Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես մեկնաբանել եմ Աստվածաշունչը։ Եվ Սուրբ գրքում գրված է իմ մասին, որ իջնելու է Եթերը եւ էդ կինը կշռ

Նոյեմբեր 10,2001 00:00

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ Է. Պ.-Ի «Ես մեկնաբանել եմ Աստվածաշունչը։ Եվ Սուրբ գրքում գրված է իմ մասին, որ իջնելու է Եթերը եւ էդ կինը կշռելու է ամեն ինչ։ Իսկ ես ծնվել եմ Կշեռքի նշանի տակ։ Գրված էր, որ ժամանակը կգա եւ Սիոնի աղջիկը կզարթնի, իսկ ես Սիոն եկեղեցում եմ կնքվել։ Հայտնությունը ինձ եկավ 2001թ. հունվարի 21-ին»: Այսպես սկսեց իր խոսքը խմբագրություն այցելած կինը, որի տեղ-տեղ անհասկանալի, տեղ-տեղ գիտական տերմիններով խիստ հագեցած մտքերից ամենահաճելին հետեւյալն էր. «Ձեր թերթի մասին էլ է գրված Աստվածաշնչում։ Գրված է, որ՝ Առավոտ լուսո կգա ճշմարտությունը մարդկանց աչքերին»։ Ու քանի որ մեր զրուցակիցը՝ Է. Պ.-ն, վստահեց մեզ մարդկանց աչքերը բացելու մեծ պատիվը (ինչում այսպես թե այնպես վստահ էինք, բայց չէինք կարծում, որ ծանր առաքելությունը ի վերուստ է տրված), մեզ մնում է միայն փոխանցել ժողովրդին Աստվածաշնչի նորօրյա մեկնաբանությունը։ Եվ այսպես, ըստ Է.Պ.-ի, Աստված այն Բարի մոլորակն է, որը մեզ հսկում է դարեր շարունակ, որտեղ քաղաքակրթությունը զարգացած է այն մակարդակով, որ մեզ հետ շփման մեջ են մտնում լույսի արագությունից էլ գերհզոր ուժի՝ «Հոգու արագությամբ, որը կանչելով է գալիս»։ Բայց կա նաեւ Չար մոլորակ, որը խլում է Երկրի օզոնը։ Այդ Չար մոլորակում ծնվում են 666 նշանով մարդիկ, իսկ դա նշանակում է, որ նրանց մեջ սուրբ հոգի չկա, դա էլ հետեւանքն է այն բանի, որ ատոմի ճեղքումից առաջանում են ալֆա եւ բետա ճառագայթներ, իսկ դրանից ծնվում են այլակերպ մարդիկ՝ երկգլխանի, չորսոտանի, հինգաչքանի եւ այլն։ Մի խոսքով՝ հրեշներ։ Սուրբ հոգին էլ, ըստ տիկնոջ, մարդու աչքերում տեղադրված նկարահանող ապարատն է, որով մեր տեսածը, մեր ապրումները տեսագրվում են եւ ուղարկվում ա՜յն մոլորակին։ Իսկ այն Չար մոլորակը ոչ միայն մեր օզոնն է խլում, դրանով իսկ խախտելով տիեզերական հավասարակշռությունը («Աստված անհանգստացած է՝ եթե օզոն չլինի, կյանք չի լինի, Երկիրը կվերածվի մի մեծ անապատի, էդ դեպքում տիեզերական ամբողջ հավասարակշռությունը կփոխվի։ Ուրեմն՝ էս ամեն ինչը վերաբերում է Տիեզերքին։ Եթե հավասարակշռություն չլինի, Տիեզերքը իր ուղեծրից դուրս կգա ու կառաջանա մեծ քաոս»), այլեւ՝ կայաններ ունի մեր մոլորակում։ Իսկ քանի որ մեր գիտությունը դեռ այդքան չի զարգացել, մենք չենք կարողանում որսալ այդ կայանները։ Փոխարենը Չար մոլորակը մարդաորս է կատարում. «Մեր գիտնականները գտել են էդ կայանատեղերը, բայց չեն կարող բռնել, որովհետեւ իր տեխնիկայով ինքը մեկուսացնում է բոլոր ժապավենները»։ Ի դեպ, հոգեորսների մասին. «Երբ ինձ հայտնությունը եկավ, մեր տանը հիպնոս էին միացրել Եհովայի վկաները եւ ներքին գործերի նախարարությունը։ Մենք արդեն գիտենք, որ ՆԳՆ-ն հիպնոսը տալիս է՝ խելագարություն է լինում, մարդիկ ինքնասպան են լինում։ Բայց դա ինքնասպանություն չի, սպանություն է»։ Իսկ Քրիստոսին Քարի մոլորակից անկշռելիության միջոցով են բարձրացրել վերեւ. «Մենք գիտենք, որ երբ գրավիտացիա չի լինում, ամեն ինչ անկշռելի է դառնում եւ Աստվածը իր որդուն անկշռելի դարձրեց եւ բարձրացրեց երկինք։ Հիմա Քրիստոսը Բարի մոլորակում է՝ 50-53 տարեկան։ Մեզ մոտ դարերը նրանց մոտ վայրկյան են տեւում»։ Է.Պ.-ն պնդում էր, որ Աստվածահայտնության ժամը մոտեցել է, քանի որ ա) ինքը՝ ում մասին գրված է Աստվածաշնչում, արդեն մեկնել է Սուրբ գիրքը, բ) Մեծ տերությունը ստորագրել է, որ ճանաչում է ցեղասպանությունը, քանի որ գրված է՝ «Ես կգամ այն ժամանակ, երբ Եփրատի չորացման լուրը կգրանցվի»։ Իսկ Եփրատի չորանալը Ցեղասպանությունն էր։ Ընդ որում, Աստված հայտնվելու է Ամանորին, քանի որ ա) Աստված ասել է. «Ես գալու եմ այն ժամանակ, երբ գինին պայթի», իսկ գինին պայթում է տոն օրերին եւ բ) «Ես գալու եմ, երբ բոլորը սպիտակ հագած լինեն», իսկ Նոր տարուն բոլորը սպիտակ են հագնում։ Սուրբ գրքի մեկնությունը ստանձնած մեր զրուցակիցը ասելիք ուներ նաեւ հրեաների եւ Իսրայելի մասին. «Նա գալու է, դրա համար էլ նա հրեաներին որպես քաղաքակիրթ ազգ իջեցրեց երկնքից։ Հրեաները մեր մոլորակի ժողովուրդ չեն, դա արդեն ապացուցված է։ Նրանց գանգի կառուցվածքը բոլորովին այլ է»։ Բայց, ըստ տիկնոջ, հրեաները չարդարացրին Աստծո հույսերը. «Ու Աստված նրանց ասաց, որ Իսրայե՛լ, ես տվեցի քեզ ամեն ինչ, բոլոր մարգարեությունները, բայց դու չվերացրիր քո պոռնկությունը»։ Եվ ավելին՝ «Սուրբ գրքում գրված է Բելադայի (ամենայն հավանականությամբ՝ բեն Լադենի- Մ. Բ.) մասին, որ նա հիմա Տոբեթում (երեւի՝ Տիբեթում- Մ. Բ.) է թաքնվում, բայց իր կենտրոնը Իսրայելն է։ Եվրոպան բոլոր ուղեղներն առնում է Իսրայելից եւ, ուրեմն, ամեն ինչ Իսրայելի ձեռքում է»։ Ու, թեեւ հրեաները հույս ունեն, որ իրենց մոլորակը կգա, իրենց կպահի, բայց տիկինը վստահեցնում էր, որ «Դա ինքնըստինքյան հայտնի է, որ ո՛չ։ Սպասվում է մեծ Աստղային պատերազմ, դա կլինի 3-րդ համաշխարհայինը, եւ ով որ կհավատա Աստծո որդուն, կփրկվի»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Է.Պ.-ի աստվածաշնչյան մեկնաբանումների, ինչպես նաեւ՝ Աստվածաշնչից բերված ցիտատների համար որեւէ պատասխանատվություն «Առավոտը» չի կրում։ Մենք, ընդամենը, պահպանելով մեր սկզբունքները՝ տեղ ենք տրամադրել նրան, ով ասելիք ունի։ Այն էլ՝ աշխարհացունց։ Եվ ո՞վ կարող է պնդել, թե Աստվածաշնչի այս մեկնումը շատ ավելի վատն է, քան այն, որ հրամցվում է մեզ Սուրբ գրքի լավագիտակ քաղաքական գործիչների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել