Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամա

Նոյեմբեր 10,2001 00:00

Մոսկվան գերադասել են Լեոնից «Առավոտի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունն ընթանում է առանց Հայաստանի հավաքականների մասնակցության։ Երեւույթը մեզ տարօրինակ թվաց, քանի որ մեր հանրապետության տղամարդկանց ընտրանին առայժմ կրում է Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը եւ, բացի դա, բոլորովին վերջերս Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի թիմային երրորդ մրցանակը։ Ինչո՞ւ են մեր թիմերը հրաժարվել այս կարեւոր մրցաշարին մասնակցելուց, խնդրեցինք մեկնաբանել ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանին։ – Պատճառները մի քանիսն են,- ասաց նա։- Սկսենք ֆինանսականից։ Ի տարբերություն աշխարհի առաջնության կամ, ասենք, համաշխարհային օլիմպիադաների, որտեղ մասնակից թիմերը հոգում են միայն ճանապարհածախսը, Եվրոպայի թիմային առաջնություններում նախատեսված է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր ինքն է հոգում նաեւ հյուրանոցային եւ սննդի հարցերը։ Եվ քանի որ մասնակցել կարելի է միայն ամբողջական կազմերով, ապա դա հսկայական գումար է կազմում։ Նկատի ունեցեք, որ տարեվերջ է, պետական կառույցը չունի այդքան միջոցներ։ Նույն վիճակում է նաեւ ֆեդերացիան։ Եթե մեր շախմատիստներին ուղարկեինք Իսպանիա, պատվիրակությունը բաղկացած կլիներ առնվազն 10 հոգուց։ Միայն ճանապարհածախսը կազմելու էր շուրջ 7000-8000 դոլար։ Մոտավորապես այդքան էլ, եթե ոչ ավելի, լինելու էր գիշերավարձը եւ սնունդը։ Դա այսօրվա վիճակով մեր ուժերից վեր գումար է։ Բացի դա, նոյեմբերի վերջին Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի անհատական առաջնությունը, եւ մեր առաջատար գրոսմայստերները, որ կազմում են թիմերի կորիզը, այնտեղ իրենց ուժերը փորձելու հնարավորություն ունեն։ Այնպես որ, նրանք նպատակահարմար չգտան մոսկովյան մեկնարկից անմիջապես առաջ հանդես գալ մեկ այլ ոչ պակաս ծանր մրցաշարում։ Ասեմ նաեւ, որ մոտավորապես նույն պատճառներով Իսպանիա չեն մեկնել Ռուսաստանի ու Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Հունգարիայի հավաքականները։ – Թեեւ արդեն տեղեկացրել ենք, թե ովքեր են Մոսկվայում պաշտպանելու Հայաստանի մարզական դրոշի պատիվը, վատ չի լինի, որ Դուք էլ մեկ անգամ հիշեցնեք։ – Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնելու գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ – Հայտնի է, որ մոսկովյան առաջնության վիճակահանությունն արդեն կայացել է, հայտնի են մեր շախմատիստների մրցակիցները։ Հիմա մերոնք ինչո՞վ են զբաղվում։ – Յուրաքանչյուրն անհատապես նախապատրաստվում է աշխարհի անհատական առաջնությանը։ Ասեմ, որ բոլորն էլ Երեւանում են։ – Վերադառնանք Եվրոպայի թիմային առաջնությանը։ Որքան տեղյակ եմ, ռուսները հրաժարվել են նաեւ պատճառաբանելով, որ Եվրոպայում խաղալու համար իրենց ֆեդերացիան քիչ է ցանկանում վճարել։ Մեզանո՞ւմ էլ այդպիսի խնդիրներ կան։ – Այո։ Այլ բան է, որ մենք այդ մասին չենք խոսում։ Ընդհանրապես ընդունված կարգ է, որ բարձրակարգ շախմատիստներ այս կամ այն մրցաշարին մասնակցելու համար գումար են ուզում։ Այդ հարցը մեզ մոտ, սովորաբար, ֆեդերացիան է լուծում։ Մենք միշտ էլ կարգավորել ենք այդ խնդիրները, բայց այդ մասին բարձրաձայն չենք ասել։ Անկեղծ պիտի լինեմ, այս անգամ նման հնարավորություն չունեինք։ Ասեմ, որ բոլորովին վերջերս Երեւանում աշխարհի թիմային առաջնության ժամանակ մենք էլ մեր շախմատիստների պահանջները բավարարելու հնարավորություն ստեղծեցինք։ – Իսպանիան՝ որպես կազմակերպիչ երկիր, պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու ռուսների պատվիրակության ծախսերի մի մասը… – Այո, նրանք առաջարկել էին գիշերավարձը եւ սննդի գումարը իրենց վրա վերցնել՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի նման ուժեղ թիմի մասնակցությունը ցանկալի է։ Բայց միեւնույն է, մերժվեցին, որովհետեւ, ենթադրում եմ, ռուս շախմատիստներն իրենց ֆեդերացիայից մասնակցելու համար գումարներ էին պահանջել։ – Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ – Յուրաքանչյուրին 2000- 3000 դոլար։ – Հետաքրքիր է, մեր շախմատիստներն ի՞նչ գումարներ են պահանջում։ Ենթադրում եմ, ավելի քի՞չ։ – Ամենեւին։ Նույն գումարներն են, որ մենք հիմնականում կարողանում ենք հայթայթել։ Ի՞նչ է, ձեզ թվում է, թե նրանք ձրի՞ են խաղում։ Ըստ էության, մենք մերոնց ավելի շատ ենք տալիս, քան շատ այլ երկրների ֆեդերացիաներ, ասենք, Ուկրաինան, որտեղ խոսքը շուրջ 1000 դոլարի մասին է։ – Օգտվելով առիթից պիտի խնդրեմ Ձեզ, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, գնահատել աշխարհի թիմային առաջնությունում մեր հավաքականի մրցելույթը։ – Մինչեւ հիմա էլ բոլորը մեզ շնորհավորում են. մեր թիմը կրկնեց նախորդ առաջնության իր արդյունքը։ Դա, ինչ խոսք, բարձր ցուցանիշ է։ Հավանաբար, այսօր Հայաստանում չկա մեկ այլ թիմ, որ կրի աշխարհի բրոնզե մեդալակրի կոչումը։ Բայց դե մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք։ Մեզ համար պարզ է, որ Հայաստանի թիմի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան իրենց ցույց տված ցուցանիշն է։ Ինձ թվում է, թե ամեն բան սկսվեց երրորդ տուրից հետո, սխալ տակտիկա ընտրելուց։ Ռուսաստանի պես ուժեղ թիմի նկատմամբ առավելության հասնելով, գուցե կարծեցին, թե բոլորին էլ կհաղթեն։ Բայց պարզվեց, որ ամենեւին էլ այդպես չէր։ Պետք էր հանգիստ խաղալ։ Եթե այդպես վարվեին, կարծում եմ, գոնե երկրորդ տեղը կգրավեին։ Մեկնարկային երեք տուրից հետո 12 հնարավորից 11 միավոր ունենալը առաջին տեղի լուրջ հայտ էր։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել