ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՀԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ Հայ ծանրորդները երկրորդ արծաթե մեդալը նվաճեցին Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Այս անգամ գերազանց հանդես եկավ 84 կգ քաշային, արմավիրցի Գագիկ Խաչատրյանը։ Շրջապատված այնպիսի անվանի մարզիկներով, ինչպիսիք են Գեորգի Ասանիձեն (Վրաստան), Էռնեստո Խիրոգան (Կուբա), Գեորգի Գարդնը (Բուլղարիա), Շահին Նասիրինխան (Իրան), Ալեքսեյ Անիշչանկան (Բելառուս), Գագիկն իրեն պահեց արժանապատիվ։ Եվ ավելին, պոկում վարժությունում նա պայքարը սկսեց 175,0 կիլոգրամից, այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն իրենց հնարավորությունների վերին սահմանագծին մոտ քաշեր էին պատվիրել, իսկ գլխավոր մրցակիցները որոշել էին, համենայնդեպս, ապահովագրել իրենց։ Մասնավորապես, Ասանիձեն եւ Անիշչանկան բարձրացրել էին 172,5 կգ-ն ու սպասում էին Գագիկի հերթին։ Հայ ծանրորդի առաջին իսկ փորձը հաջող էր։ Երկրորդ մոտեցումով վրացի մարզիկը հաղթահարեց 177,5 կիլոգրամը, իսկ Անիշչանկան դա արեց միայն եզրափակիչ փորձահերթում։ Առաջին մրցաձեւում հաղթող դառնալու համար ասպարեզում մնացին Գագիկն ու Գեորգին։ 180,0 կգ ծանրաձողը, որ պատվիրել էր Խաչատրյանը, սկզբում չենթարկվեց նրա կամքին, սակայն երրորդ մոտեցմամբ նա գլխավերեւում պահեց իրենից անհամեմատ ավելի ծանր կշռող մետաղը։ Ճիշտ է, Ասանիձեն նույնպես կրկնեց այդ արդյունքը, սակայն անձնական քաշով ավելի թեթեւ հայ ծանրորդը դարձավ «պոկում» վարժությունում աշխարհի չեմպիոնը՝ Հայաստանի հաշվարկին բերելով առաջին, թեեւ փոքր ոսկե մեդալը։ Հաջող մեկնարկը հույս էր ներշնչում, որ արմավիրցի ծանրորդը ի վիճակի կլինի այն է՛լ ավելի զարգացնել հրում վարժությունում եւ երկամարտում նույնպես բարձրանալ պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Ու դա միանգամայն հնարավոր էր, եթե իր «սեւ» գործը չաներ աջ ծնկի հին վնասվածքը։ Ի դեպ, նույնիսկ հեռուստաէկրանին դեռ առաջին մրցաձեւում նկատելի էր, որ Գագիկը մի թեթեւ «կաղում» է։ Այդուհանդերձ, ցուցաբերելով ոչ միայն մրցակիցների, այլեւ՝ ցավի դեմ պայքարելու մեծ կամք (դա երեւում էր նաեւ նրան մրցահարթակ ուղեկցող մարզիչներ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Փաշիկ Ալավերդյանի դեմքի արտահայտությունից), Գագիկը սկզբում սանձեց 205,0 կիլոգրամը, այնուհետեւ գլխավերեւում պահեց 207,5 կիլոգրամանոց ծանրաձողը։ Ասանիձեն եւ պայքարին միջամտած կուբացի Էռնեստո Խիրոգան երկրորդ մոտեցումով ցույց տվեցին միեւնույն 210,0 կգ արդյունք։ Ավաղ, այդ կիլոգրամները չենթարկվեցին Գ. Խաչատրյանի կամքին։ Նա գետնից կտրեց ծանրաձողը, սակայն ծնկի ցավից այն բաց թողեց՝ ինքն էլ «տապալվելով» մրցահարթակին։ Երկրորդ վարժությունում չեմպիոն դարձավ Գեորգե Ասանիձեն (210,0 կգ)։ Նույն արդյունքով փոքր «արծաթին» տիրեց Էռնեստո Խիրոգան, բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուսցի Ալեքսանդր Անիշչանկային (207,5 կգ)։ Գագիկ Խաչատրյանը այս անգամ չորրորդն էր նույնպես 207,5 կգ-ով։ Իսկ ահա երկամարտում մրցանակային եռյակը կազմվեց հետեւյալ հաջորդականությամբ. 1. Գեորգե Ասանիձե (390,0 կգ), 2. Գագիկ Խաչատրյան (387,5), 3. Ալեքսանդր Անիշչանկա (385,0)։ Երեկ մինչեւ 94 կգ քաշայինների պայքարի օրն էր։ Հայաստանն այստեղ ներկայացնելու էր գյումրեցի Հակոբ Փիլոսյանը։ Մեկ այլ հայազգի ծանրորդ Ալեքսան Կարապետյանը, հանդես էր գալու Ավստրալիայի դրոշի ներքո։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ