Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շարքային քաղաքացիների դիմում-նամակները՝ հասցեագրված վերին ատյաններ, տեղ չեն հասնում, ճանապ

Նոյեմբեր 10,2001 00:00

Գրում է մահապատժի դատապարտվածի մայրը Հայաստանի շարքային քաղաքացիների դիմում-նամակները՝ հասցեագրված վերին ատյաններ, տեղ չեն հասնում, ճանապարհին «կորչում» են։ «Կորչում» են չպատճառաբանված, «կորչում» են «արջի ծառայություն մատուցողների» ջանքերի շնորհիվ, կորչում են այն տրամաբանությամբ, թե չկա պրոբլեմը, չկա նամակը, չկա երեւույթը։ Մահապատժի դատապարտվածի մայրը, որի նամակը կընթերցեք ստորեւ, մի ցանկություն ունի. որ նամակը ընթերցի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ այն ուշադրության արժանանա։ «Իմ որդին գտնվում է թիվ 1 մեկուսարանի մահապարտների խցերից մեկում։ Մեր վերջին տեսակցության ժամանակ խնդրեց, որ դիմեմ Ձեզ, իր եւ իր բախտակից ընկերների կողմից, մահապարտներին վերաբերող մի քանի խնդրով։ Նախագահական վերջին ընտրություններից հետո ներման բազմաթիվ դիմումներ են հղվել Ձեզ՝ մահապարտների կողմից։ Միայն այս տարի Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ, հինգ ներման խնդրանքներ են Ձեզ հղվել։ Երեք տարվա մեջ Ձեր նախագահության օրոք Դուք երբեք չեք անդրադարձել խնդրի այս ասպեկտին։ Ն. Հ- 792 հրամանագրի համաձայն, ներման խնդրագրերը նախ հանգրվանում են ներման հանձնաժողովում (հոդված 10 եւ 18), որից հետո նոր՝ տեղեկացվում է Ձեզ։ Մեր մեջ կա այն համոզմունքը, որ ներման-խնդրագրերը Ձեզ չեն էլ հասնում։ Հարգարժան պրն Քոչարյան. Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի պահանջները կհամաձայնի լիարժեքորեն կատարել, թե ոչ, խնդրում ենք Ձեզնից, որ ստեղծվի մահապարտների գործերի վերստուգման-վերանայման հանձնաժողով, որն էլ կցուցաբերի անհատական մոտեցում ներման խնդրանքով Ձեզ դիմած մահապարտներից ամեն մեկի՝ հանցանքի ու ստացած պատժի վերաձեւավորումը կատարելիս։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում քրեադատավարական համակարգը դեռ չի կայացել այնքան, որքան հարկն է՝ վճիռների անքննարկելիությունն ապահովելու համար։ Պարզ է նաեւ այն իրողությունը, ըստ որի, «դատավորները» մահապատիժ նշանակելիս 1991թ. առայսօր միշտ էլ նկատի են ունեցել այն հանգամանքը, որ այդ վճիռները չեն իրականացվելու։ Այսինքն, դա նրանց համար միակ միջոց է հանդիսացել 15 տարի ազատազրկումից ավելի ծանր պատիժ նշելու, սակայն գոյություն ունի եւս մի պատիժ, որն այսօր «դատավորները» չեն կիրառում անիմաստ մահապատժի վճիռ կայացնելու փոխարեն, շատ-շատ մահապարտների կարելի էր 15 տարի ազատազրկում տալ, որից 5 տարին՝ բանտային ռեժիմ։ Մի՞թե մահապատժի դատապարտվածների թվի ավելացումը պատիվ է բերում մեր քրիստոնյա փոքրիկ Հայաստանին։ Պրն նախագահ, անհեթեթություն կլինի պնդել, որ մեր դատական համակարգն այնքան կատարյալ է, որ անհնար է դատական սխալների առկայությունը, երբ նույնիսկ աշխարհի գերզարգացած երկրներում դատական սխալներ պարբերաբար գրանցվում են (օրինակ, ԱՄՆ-ում վերջին 100 տարվա ընթացքում հետմահու արդարացվել է 28 մարդ, որ մահվան էին դատապարտվել)։ Սա եւս մի պատճառ է, որ վերանայվեն մահապարտների գործերը։ Ավելացնեմ նաեւ, որ մահապատիժը ի կատար չի ածվում, եւ ժամանակի ընթացքում կսկսեք այդ գործընթացը, որովհետեւ անմեղ մարդիկ կլինեն մահապատժի դատապարտվածների մեջ եւ մի ժամ անգամ երկարաձգել նրանց պարտադրված կալանքը՝ աններելի է։ Այն պատիժը, որ այժմ կրում է իմ որդին, շատ անգամ ավելի ծանր է, քան մահապատիժը, ինձ թույլ կտամ այն համեմատել «քավարանի» հետ, որը գտնվում է Երկրի եւ Երկնքի միջեւ, ու սարսափելի է անգամ պատկերացնել, որ այդ տանջանքները նրանք կրում են 10 տարի շարունակ, եւ համոզված եմ, որ այդ ամենն իր մաշկի վրա զգացած մարդը այլեւս երբեք հանցագործության չի դիմի։ Ես գիտակցում եմ, որ իմ որդին սպանություն է կատարել, ես եւ նա սգում ենք սպանվածի հարազատների կորուստը, այո, իմ որդին նույնպես մեծ ցավով զղջում է իր արարքի համար, որովհետեւ չի գիտակցել իր գործողությունների ծանրությունը, գործել է պահի ազդեցության տակ, եթե մի ակնթարթ գոնե մտածեր, որ իր նման մարդ արարածի կյանք է խլելու, ապա համոզված եմ՝ չէր անի։ Հավատացնում եմ, որ մահապարտների մի մասի դեպքում գոյություն ունեն այնպիսի հանգամանքներ, որոնք Ձեզ զարմացնելու են, որոնք լրիվ անտեղի են «համապատասխանեցվել» պատժի առավելագույն չափին։ Ի վերջո, ժամանակը չի՞ եկել, որ պետական 8 այրեր սպանածի եւ նրանց միջեւ, որոնք նույնիսկ իմ տվյալներով, կան այսօր մահապատժի խցերում, որոնք մարդ չեն սպանել եւ նույնիսկ քրօրի 17 հոդվածը չկա տվյալ գործում հստակորեն սահմանագծելու։ Համարձակվեք մահապարտների գործերի վերանայման հրամանագիրը ստորագրել, ու Ձեզ վստահեցնում եմ, որ բազմաթիվ «զարմանալի նորությունների» եք հանդիպելու, որոնց լուծը անարդարորեն կրում են ոչ միայն դատապարտվածների մի մասը, այլեւ նրանց հարազատները, կանայք, երեխաները, ծնողները։ Կխնդրեի, որ վերանայման գործը չվստահեք դատախազությանը, այլ Ձեր իրավաբանական ծառայությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել