«Քրիստոնեություն քարոզելը մեր գործը չէ» Ասում են երիտասարդները՝ միաժամանակ ահազանգելով, որ աղանդներն աշխուժացել են Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է։ Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ նշվում է այդ տոնը, որի առիթով կազմակերպված կլոր սեղանին երեկ մասնակցում էին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ եւ ԱԺ պատգամավոր Մանվել Բադալյանը, Մշակույթի եւ սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Արմեն Սինանյանը, Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանը, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, բուհերի ուսխորհուրդների նախագահներ եւ այլք։ Ներկաները ոչ միայն խոսեցին ձեռքբերումների եւ բացթողումների մասին, այլեւ անչափ կարեւորեցին վերջին տարիներին ստեղծված՝ երիտասարդության հարցերով վարչության գոյությունը, երիտասարդության քաղաքականության հայեցակարգի ընդունումը կառավարության կողմից, բյուջեով երիտասարդության հարցերի լուծման համար նախատեսված միջոցների աճը (ներկայումս այդ գումարը 108,5 մլն դրամ է կազմում), ինչպես նաեւ այլընտրանքային ֆինանսավորման միջոցների ստեղծումը։ Վերջիններս գոհունակությամբ նշեցին, որ ԵԱԽ-ն կարողացել է իր մեջ 50-60 երիտասարդական կազմակերպություններ համախմբել եւ միջազգային կառույցներում Երիտասարդական ակումբների դաշնությունը կարեւոր քայլ է կատարել։ «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» հանդեսի գլխավոր խմբագիր Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ «կոմսոմոլի փլուզումից հետո նոր-նոր սկսել է համապատասխան գործունեության դաշտ առաջանալ։ Այն ընդամենը 10 տարվա պատմություն ունի», սակայն արդեն նախանշված են երիտասարդության խնդիրների լուծման ուղիները, նույնիսկ բյուջեում հատուկ կետ կա այդ նպատակով հատկացված գումարների արդյունավետ ծախսման վերաբերյալ։ Մ. Բադալյանը մտահոգված էր հատկապես երիտասարդների աշխատատեղերի ստեղծմամբ, ինչի շուրջ արդեն քննարկումներ են եղել Կրթության եւ գիտության, Առեւտրի եւ արդյունաբերության նախարարություններում։ Իսկ ԱԺ-ն արդեն ընդունել է օրենք աշխատանքի վարձատրության մասին, որտեղ մտցվել է դրույթ բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններում աշխատանքի վարձատրության գոտիականության վերաբերյալ։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը՝ Ա. Սինանյանը, խոսեց նաեւ երիտասարդների շրջանում աղանդավորության աճի մասին՝ մեղադրելով Հայ առաքելական եկեղեցուն՝ պատշաճ մակարդակով քրիստոնեական քարոզչություն չտանելու համար։ «Քրիստոնեություն քարոզելը մեր գործը չէ, ես միայն կարող եմ ասել, որ աղանդը վատ է»,- ասաց նա։ Մեղադրական շեշտեր կային նաեւ Ա. Պողոսյանի խոսքում՝ ուղղված լրատվամիջոցներին, որոնք, իր համոզմամբ, երիտասարդության պրոբլեմները վատ են լուսաբանում: ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ