Արարատյան «խաղեր» Արարատի մարզի Արաքսավան գյուղի գյուղացիների շրջանում կային դժգոհություններ գյուղապետ Ատոմ Թադեւոսյանի կողմից ոչ արդարացի բաշխվող հացահատիկի եւ ազոտական պարարտանյութի վերաբերյալ։ Պարզվում է, որ յուրաքանչյուր հեկտար հողակտորի համար գյուղում 2300 դրամով բաժանել էին 1 պարկ ազոտական պարարտանյութ եւ 20 կգ ցորեն։ Պտտվում էին նաեւ լուրեր, որ ոմանց ավելի քիչ, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չէր տրվել, իսկ համայնքին հասանելիք ողջ սերմացուն բաժանվել էր 3-4 «զոռբաների» միջեւ։ Սակայն, ինչպես հասկացանք վերջում, նախարարությունը տեղյակ չէր մարզից, մարզը՝ համայնքից։ Ի դեպ, գյուղնախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ բյուջեն անվճար պարարտանյութ տրամադրելու հնարավորություն չունի։ Եվ եթե գյուղն անցել է նոր արտադրահարաբերությունների, ապա 300 հազար մանր տնտեսություններն ու մասնավոր ձեռնարկատերերը նախկինի նման պետության խնամակալությունը ակնկալել չեն կարող, որովհետեւ առանց այն էլ «պետությունն անվճար խորհրդատվական ծառայություններ է մատուցում», իր «Սերմնատնտեսություն» կառույցի միջոցով անվճար ստուգում գյուղացու՝ շուկայում ձեռք բերած սերմացուի ծլունակությունը։ Նույնը ասվեց նաեւ թունաքիմիկատների ստուգման, անասնաբուծական ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման եւ անգամ անվճար տրվող 20-25 անուն դեղամիջոցների վերաբերյալ։ Նույն աղբյուրը նաեւ հայտնեց, որ «ներմարզային բաշխման մեխանիզմների հետ պետությունը գործ չունի», եւ սոցիալական արդարության ու չափաբաժինների ճշգրտության համար պատասխանատու են միայն մարզերը։ Արարատի փոխմարզպետ Սամվել Գալստյանի խոսքերից էլ հասկացվում էր, որ համայնքներում հաճախ հանդիպող ապօրինությունների հետ մարզը «գլուխ չի դնում»։ Վերջինից տեղեկացանք, որ իսկապես մարզի ենթակայությամբ գործող 38-39 համայնքներին տրվել է հացահատիկ (յուրաքանչյուրին՝ երաշտի եւ տարերային աղետից վնասվածության աստիճանով պայմանավորված)՝ եղած սերմի հնարավորության պաշարներից ելնելով։ Ըստ նրա՝ սերմնաբուծության նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրված հացահատիկի համար եւս մարզպետարանը պատասխանատվություն չի կրում։ Ազոտական պարարտանյութի վերաբերյալ էլ Ս. Գալստյանը հայտնեց հետեւյալը. պարկը 2300 դրամով այն տրվել է միայն այն գյուղացիներին, ովքեր նախօրոք տեղեկացված լինելով՝ կանխավ վճարել են։ Եվ այդ ամենի բաշխման սկզբունքների հետ մարզպետարանը կրկին գործ չունի, քանի որ իրենց ներկայացվում է ընդամենը հացահատիկ ու պարարտանյութ ստացած քաղաքացիների ստորագրությամբ անվանացանկը, որովհետեւ բոլոր գյուղերում գտնվելու եւ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու հնարավորություն չունեն։ Ի դեպ, ահազանգ կար նաեւ նույն մարզի Բաղրամյան գյուղի վերաբերյալ. գյուղացիները պնդում էին, որ իրենցից հավաքում են հողի, ջրի վարձերը եւ առանց համապատասխան կտրոններ տալու՝ հայտարարում, թե գանձել են ընդամենը 80-ական թվականների պարտքը։ Վերջին պատմությունը փոխմարզպետը որակեց որպես գյուղացիներին ու մարզպետարանին «ձեռ առնել», սակայն չժխտեց նաեւ վարձերի հավաքման առումով բաղրամյանցիների՝ Արարատում ամենավերջին տեղում գտնվելը (Բաղրամյանը 30-40%-ով է վճարում վարձերը)։ Ս. Գալստյանը հիշեց նաեւ, որ քանիցս դրվել է Բաղրամյանի համայնքի ղեկավարի՝ աշխատանքից հեռացնելու հարցը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ