Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԿԱՐԳԱՊԱՀ

Նոյեմբեր 10,2001 00:00

ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԿԱՐԳԱՊԱՀ Կոմունալ վարձերի ամենապարտաճանաչ վճարողներ համարում են թոշակառուներին, քանի որ թոշակ ստանալու օրերին սրտատրոփ սպասող «հարկահավաքների» արդյունավետ «գործունեության» շնորհիվ վերջիններս ակամա դառնում են պարտաճանաչ։ Սակայն պարզվում է, որ թոշակառուներից ու նպաստառուներից կարգապահությամբ հետ չի մնում նաեւ Երեւանի քաղաքապետը։ «Առավոտը» լուր ուներ այն մասին, որ վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, օգտագործված ջրի անձնական պարտքերը մարելու վերաբերյալ կոչով նա դիմել է վարչությունների ու բաժինների պետերին՝ սպառնալով հակառակ դեպքում դրանք գանձել նրանց աշխատավարձից։ Տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել անձամբ Ռոբերտ Նազարյանից։ Նա հաստատեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներին իսկապես պարտադրել է վճարել կոմունալ պարտքերը՝ հակառակը համարելով անբարոյականություն։ «Եթե ինքներս այդ հարցում կարգապահ չլինենք, ապա ինչպե՞ս նույնը պահանջենք շարքային քաղաքացիներից»,- ասաց կարգապաշտ քաղաքապետը, ինչը մեզ մտածելու առիթ տվեց. ա՜յ թե կլցվեր երկրի բյուջեն, եթե պետությանը վճարելիք անձնական պարտքերի հարցում նման դիրքորոշում ունենային բոլոր քաղաքապետերն ու մարզպետները, կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները, թե չէ շարքային քաղաքացիները, ոնց էլ լինի, մի բան մուծում են։ Միայն թե հաստատ իրենց բնակարաններում շատ ավելի քիչ են ջուր եւ էլեկտրաէներգիա ծախսում, քան վերը թվարկվածները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել