական տեղեկատվության 8-10-ապատիկը, 700-800 հազար խմ, որը համարժեք է 350 մլն կվտժամի։ Մոտ 100 մլն կվտժամ էլ ստացվում է օգնության նավթի ջերմատվության արդյունքում։ Ինչքան էլ ձգենք, ՀՀ 1993-95 թվականների էլեկտրահաշվեկշիռը 7 մլրդ կվտժամի չի հասնում, որը ստացվում է 1980-ականների հազիվ 20 տոկոսը։ Եթե արձանագրենք, որ ՀՀ կենսապահովման ոլորտը այդ շրջանում կանոնավորապես գործում էր, որը երաշխավորեց հաղթանակը պատերազմում, ոլորտից էլ մնացած էլծախսի պարտքերը մինչեւ օրս հաշվառվում են, ստացվում է, որ լավագույն տարիների 20 տոկոս մասնաբաժինը ի զորու չէր ապահովել ակնկալվող համապարփակ ինքնաբավությունը։ Անգամ եթե բացառենք գողանալու ու լափելու գործոնները, էլեկտրաէներգետիկ հաշվեկշիռը կրկնապատկենք, որը քիչ տրամաբանված է, ստացվում է 1980-ականների 30-32 տոկոսը։ Վերհիշելով հայտնի ասացվածքը, արժե արձանագրել. այրված մոմերը չարժեն ծավալված խաղը։ Հանրահայտ ժամանակաշրջանին նման մոտեցում ցուցաբերողին կուզեք նախկին հռչակված իշխանության լակեյ հռչակեք, կուզեք՝ նորերի կամակատար, դրանից հիշատակված թվերի տրամաբանությունը էապես փոփոխել հնարավոր չէ։ Լավագույնը, ինչ կարելի է անել, հայտնաբերված փաստերի առիթով քրգործերի հարուցումն է եւ պարտքերի մարման գործընթացը (ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության՝ դրանք անցնում են 10 մլն դոլարը)։ Հանեք այս թիվը շրջանառվող 200 մլն դոլար 7 տարիներ հաշվառվող հափշտակումից, ավելացրեք վերականգնվածը եւ գործընթացում գտնվող թվերը՝ պատկերը առավել կամբողջանա։ Թե ինչքանով կարող է այս գործընթացն իրականացնել ՀՀ էներգետիկայի նախարարությունը, հարցի մի կողմն է։ Որոշ թերահավատություն առաջանում է այն հանգամանքից, որ հիշյալ նախարարությունը ցանկալի ակտիվ պահվածք չունի երկրի էլեկտրաէներգետիկ ապագայի հանդեպ, որի արդյունքում անհնարին չէ դառն իրավիճակի կրկնությունը։ Հարաբերական էլինքնաբավությունը հաճախ ներկայացվում է որպես էլէներգիա արտահանելու հնարավորություն, չգիտես ինչու, ոչինչ չասելով ձմռան շրջանում Իրանից իրագործվող 100 միլիոնավոր կվտժամի ներհոսքի մասին։ Ի՞նչ նկատի ունենք հարաբերական էլինքնաբավություն ասելով։ Հիմնահարցն այն է, որ այսօր այն երկրներն են զարգացում ապրում եւ ներդրումային հետաքրքրություն ներկայացնում, ուր մեկ բնակչի հաշվով 1 ժամում արտադրվող էլքանակը մոտ կամ արդեն ավելին է 1 կվտժամից։ Զարգացման առավել բարձր ցուցանիշների հասած երկրներում մեկ բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը տատանվում է 8.000-26.000 կվտժամերի միջեւ, Հայաստանում՝ 2.000 կվտժամ։ Ինչքան կարող է աճել մեր թիվը։ ՀՀ էլէներգետիկ համակարգի կայանների լավագույն ցուցանիշները հետեւյալներն են. (1985թ.) ջերմակայաններ՝ 8,2 մլրդ կվտժ, ԱԷԿ (2 բլոկը)՝ 5,7 մլրդ կվտժ, հիդրոկայաններ՝ 1,8 մլրդ կվտժ։ Եթե արձանագրենք, որ ՋԷԿ-երը անցած 15 տարիներին մաշվածության են ենթարկվել, ԱԷԿ-ը գործում է 1 բլոկով, գետերի ջրառատությունն էլ, կարծես, նվազել է, ստացվում է, որ առավելագույնը, որ կարելի է ակնկալել ՀՀ էլհամակարգից, 8-9 մլրդ կվտժամերի շրջագիծն է, մեկ բնակչի հաշվով՝ մոտ 2.500 կվտժ։ Այս թիվը կարելի է տանելի համարել, եթե այն աճի դրսեւորում ունենա. ցավոք, մեր 2 ՋԷԿ-երն էլ սպառել են իրենց աշխատանքի 250.000 ժամերը, 2004 թվականից հետո պարզ չէ ԱԷԿ-ի ճակատագիրը, գետերի ջրերն էլ նվազում են… Երբ խոսվում է այս մասին, համակարգի որոշ մասնագետներ ու պաշտոնյաներ դրանք յուրովի մեկնաբանությունների են արժանացնում, որոնց տրամաբանությունը մեկն է. պետք չէ անհանգստության մթնոլորտ ստեղծել։ Թե ինչքանով է այն արդարացված՝ կզգանք առաջիկա ձմռան ընթացքում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել