ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՐՏԱԳԱ՞ՂԹ Երեւանում գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կրթամշակութային, մասնագիտական ու աշխատանքային ծրագրերի շրջանակներում իրականացնում են ուսանողների փոխանակումներ։ Բնավ ստվերելու միտում չունենալով իսկապես ուսանողանպաստ եւ արժեքավոր ծրագրեր իրականացնող որոշ կազմակերպությունների աշխատանքը (գաղտնիք չէ, որ արտասահման մեկնող ուսանողների նպատակն առաջին հերթին գոնե արտագնա աշխատանքով սեփական սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է, ինչը հաճախ հնարավոր չէ մեր երկրում), այնուամենայնիվ, ուզում ենք փաստել, որ ուսանողների աշխատանքային փոխանակումներով զբաղվողներից ոմանք հաճախ նրանց բարեհաջող հասցնում են օվկիանոսից այն կողմ, որտեղից վերջիններիս մի մասը այդպես էլ չի վերադառնում։ Եվ ստացվում է այնպես, որ «փոխանակումների» արդյունքում արտագաղթի ջրաղացին լրացուցիչ ջուր է լցվում։ Բոլորովին պատահական չէր, որ մեր այցելած՝ կրթամշակութային եւ աշխատանքային փոխանակումներ իրականացնող բոլոր կազմակերպություններում մեզ դիմավորեցին դժգոհությամբ եւ ընդգծված զգուշավորությամբ։ Այդպես էլ չկարողացանք նրանց ղեկավարներից տեղեկանալ, թե իրենց գրասենյակների միջոցով քանի ուսանող է մեկնել արտասահման, քանիսն է վերադարձել եւ քանիսը՝ ոչ։ Եվ, վերջապես, ուսանողների քանի՞ տոկոսն է «կտրվել» դեսպանատան հարցազրույցից։ Իսկ Իսահակյան 28 շենքի 3-րդ հարկում գտնվող AIEP («Ուսանողների միջազգային փոխանակման կենտրոն») կազմակերպության նախագահ Արա Գալստյանը մյուսներից ավելի քաղաքավարի խուսափեց մեր հարցերին պատասխանելուց՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք աշխատում են բաց եւ թափանցիկ, քանի որ ամեն ինչ լուսաբանվում եւ կատարվածի մանրամասն հաշվետվությունը ներկայացվում է իրենց «Երիտասարդության ձայն» թերթում։ Նա հարցազրույցի փոխարեն մեզ տրամադրեց թերթի տարբեր համարներ, տեղեկացնելու համար, որ AIEP-ին շնորհվել է IAESTE-ի («Տեխնիկական փորձի ձեռքբերման նպատակներով ուսանողների փոխանակման ընկերակցության») ասոցիացված անդամի կարգավիճակ։ Նույն աղբյուրից իմացանք, որ կազմակերպությունը ուշադրություն է դարձնում դիմորդի ներկայացրած՝ բուհի կողմից տրված գրավոր համաձայնությանը եւ 2001թ. երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների հաջող հանձնելուն, ինչպես նաեւ բուհերի ղեկավարության կողմից «փոխանակումների զարգացմանը սատար չկանգնելու» վերաբերյալ դժգոհությանը։ Ա. Գալստյանը, սակայն, «տեղյակ չէր», թե քանի նման կազմակերպություններ կան Հայաստանում, փոխարենը գիտեր, որ «օրական հարյուրը ստեղծվում են ու ավանտյուրայով զբաղվում, դրա համար էլ շատերին «02»-ով ցույց են տալիս»։ Նույն շենքի առաջին հարկում գործում է մեկ այլ կազմակերպություն, որը, նախագահ Էդիկ Բալայանի հավաստմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է եւ կրում է ACI անունը։ Նա էլ մյուսների նման կտրականապես հրաժարվեց իրենց կազմակերպության մասին խոսելուց։ «Զարմացավ», թե ինձ հետաքրքրող թվերն ինչո՞ւ պետք է տան, երբ ես վիճվարչության աշխատակից չեմ։ Հետո էլ փորձեց մանրամասն հաշվետվություն պահանջել գրելիք նյութիս նպատակների վերաբերյալ՝ «խորհուրդ տալով» բուհերում ուսման բարձր վարձով մտահոգվել, ոչ թե բարեգործությամբ զբաղվողների աշխատանքը խոչընդոտել. մանավանդ որ «ձրի վալյուտա է մտնում հանրապետություն՝ առանց միջազգային կազմակերությունների «կավառնի» միջամտության»։ Իսկ «Ինտերտրանզիտ» կազմակերպությունում չփորձեցինք «հյուրընկալվել». մեր տառապանքն արդեն փորձ ուներ։ Բացի այդ, նրա հետ գործ ունեցած ուսանողներից տեղյակ էինք, որ «գներն» այստեղ ավելի ցածր են։ Եվ, ի տարբերություն մյուս օֆիսների, ուսանողն ինքնուրույն կարող է «հայթայթել» աշխատանքային պայմանագիր, ինչը, ձախողվելու դեպքում, 100 դոլարով հոգում է գրասենյակը։ Գործարքից հրաժարվողներն այստեղ թողնում են նաեւ նախօրոք վճարած 400 դոլարի կեսը։ Ավարտական կուրսերի ուսանողների եւ զինծառայողների հետ էլ պայմանագիր չի կնքվում, թեեւ տեղյակ ենք, որ անցյալ տարի նախավերջին կուրսում սովորող ուսանողներից ոմանք բարեհաջող հասել են օվկիանոսից այն կողմ ու վերջնականապես հանգրվանել ԱՄՆ-ում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ