Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի

Նոյեմբեր 10,2001 00:00

ԱՀԱԲԵԿԻՉ ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Օգոստոսի 2-ին եւ 14-ին «Առավոտում» տպագրվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ մեր զրույցը։ Այն վերաբերում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հոգեվերլուծությանն ու վարքագծի դրսեւորումներին («Հունանյան ոճրագործի անհատականության համակարգը»)։ Այս անգամ ներկայացնում ենք ամբաստանյալ Կարեն Հունանյանի «մասով» մեր զրույցը։ – Հետեւելով դատավարության մասնակիցների կարծիքներին, նկատում եմ, որ առաջնային դերակատարի դեր է վերապահվում միայն ամբաստանյալ Ն. Հունանյանին։ Վերջինիս ինքնագործունեության արդյունք է համարվում «Հոկտեմբերի 27»-ը։ Ինչպիսին է ձեր կարծիքը։ – Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտն իրականացրած ահաբեկիչների վարքագիծն առայսօր հակառակի մասին է վկայում։ Մասնավորապես, որ կան դերեր ու ֆունկցիաներ, որոնց կատարումն ահաբեկիչներն առայսօր ակնկալում են իրենցից դուրս, այսինքն հանցագործության համակարգի սահմաններն այդ հինգով չի սահմանափակվում։ Կարծում եմ, ուշագրավ է «Հոկտեմբերի 27»-ի դրվագներից մեկը, երբ լրագրողը նկարահանող խմբի հետ մուտք էր գործել ԱԺ դահլիճ, դիմում Է Հունանյանին, թե ի՞նչ պահանջներ կներկայացնի։ Ն. Հունանյանը պահանջում է ՀՀ նախագահի ներկայությունը «ազգի ճակատագիրը միասնաբար որոշելու» համար։ Լրագրողը հարցնում է. «Իսկ եթե չգա՞»։ Ն. Հունանյանը հարցին ըստ էության չի պատասխանում։ Օգնության է հասնում ինքնաձիգը դեպի վեր պահած եղբայրը. «Եթե չգա՝ ես կգնամ հետեւից»։ Տարօրինակ է, որ արդեն իսկ լինելով շրջափակված ԱԺ-ի շենքում, ահաբեկիչը խոսում է նախագահի հետեւից գնալու մասին։ – Ի՞նչ եք կարծում, չէ՞ր գիտակցում դրա անհնարինությունը։ – Կարծում եմ՝ միանգամայն գիտակցում էր։ – Այդ դեպքում ի՞նչ ասել է «գնալ հետեւից»։ – Կարծում եմ, որ բացի խմբում բութ գործիքի դեր կատարելուց, Կ. Հունանյանը տվյալ պարագայում եղբոր «մամուլի խոսնակն» էր, այսինքն նա կարող էր իրեն թույլ տալ ուղղակիորեն ասել այն, ինչը չէր կարող ասել Նաիրին այդ պատասխանատու պահին։ – Որպես նույն սոցիալական միջավայրի՝ ընտանիքի արդյունք, եղբայրներն ընդհանրություններ ունե՞ն։ – Նրանք բավականին ընդհանրություններ ունեն նախ դավանած արժեքների առումով։ Նրանք հանդես են գալիս որպես հանցագործության ծրագրի համախոհներ, կիսում են ահաբեկչության հիմքում ընկած «արժեքները»՝ բռնությունը, սպանությունը, իրենց տեսանկյունից՝ ազատության գրավական հանդիսացող «իմացյալ» մահը։ Սակայն ակնհայտ է, որ Կ. Հունանյանը խիստ անհավասարակշիռ, անհամբեր, ցածր գիտակցությամբ տեսակ է։ – Ակնարկում եք նաեւ կրթակա՞ն մակարդակը։ – Նաեւ դա, որն էլ ակնհայտորեն դարձել է (դատաքննության ժամանակ) Ն. Հունանյանի մտահոգության առարկան։ Խնդիրն այն է, որ Կ. Հունանյանն ահաբեկչական խմբի այն անդամն է, որը մշտապես ուղեկցելով եղբորը ուղեւորությունների ժամանակ (Հայաստանում, Եվպատորիայում, Թուրքիայում), ըստ էության, նրա համար «կյանքի ուղեկցի» դերակատարում ունի, որի հետ, առաջին հերթին, արյունակցական կապեր, ընդհանուր աշխարհաճանաչողություն ունի։ Կարենն այն եզակիներից է, որն ամբողջությամբ տիրապետում է եղբոր կապերին վերաբերող տեղեկատվությանը։ Եթե Կարենն ընդհուպ տեղյակ չլինի Նաիրիի գործնական հարաբերությունների էությանն ու բնույթին, այնուամենայնիվ, տեղյակ է այդ կոմունիկացիոն ցանցին, որը մինչ այսօր էլ եղբոր անվտանգության համակարգի անքակտելի բաղադրիչներից մեկն է։ Չիմացության հանգամանքը կարող է դատաքննության ընթացքում անունների անզգույշ թվարկման հանգեցնել, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ դատարանը, ցանկության դեպքում, կարող է կոնկրետ ուղղություններով աշխատել։ Այստեղ անհրաժեշտ է հիշել Հունանյանների մոտ հայտնաբերված «ոչնչացման ենթակա» քաղաքական գործիչների ցուցակը։ – Ի՞նչը նկատի ունեք։ Ցուցակի անհամասեռությո՞ւնը։ – Ցուցակը՝ այո, վերլուծության դեպքում որեւէ տրամաբանության չի ենթարկվում։ Այնտեղ առկա են մարդիկ, որոնց ատում է, մարդիկ՝ որոնց անմեղության համար այսօր պայքարում է, մարդիկ, որոնք ահաբեկչության թիրախներից էին։ Կարծում եմ, որ այդ ցուցակն առաջին հերթին ապակողմնորոշման նպատակ է հետապնդել։ Լինելով նախապես պատրաստված, վկայում է ի սկզբանե ահաբեկչության հետքերը թաքցնելու մտադրության մասին։ Եվ հնարավոր է, հենց Կարենը դառնա այդ ցուցակի «գաղտնագրի բացողը» կամ ցուցակը համալրողը։ – Դուք վստա՞հ եք, որ Կարենը «կսայթաքի»։ – Դատաքննության ժամանակ պետք է հիշել, որ նույն ինքը՝ Ն. Հունանյանը, բազմաթիվ անգամներ անելանելի վիճակներում է հայտնվել եւ նրա սայթաքումներն այն աստիճան էական են, որ ոչ մի երաշխիք չկա, որ անփորձ Կ. Հունանյանը չի սայթաքի հարցաքննության ժամանակ։ Ուստի, արդեն իսկ եղբոր՝ Ն. Հունանյանի, հարցաքննության ավարտին փորձեց հոգեկանի խանգարման նշաններ «ցույց տալ», սակայն դերակատարումն այնքան անտաղանդ էր, որ շատ շուտ ետ կանգնեց ընտրած մարտավարությունից։ Իսկ նմանօրինակ պահվածքի համար հուշող հանդիսացավ եղբոր այն արտահայտությունը, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտը կատարելուց տառացիորեն վայրկյաններ առաջ ինքը «հոգեկան խռովք» է ապրել։ Փաստորեն, Ն. Հունանյանը հուշեց հոգեկան խանգարման նշաններ ցուցադրելու անհրաժեշտությունը, իսկ ընդհանրապես, նորից եմ ուզում շեշտել՝ դատաքննության ընթացքում դիտվում են խմբի շրջանակներից դուրս «հաղորդակցություն» ապահովելու բազում փորձեր, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ ահաբեկչության դերակատարումը այդ հինգով չի ավարտվում… Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել