վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թշնամուց հետապնդվող մի խմբի իր Բեհեսնի բերդաքաղաքում ապաստան է տալիս մեծ իշխան Լեւոն Ռուբինյանը, որը միացել է ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի` թուրքերի հետ կնքած պայմանագրին, ըստ որի, պարտավորվում են այլեւս չաջակցել խաչակիրներին: Շուտով հայտնի է դառնում, որ գերվել են թագավորը, այրի թագուհի Արդա Ռուբինյանը, այլ նշանավոր տիկնայք եւ ասպետներ: Վիճակը բարդանում է նրանով, որ ամիսներ առաջ գերի էին ընկել նաեւ Եդեսիայի եւ Սերուջի կոմսերը: Ներկա թագուհի` հայ իշխանի դուստր Եվմորֆիան, որը փրկվել է, նույնպես ժամանում է Բեհեսնի: Եդեսիայի կոմս Ժոսլինի միանձնուհի դուստր Ստեֆանին, որին հոր ազատագրության հոգսը կրտսեր եղբայր Ժոսլինի հետ միասին Երուսաղեմի արքունիք էր տարել, Բեհեսնիում պատսպարվածների մեջ է: Պալատում շատ զորականների ներկայությունից նեղվելով, նա տեղափոխվում է ապրելու Մատթեոս քահանա Ուռհայեցու տուն, որը Լեւոն Ռուբինյանի ատենադպիրն է: Իրիցկինը դժգոհ է օտար կնոջ հյուրընկալվելուց: Թագուհու հրամանով Մարաշի կոմս Ժոֆրուա Վանականը նշանակվում է խաչակիր զորքերի սպարապետ: Նրան են շնորհվում Եդեսիայի կոմսության Քեսուն եւ Սերուջ գավառները, ինչը խիստ վիրավորում է կրտսեր Ժոսլինին: Սպասվող պատերազմի շեմին տհաճ անակնկալ է մատուցվում նաեւ Լեւոնին. ձիերի մեջ բորոտություն է տարածվել, որի պատճառն անհրաժեշտ դեղերի թերի մատակարարումն է: 30. առաստաղի վրայով շարժվող պապուկը հասավ գերանի ծայրին եւ, շրջանցելով անկյունի սարդոստայնը, որի կենտրոնը մուգ էր՝ երեւի տակը սարդ կար, սկսեց իջնել ցած՝ իր մոխրագույնով հազիվ առանձնանալով կրով սպիտակեցրած պատից: Ապա այդ տեսարանը հայացքիցս ծածկեց Գրիգոր սարկավագը, որը կարծես թե ինձ հարց էր տալիս, բայց ձայնը գնում-կորչում էր անհայտ ինչ-որ տեղ: Ես բարձրացա արմունկներիս, որ մոտենամ ու լավ լսեմ, տեսա Գրիգորի թիկունքում ձեռքերը գոգնոցին ծալած կանգնած իրիցկնոջն ու նորից ուժասպառ հետ ընկա: – Տեր հայր, կարգադրիր ինձ անցկացնել առավոտյան ժամերգությունը՝ արդեն ուշ է,- վերջապես ընկալեցի սարկավագի խոսքերը: Կոպերս իջեցնելով՝ ես համաձայնություն տվեցի ու, ձեռքս մի քիչ վերմակից կտրելով, խաչակնքեցի նրան: Հետո աչքերս նորից կպան: Ցերեկը եկավ Թովմասը, որը հաղորդեց, թե իշխանը շտապեցնում է գալ դիվանատուն եւ գտնել ու իրեն փոխանցել ձիանոցներին հատկացված ծախսերի գրությունները: Ես ուղղվեցի անկողնուս մեջ, բայց գլուխս պտտվեց ու նորից մեկնվեցի բարձին: Սենյակն աղոտացավ ու չքվեց աչքիցս: Հետո ժամանակ առ ժամանակ կողքիս ձայներ էի լսում եւ զգում ճակատիս սեղմվող սրբիչը, որն ինձ վերադարձնում էր իրականություն` թույլ տալով առանձին պատառիկներով հիշել նախորդ օրվա դեպքերը: …Ֆարաջի հետ խոսակցությունից հետո իշխանը գնաց պայտարների մոտ: Նրանց հարցուփորձեց, թե ունե՞ն բավականաչափ պայտեր, որպեսզի ժամանակին փոխեն մաշվածները, դիմացկու՞ն են արդյոք դրանք: Պայտարները զարմացել էին նրա այդ հետաքրքրասիրությունից, բայց առանց որեւէ անհանգստության պատասխանեցին, որ ոչ մի բանի պակաս չունեն, իսկ երբ առանձնահատուկ չափսերի պայտ է պետք լինում, դարբիններն արագ սարքում են իրենց համար: Բայց քանի որ արհեստի մարդիկ սիրում են գործն այնպես ներկայացնել, թե իրենց վարպետությունն ավելի բացառիկ նյութեր է պահանջում, քան ձեռքի տակ եղածներն են, մի-երկուսը դժգոհեցին, որ բեհեսնեցի դարբինները չեն կարողանում փափուկ մեխեր կռել: Դրանց անհրաժեշտությունն առաջանում է, երբ ձիու սմբակները նուրբ են, եւ մեխերը պետք է ծռմռել, որ թաղվեն կճղակի մեջ ու պահեն պայտը, այլապես, եթե շատ խորը գնան կենդանին բեւեռհաս կլինի: Մանավանդ որ նուրբ սմբակներին շատ բեւեռներ չի կարելի խփել. դրանք ցավում են, երբ ետեւինների մեջ չորս, իսկ առջեւինների՝ նույնիսկ երեքից ավելի մեխ է մտնում: Իշխանը համբերությամբ, ուշադիր խոսողի բերանին նայելով, հետեւում էր այս բացատրություններին, բայց երեւի միտքն ուրիշ տեղ էր, որովհետեւ պայտարի առաջին իսկ դադարին, առանց որեւէ ձեւով նրա ասածներին արձագանքելու, հեծավ իր Կապուտաչին ու դուրս եկավ: Կարծեմ հետո անձրեւի տակ ձիավարեցինք դեպի մարագները, բայց ես չհաջողեցի շարունակությունն անմիջապես մտաբերել, քանի որ մղձավանջն ինձ շեղեց տեղի ունեցածից: Ես պատկերացրի, թե իբր պայտարներն ինձ չթողեցին միանալ մյուսներին եւ բորբոքված գոռում էին, որ նուրբ սմբակները բորբոքվում են, եթե ճիշտ չես պայտում: Հարկավոր է մագաղաթի կտոր դնել պայտի տակ մինչեւ մեխելը: Ոմանք մագաղաթի փոխարեն թաղիք են դնում, բայց գլուխները պատին են տալիս, քանի որ թաղիքը ջուր է քաշում ու խոնավությունից սմբակը փչանում է: Պայտարները երազիս խոսում էին` սմբակ կտրելու դանակները թափ տալով, եւ ամեն մեկի գլխավերեւում էլ մի-մի կիսալուսին էր շողում՝ երեւի թե այն պատճառով, որ պայտին իրենց սովորությամբ «լուսին» էին ասում, իսկ պայտելուն՝ «լուսնել»: Հաջորդ ուշքի գալուցս, ինձ վրա ջանք գործադրելով, փորձեցի հիշել մարագներում կատարվածը: Այնտեղ իշխանին ցույց տվեցին թարմ առվույտը, հարդը, աղի պաշարները, վարսակն ու գարին, որոնց թեղերի մի մասից դեռ չէին պոկել կալսելուց հետո խփված դաջերը: Կերը լիուլի հերիք էր ախոռները մինչեւ աշուն ապահովելու համար` հավատացրին ձիարածները: Լեւոն Ռուբինյանը չհետաքրքրվեց ուրիշ որեւէ բանով եւ հեծավ իր Կապուտաչն ու խթանեց առաջ: Բայց երազս նույն կերպ այստեղից միջամտեց, եւ ձիարածները, թեւերիցս կախվելով, սկսեցին ինձ համոզել, որ կենդանուն գիրացնելու լավագույն ձեւը գարու աղանձից փոխինդ սարքելն է, եթե, իհարկե կանաչ խոտ չկա: Ճիշտ է, շատերը պնդում են, թե քարերը մաքրած մի բուռ գարու եւ այդքան էլ մի բռան չափ առվույտի թրջած ու մանր կտրտած հունդի խառնուրդն ավելի օգտակար է, բայց դրանք գործից անտեղյակ են. նախ հունդը պետք է ավելի շատ անել, հետո` փոխինդի տեղը չի բռնի: Իսկ թարմ խոտի մատղաշն է օգտավետ, մանավանդ եթե ձիուն սրտաբաց ու հովամուտ տեղ ես կերակրում: Երբ նորից սթափվեցի, հիշեցի, որ ես էլ մարագներից դուրս եկա իշխանի հետ միասին, եւ բերդի ճանապարհին նա վերջապես բարձրաձայն արտահայտեց իր մտատանջությունը. «Եթե հանկարծ երկու կռտածները` հայն ու հույնը, խոսքերը մեկ են արել, որ իմ ձիանոցի հաշվին հարստանան, վա՛յ ինձ, վա՛յ իմ ազնվացեղ նժույգներին»,- խոժոռված պոռթկաց նա: «Կարծեմ, երկուսին էլ ժամանակին կռտել են` պատժելով գանձագողության համար: Թեեւ ես երեխա եմ եղել, երբ այդ դեպքերը կատարվել են` ուրիշների պատմածով գիտեմ»,- Լեւոնի կասկածները պաշտպանեց թիկնազորի պետը: «Դամիանոսը կամավոր է ներքինացվել, Թովմաս,- տեղեկացրեց նրան իշխանը:- Որպեսզի ծառայության անցնի Իրենե կայսրուհու պալատում: Հենց Իրենե Հունգարուհին էլ միջնորդել էր իր ամուսնու` նախկին կայսր Ալեքսիոսի առաջ, որ Դամիանոսին շնորհեն Բեհեսնիի գավառը: Իսկ Դերենիկին, այ, պատժել են: Բայց դժվար է ասել իր մեղքերի համար, թե` ոչ: Կոստադնուպոլսում նա ծառայել է կայսեր պրիվատների կոմեսին, այսինքն` գանձապետին: Երբ կոմեսին բռնեցին ու գլխատեցին դավադրության մասնակցելու համար, նրա բոլոր ծառաներին մեղադրեցին, թե գանձագող են: Ով հույն էր, գլխատեցին, իսկ հայերին, դրանց թվում եւ` Դերենիկին, ամորձատեցին»: «Հոռոմները գիտեն, որ հայի համար ամորձատվելը հավասար է մահվան»,- քմծիծաղեցի ես: «Դերենիկի ասելով` ինքն իր որեւէ մեղքը չի ճանաչել»,- շարունակեց իշխանը: «Թեկուզեւ` չի ճանաչել: Պարտադի՞ր էր հենց նրան նշանակել սենեկապետ, որը նաեւ գանձարանիդ վերահսկիչն է, մեծ իշխան»,- հարցրեց Թովմասը: «Նա սերում է իմ տատի զարմից` Արծրունի է: Այն, որ ներքինացված է, ցանկալի է, քանի որ սենեկապետը մուտք ու ելք ունի կանանց հարկաբաժիններ: Այս պայմանները լիովին բավարար էին: Թե՞ ուրիշ որեւէ բան էլ գիտես, որ չես ասում, Թովմաս»: «Ես ուղղակի կարծում եմ, որ եթե մարդը գանձագողության մեջ խառն է եղել, սովորական բան է, որ նորից գայթակղվի»,- սառնասրտորեն նկատեց թիկնազորի պետը, որն ավելին գիտեր, քան իր քսանհինգամյա տարիքից էր ենթադրվում: Թովմասի խոսքերը նորից արթնացրին իշխանի կասկածամտությունը: Թեեւ արդեն հասնում էինք ամրոցի դարպասներին, նա ձիու գլուխը նորից շուռ տվեց դեպի բերդավան: 31. երկու անհավատ ստրկուհի աղախիններ չորացնում էին անձրեւից թրջված մեր դեմքերը Այդ պատկերը եկավ աչքերիս առաջ, երբ հերթական անգամ սրբիչը կպավ ճակատիս: Եփրեմ վաճառականի տանն էինք, որտեղ մտնելուց առաջ եղել էինք գոմերում, ձիթհանքերում, հետո, թաց ու զառիվեր ճանապարհին չարչարվելով, վերադարձել ամրոց: Տանջահար էին եղել նաեւ գրաստները, բայց դա նպաստավոր էր ինձ համար, քանի որ առաջին անգամ կարիք չունեի զգուշանալ, թե ջորիս ինձ կկծի: Հոգնածությունը մոռացնել էր տվել նրան իր անտանելի բնավորությունը, որի պատճառով էր Արմուհի, արաբերեն՝ կծան, անունն ստացել: Այցելեցինք մթերանոց ու մառան, որտեղ, երազիս քմահաճույքով, մարդիկ նորից ինձ բացատրում էին որոշ կարեւոր պարագաների անհանդուրժելի պակասությունը: Հետաքրքիրն այն էր, որ եթե ձիերի խնամքից ու պայտարությունից շատ բան հորս արհեստի շնորհիվ հասկանում էի, ապա հնացած ու դառնացած պանրի համը վերականգնելու, գետնանուշն ու ընկույզը պահելու, կարմիր գինին սպիտակ դարձնելու կամ կարասի լավ կուպր ընտրելու հնարների մասին կյանքումս չէի լսել: Թեեւ, այդուհանդերձ, աղոտ մտաբերում էի, որ երազի այդ հրաշքը շատերն են զգացել, երբ քնի մեջ այնպիսի գիտելիքներ են ստացել, որոնց անծանոթ էին արթմնի: Իսկ իրականում որեւէ մեկից լուրջ գանգատներ չլսեցինք եւ բոլորին իրենց գործին գտանք ամենուրեք: Միայն թե ե՛ւ մթերանոցի նկուղում, ե՛ւ մառանում պաղ էր, որովհետեւ այնպես էին սարքած, որ մի պատով հարում էին ամրոցի ջրամբարին: Մառանում մի-մի նվագ սառը գինի խմեցինք, որից ես սրսփացի, բայց հետո տաքացա եւ մտածեցի, որ առողջությունս այս փորձությունն էլ կանցնի: Իշխանն իր տեսածից գոհացա՞վ, թե՞` ոչ, ինձ համար պարզ չէր, բայց, այսպես թե այնպես, մեր թափառումները չվերջացան: Պալատի առաջ հազիվ էինք գրաստներիցս իջել, երբ մեզ ընդառաջ եկած ծառայապետից իմանալով, որ Դերենիկ ազատը գանձատնից վերցրել է երկու մեծ քսակ եւ սպասավորի հետ գնացել է վաճառարանների փողոցը, Լեւոնը նորից հեծնեց իր ձին: Վաճառականների ավագ Եփրեմը` ապշած, բայց նաեւ ուրախացած, որ Ռուբինյան իշխանն իր ոտքով եկել է խանութ, նրան հրավիրեց ներսի մեծ սենյակը, բազմեցրեց գահավորակին եւ երկրպագեց: Ես ու Թովմասը նստեցինք գեղեցիկ գորգերով ծածկված բազմոցներին` շուրջներս մգացնելով վրաներիցս թափվող ջրով: Սենյակում կար մի մեծ մահճակալ, ձվաձեւ գեղեցիկ սեղան` նույնակերպ թիկնակավոր աթոռներով, երեք սնդուկ եւ երկու պահարան, որոնցից մեկը սովորական փայտե դռներով էր, բայց երկրորդի դռներն ապակե պատուհաններ ունեին, որոնց հետեւում երեւում էին ոսկե պատվանդաններով բյուրեղապակյա սկիհներ ու արծաթե սկուտեղներ: Ես մտածեցի, որ հարուստ մարդիկ շատ են սիրում իրենց ունեցվածքը ցուցադրել եւ շուտով երեւի պահարանի այս ձեւը կսկսեն ընդօրինակել իրարից: Աղախինները խանով անուշեղեն մատուցեցին մեզ, հետո վաճառականը հարցրեց, թե ինչո՞վ ծառայի իշխանին: – Քիչ առաջ Դերենիկ ազատն է եղել ձեր փողոցում…- ասաց Լեւոն Ռուբինյանն ու կանգ առավ: Եփրեմը չարձագանքեց` համբերությամբ ու խոնարհաբար սպասելով, որ իշխանը վերսկսի խոսքը: – Քիչ առաջ Դերենիկ ազատը ժամանեց ձեր փողոցից,- կրկնեց իշխանը, բայց այս անգամ շեշտադրությամբ հասկացնելով, որ Եփրեմին է փոխանցում խոսքը: – Ինձ էր պատիվ արել իր այցելությամբ, մեծ իշխան… Հույս ունեմ` գոհ ես մնացել սենեկապետիդ ընտրությունից,- կմկմաց Եփրեմը: Իշխանի դեմքին անվճռականություն զգացվեց: Նա ակնհայտորեն փորձում էր իր կասկածները չմատնել, բայց միաժամանակ նպատակ ուներ Եփրեմից պարզել, թե ինչն էր Դերենիկին բերել այստեղ: Հանկարծ խոսակցությանը խառնվեց Թովմասը. – Գինը չափից դուրս բարձր էր, Եփրեմ,- վստահ հայտարարեց նա: – Աստված սիրես, Աստված սիրես, ի՞նչն է բարձր, սիրտս մղկտում է` հիշելուց: Դուք ցածրից խոսեք, ցածրից,- իրար անցավ Եփրեմը:- Ես Դերենիկ ազատին ասացի` մեկն այնպիսի ադամանդ է, որը մաքրության համար կոչվում է «Կռունկի աչք»` ժամանակին պատկանել է մարդակեր եթովպացիների թագավորին, երկրորդը Սիցիլիա կղզուց բերված «Յոթ եղբոր արյուն» անունով կնքված հայտնի արեւելյան ռուբին է, որը վաճառականներս անվանում ենք ամենագոհար: – Իսկ ինչու՞ ես այդքան էժան վաճառել, որ սիրտդ մղկտում է,- հարցրեց իշխանը` տեղից վեր կենալով: – Երեւի շուտով որեւէ արտոնությու՞ն ես խնդրելու ինձնից: – Ոչ մի արտոնություն էլ չեմ խնդրելու, մեծ իշխան: Եվ որ հանկարծ չար մարդիկ չբամբասեն, թե քեզ խաբում եմ` չթաքցնեմ. կարողացա դրանք էժան գնով վաճառել, որովհետեւ Օվկիանոս ծովի Հայկական ծոցի ծովահեններից եմ ձեռք բերել: Եփրեմի տնից դուրս գալով` իշխանը հրամայեց Թովմասին արշավել պահնորդներին հայտնելու, որ փակեն դարպասներն ու ոչ մեկին ներս կամ դուրս չթողնեն: Ես ջանում էի գուշակել հետագա լինելիքը, երբ դիմացս ծնկեց Տառապյալ Լուսերը: Նա մի քանի տարի է, ինչ վարձվոր էր ամրոցի պարտեզներում, բայց որովհետեւ դրանից առաջ եղել էր ինքն իր հողը մշակող գյուղացի, այսինքն` տառապյալ, Բեհեսնիում բոլորը նրան այդ մականունով էին կոչում: Լուսերը խնդրեց, որ շուտ իր տուն գնամ` վերջին հաղորդություն տալու կնոջը, որն ավանդում է հոգին ծննդաբերելուց հետո: Ինքը` Տառապյալը կեսօրից սկսած վազել էր մեր ետեւից, եւ ամեն տեղ ասել էին, որ քիչ առաջ ենք հեռացել: Իշխանը գլխով նշան արեց, որ, անշուշտ պարտական եմ նախ Աստծո առաջ իմ սպասավորությունը կատարելու, եւ ես ուղղվեցի արեւելյան պարսպի կողմը, որի տակ ծվարած տներից մեկում Լուսերի կին Նուշիկն էր պառկած գետնատարած խսիրին: Դեմքն արդեն` շուռ տված դեպի պատը, որ ստույգ նշան էր, թե փոխում էր աշխարհը: Իսկ երկրայինների հետ ամուսնուց բացի, նա թողնում էր կողքին կանգնած ինը-տասը տարեկան լացակումած աղջկան եւ նորածին տղային, որի պորտին տատմերը տաք մոխիր էր ցանում` չորացնելու համար: Հանդերձյալ կյանքում նրան սպասում էին երկու երեխան, որ կնքել էին իրենց մահկանացուն նախորդ տարի բժիշկներին անհայտ խովիկ սրընթաց հիվանդությունից: 32. իսկ ես երազներիցս նորից ուշքի եկա ի՛մ երեխաների լացից Արբակը հեկեկում էր, թե չի ուզում, որ ես մեռնեմ: Եվան Արբակի ամեն խոսելու հետ հեծկլտում էր` դեմքը համարյա ծածկված մազերով, որոնք ոլոր-մոլոր թելերով կպել էին արցունքներից թաց այտերին: Հայրս նստած էր կողքիս` աթոռին, ու կարծես մտքերի մեջ ընկած լիներ, իսկ իրիցկինը սրբիչ էր հանում պահարանից: Գրիգոր սարկավագը, որ մահճակալիս ոտքերի մոտ էր, համոզվելով, որ սթափվել եմ, մի քիչ կանգնելուց հետո նորից երեկոյան պատարագն անցկացնելու թույլտվություն խնդրեց: Դրանից հասկացա, որ շաբաթ է, ես էլ անկողնում էի արդեն երեք օր: Հարցրի, թե ինչ է պատահել: Գրիգորը պատասխանեց, որ Տառապյալ Լուսերի կնոջը վերջին հաղորդություն տալուց հետո իմ խցում ապաշխարել եմ` թաց քուրձը վրայիցս չհանելով, մինչեւ որ ինձ գտել են դողէրոցքի մեջ ատամներս կափկափելուց: Նայելով մահճակալիս գլխին գցած քրձին` ես անդրադարձա, թե եղել է, ինչպես որ «Հայտնության» մեջ է ասվում` «Արեւը սեւացավ մազեղեն քուրձի պես»: Թրջված քուրձն ինձ զրկել էր արեւի երեսը տեսնելուց, թեեւ, իսկն ասած, դուրսն արեւ հիմա էլ դեռ չկար. մթամած էր, եւ անձրեւը շարունակում էր խփել պատուհանին: Իրիցկինն ավելացրեց, որ բարձր ջերմություն եմ ունեցել, եւ բժիշկ Տիրատուրը հանձնարարել է քացախով շփել մարմինս: Այդ ժամանակ զգացի, որ անտանելի հոտ էի առնում ինքս ինձանից, որը ոչ այնքան քրտինքի էր, որքան` քացախի: Ես հարցրի, թե ինչ լուր կա Դերենիկ ազատից, իրիցկինը պատասխանեց, որ կեսքուն-կեսարթուն էլի եմ սենեկապետի անունը տվել, բայց չի հասկանում, թե ինչն է անհանգստությանս պատճառը: Դերենիկը ողջ-առողջ է եւ ինքն է երկու անգամ մարդ ուղարկել վիճակովս հետաքրքրվելու: Միակ նշանավոր դեպքը, որ կատարվել էր հիվանդությանս օրերին, այն էր, որ իշխանը բանտ էր գցել ավագ ձիապահ Մակարին: Սա երկրորդ օրն իսկ փորձել է շղթաներով խեղդել ինքն իրեն, եւ վիզը կոտրել ու շունչը փչել էր: «Նոյեմիի ողբը բռնել էր ամբողջ բերդը»,- ասաց իրիցկինը: Գրիգորին հորդորեցի, թե պետք չէ այդքան ամաչկոտ լինել` թող տնօրինի եկեղեցու բոլոր առօրյա գործերը, մինչեւ որ ոտքի կկանգնեմ: Նա գնաց լուր տալու իշխանին, որ ես ուշքի եմ եկել, իսկ երեխաները, հանգիստ ու երկար խոսելս տեսնելով, հանդարտվեցին եւ համբուրեցին վերմակին ընկած աջ ձեռքս: Արբակը վազեց Տիրատուրին կանչելու, ինչպես որ նա պատվիրել էր, Եվան` օգնելու մորը` տան գործերում: Չգիտեմ, թե ինչքան ժամանակ էր անցել, բայց իրիկնանում էր, երբ սենյակի դուռը բացվեց ու ներս մտավ Ստեֆանին: Նա մահճակալիս մոտ նստած սկսեց ձեռքի «Աստվածաշնչից» աղոթքներ կարդալ: Չնայած միանձնուհու ձայնը քնքուշ էր, ես աստիճանաբար սկսեցի ինձ զգալ անդրաշխարհում: Այդ լատիներեն լեզուն կարծես հիվանդ ապաքինելու համար չէր կոչված, այլ մարդու մեղքերը քննելու եւ նրան Ահեղ դատաստանի մասին հիշեցնելու: Նա մի ժամ արդեն կարդացել էր, երբ, բժշկի գալով, ընթերցանությունն ընդհատվեց: Տիրատուրը, որ գունատ էր ու մի փոքր հեւում էր` երեւի իր հիվանդությունը վերջնականապես թոթափած չլինելու պատճառով, բռնեց զարկերակս ու մտքի մեջ հաշվում էր երկար: Ես համոզված էի, որ հեքիմ Մխիթարն ինձ ավելի շուտ ոտքի կհաներ` խմեցնելով իր գույնզգույն թուրմերը եւ պատմելով բազմաթիվ իրեն հանդիպած հետաքրքիր «խիվանդությունների» մասին, ինչպես ասում էր Խոյի բարբառով: Բայց, որպես ատենադպիր, իրավունք չունեի հրաժարվել պալատական բժշկի ծառայությունից, մանավանդ մրսածության պարագայում, թեկուզեւ` բավականին ուժեղ: Այնպես որ համակերպված սկսեցի պատասխանել, երբ Տիրատուրը ձեռնամուխ եղավ իր հարցուփորձին: Ասացի, որ չորրորդ օրն է, ինչ անապակ եմ մնացել՝ ոչինչ չեմ կերել, նկարագրեցի, որ մարմինս այնպես է ցավում, ասես ծեծված լինեմ, հավատացրի, որ երեխա ժամանակ ոչ մի լուրջ հիվանդություն չեմ տարել, պատմեցի, որ հայրս Կարսից է, մայրս` Սուրմառի բերդից, իսկ իրար հանդիպել ու ամուսնացել են Կեսարիայում, մինչդեռ ես արդեն Եդեսիայում եմ ծնվել ու հասակ առել: Բժիշկն ասաց, որ եթե ստամոքսս դատարկ է, ուրեմն, հոգնա չի անի, բայց ինձ շուռ տալով փորիս վրա, հանել տվեց շապիկս եւ, եռման ջրի գոլորշու վրա պահելուց հետո, բաժակներ գցեց մեջքիս: Նրա գնալուց հետո Ստեֆանին չշարունակեց ընթերցանությունն, այլ սկսեցինք զրուցել: Նա հայտնեց, որ հիվանդությանս առաջին օրվանից սկսած ինձ համար բարձրաձայն կարդում է Սուրբ գիրքը, եւ հարկավ դրա հրաշալի արդյունքն է, որ արդեն գիտակցության եմ եկել: Հետո ուրախացած պատմեց, որ թուղթ է ստացվել Երուսաղեմի թագավորից: Բալդուին Բ-ն ուղարկել է իր մազերից մի փունջ` որպես ապացույց, որ նամակը վավերական է, եւ տեղեկացրել, որ Խարբերդ քաղաքում է, ունի մի քանի վերք, որոնք շատ խորը չեն: Բալակ ամիրան թույլ է տվել նրան նամակ գրել, որպեսզի իր հպատակներին հրամայի շուտափույթ փրկագնել թագավորին: Բալակը պահանջել է հարյուր հիսուն հազար ոսկի, Մարաշի կոմսությունը, Ջիզր, Ազազ, Անտարեբ սահմանամերձ քաղաքները եւ մի քանի փոքր ամրոց, որոնց անունները Ստեֆանին չէր հիշում: Պատանդ պետք է տրվեր արքայադուստրերից մեկը, գերված բարոններից` երկուական զավակ եւ տասը հազար ուրիշ քրիստոնյաներ: Իսկ եթե այդ պայմանները չկատարվեն, գրել է թագավորը, ամիրան սպառնում է, որ ինքը Նուր էդ Դաուլա Բալակը չլինի` Արտուխի որդի Բահրամի որդին, եթե պատերազմով չգրավի Երուսաղեմը եւ մեր Փրկիչ Հիսուսի գերեզմանը: Վերջում թագավորն ավելացրել էր, որ գերության անձկալի ժամերը կարճում է շախմատ ու ոսկոր խաղալով կոմս Ժոսլինի հետ, որը, երեւի թե խնայելով իր վիրավոր թագավորին, ավելի շատ պարտվում է, քան` հաղթում` հատկապես շախմատում մրցելիս: Ես մխիթարեցի Ստեֆանիին, թե առաջին անգամը չէ, որ իր հայրն ու Բալդուինը միաժամանակ գերության մեջ են: Քսան տարի առաջ էլ` Տիրոջ 1104 թվականին, երբ ինքը թերեւս երկու-երեք տարեկան էր, նրանք մեծ կոմսեր Բոհեմունդի, Տանկրեդի եւ հայոց բոլոր զորքերի հետ միասին պաշարել էին Խառան հարուստ քաղաքը, որին թուրքերի հսկայական բանակ օգնության եկավ: Ժոսլինն ու Բալդուին Երկրորդը, որը դեռ Եդեսիայի կոմսն էր, շտապեցին առանձին բախվել թշնամու հետ, որպեսզի քաղաքը հետագայում իրենց պատկանի: Բայց, ի սուգ քրիստոնյաների, ասպետները ջարդվեցին, իսկ Ժոսլինն ու Բալդուինը գերության ընկան: Եվ դա եղավ այն պատճառով, ավելացրի ես, որպեսզի միաբանուհին շատ չընկճվի հոր անխոհեմության համար, որ մի ֆրանկ Աստծուն ոչ հաճելի արարք կատարեց: Ստեֆանին հետաքրքրվեց, թե ինչ է տեղի ունեցել: Խառանում ուտելիքի մեծ պակաս էր զգացվում, իսկ նա հացի մեջ կեղտոտեց, ապա տարավ դրեց քաղաքի դռան դիմաց,- պատասխանեցի ես:- Խառանցիներից մեկն, իրեն վտանգելով, շտապեց վերցնել այն, որ ուտի, բայց տեսնելով աղտեղությունը` զզվեց: Նա հացը տարավ ցույց տվեց քաղաքացիներին: Իմաստուն մարդիկ, տեսնելով այդ բանը, ասացին. «Ահա մի մեծ մեղսագործություն. Աստված չի հանդուրժի եւ հաղթանակ չի պարգեւի ֆրանկներին, քանզի հացի վրա այնպիսի մեղք գործեցին, որի նմանն աշխարհում չի լսվել»: Ստեֆանին «մեղա, մեղա» բացականչեց ու երեք անգամ իրեն խաչակնքեց: Հետո պատմեց, որ Եվմորֆիա թագուհին էլ էր հիշել ամուսնու առաջին գերությունը: Նրա հույսն Աստծուն է, որ թագավորի գերությունն այս անգամ հինգ տարի չի տեւի, քանի որ հարյուր հիսուն հազար ոսկին չտեսնված բարձր փրկագին է, իսկ Մարաշի կոմսությունն ու մնացած կարեւոր քաղաքներն անհավատներին զիջելուն կարող են Ժոֆրուա Վանականը եւ մեծ բարոնները չհամաձայնել: Նրա խոսքերի վրա ես հիշեցի կոնետաբլի ջլապինդ կերպարանքն ու վստահ շարժումները: Իսկ ես ահա հիվանդացա` հենց մտածում էի, որ դիմակայում եմ ծոմապահություններին ու ժուժկալ սննդին: Եվ հիմա` մեջքիս բաժակներ կպցրած, որոնք թվում էր ուր-որ է կկլանեին ինձ, երեւի սովորականից ավելի նիհարած ու ուսերիս ոսկորները ցցած, պառկած էի Ստեֆանիի առաջ: Թեեւ, մյուս կողմից, ինչու՞ պետք է նա ակնկալեր ինձ ավելի հաղթանդամ տեսնել. չէ որ ես ջանացել եմ հոգիս կոփել ըստ աստվածային պատգամների եւ ոչ մարմինս` երկրային պայքարի համար: Բացի այդ էլ` Ստեֆանին միանձնուհի է. նրա ի՞նչ պետքն է, թե ինչպիսինն է հայ քահանայիս մարմինը: Կամ էլ թե` ինչու՞ եմ կարեւորություն տալիս, թե նա ինչ կմտածի նիհարությանս մասին: Շարունակելի