Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցն էլ է վիրավորված

Նոյեմբեր 10,2001 00:00

Դպրոցն էլ է վիրավորված Կարդալով 2.11.01թ. «Առավոտ» թերթում զետեղված «Ուսուցչուհին դպրոցից գնացել է վիրավորված» Ն. Հովհաննիսյանի հոդվածը՝ առաջին զգացումը, որ ունեցանք, վիրավորանքն էր։ Մի՞թե ձեր լրագրողուհին, նյութ ստանալով, դրա տպագրումը այնքան հրատապ համարեց, որ նույնիսկ անհրաժեշտ չգտավ բերված փաստերը ճշտելու։ Եթե հարգելի Նաիրա Հովհաննիսյանը լիներ դպրոցում, ծանոթանար մեր աշխատանքային մթնոլորտին եւ փորձեր ճշտել դպրոցի նախկին ուսուցչուհի տիկին Ս. Խաչատրյանի բերած փաստերը, ապա, ամենայն հավանականությամբ, հոդվածը գրելու, մի ամբողջ աշխատակազմ՝ ի դեմս տնօրենի, հանրապետությունով մեկ հրապարակ հանելու, եւ դրանով իսկ արդեն դպրոցին վիրավորելու կարիքը չէր լինի։ Ճիշտ է, ուշիմ ընթերցողը կհասկանա, որ հոդվածագիրն ընդամենը ուսուցուհու տեսակետն է ներկայացրել։ Սակայն պետք չէ մոռանալ, որ «խոսքը գնդակ չէ, թռավ՝ էլ չես բռնի»։ Բոլորովին ցանկություն չունենալով բերված փաստերից որեւէ մեկի առիթով արդարանալու՝ պետք է ասել, սակայն, որ դպրոցի տնօրենը երբեք չի «բարկանա» ծնողի՝ այս կամ այն դասվարին նախընտրելու փաստի առնչությամբ։ Ասենք նաեւ, որ ռուսերենի խորացված ուսուցման թույլտվություն դպրոցը ստացել է ոչ թե այս տարի, այլ 1998թ., որ տարրական դասարաններում երգ-երաժշտություն, ֆիզկուլտուրա, կերպարվեստ, օտար լեզու (ռուսերեն, անգլերեն) առարկաները դասավանդում են մասնագետները, եւ նրանք բոլորն էլ նույն «ծնողական» վերաբերմունքն ունեն այդ պայծառ էակների նկատմամբ։ Հարգարժան Ն. Հովհաննիսյանը միանգամայն իրավացի է՝ ասելով, որ դպրոցը ավանդույթ է ունեցել դպրոցից հեռացող ուսուցիչներին (ոչ միայն կենսաթոշակի անցնելու պատճառով) հանդիսավոր պայմաններում՝ որեւէ միջոցառման շրջանակներում, երախտիքի ջերմ խոսքերով, հուշանվերներով հրաժեշտ տալը։ Այնպես որ, տիկին Ս. Խաչատրյանը գիտեր, որ այդ նույն վերաբերմունքը լինելու էր նաեւ իր նկատմամբ, որի մասին շատ հպանցիկ նշվում է հոդվածի վերջում։ Այո՛, ուսուցչի օրվա առթիվ տնօրինությունը իր շնորհակալագրերը հանձնեց դպրոցի մի շարք ուսուցիչների, իսկ տիկին Ս. Խաչատրյանի համար գործընկերները պատրաստել էին նաեւ մի փոքր հուշանվեր։ Սակայն նա ժամանակից շուտ, անհասկանալի պատճառներով վիրավորվել էր։ Ասենք նաեւ, որ 63-ամյա ուսուցչուհու հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր մեկ տարով եւ, որ նա աշխատանքից ազատվել է պայմանագրային ժամկետը լրանալու եւ համապատասխան դասաժամ չլինելու պատճառով։ Հարգանքներով՝ Երեւանի Վ. Դավթյանի անվան թիվ 149 դպրոցի աշխատակազմ Հրապարակումը 4 օր հետաձգվում էր հենց տնօրենի հետ փաստերը ճշտելու համար։ Սակայն, ինչպես եւ հրապարակման մեջ էինք նշել, նրա հետ խոսել չկարողացանք, քանի որ երկշաբաթյա դասընթացների էր մասնակցում։ Ի դեպ, դպրոցին տեղյակ պահել էինք հրապարակման մասին եւ խնդրել տնօրենին փոխանցել, որ կապվի մեզ հետ։ Նաեւ հիշեցնենք, որ հրապարակման մեջ ամենեւին չէինք վիճարկել ուսուցչուհուն աշխատանքից ազատելու օրինականության հարցը՝ շեշտադրելով խնդրի միայն բարոյական կողմը։ Իսկ որ ուսուցչուհին վիրավորված է դպրոցից հեռացել, դա ակնհայտ է, հետեւաբար, նրան շնորհակալանքով հրաժեշտ տալու ցանկությունը՝ ուշացած։ Ինչ վերաբերում է հրաժեշտի լավ ավանդույթին, ապա հոդվածում դա վերագրված էր ոչ թե այս դպրոցին, այլ նման ավանդույթ ունեցող կոլեկտիվներին ընդհանրապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել