Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախք

Նոյեմբեր 10,2001 00:00

Խիղճը հանձնած վիրահատական դանակին Ջավախք աշխարհի Արագվա գյուղում մի գողտրիկ եկեղեցի է կառուցվել ու անվանվել «Սրբոյ կուսանաց»։ Այն հիշատակն է Հայաստան Յայլախանյանի՝ վաղամեռիկ մի աղջկա։ Նրա հայրը չորս ամիս շարունակ Հայաստանից տեղափոխելով քարը՝ կանգնեցրեց եկեղեցին, որը օծելու էր եկել վիրահայոց թեմի առաջնորդ Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը։ Պատարագ մատուցեց Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբկեն աբեղա Սաղբիյանը։ Սակայն անմխիթար ծնողների վիշտը ոչնչով չես փարատի։ 20-ամյա աղջիկը զոհ գնաց անօրինակ անփութության ու անպատասխանատվության։ Արմենակ Յայլախանյանը ՆԳՆ բժշկական վարչության պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի պետն էր ու նաեւ աղջկա ազգականը։ Հավանաբար վստահելով նրա ե՛ւ արյունակցական կապին, ե՛ւ աշխատանքային կարեւորությանը, աղջիկը առանձնակի հոգատար վերաբերմունք է ակնկալել դիմելով նրան՝ ճակատին հայտնված ֆուրունկուլի (պրիշչիկ) մասին համապատասխան խորհրդի համար։ Վիրաբույժը ոգեւորվել է եւ առաջարկել վիրահատություն։ Արդյունքում՝ պրոֆեսիոնալ բժշկի ձեռքով պրիշչիկի վիրահատումից մահանում է առողջ, 20-ամյա աղջիկը։ Ակամա մարդասպան դարձած երիտասարդը փորձում էր հրաժարվել մեղքի իր բաժնից, հայտարարելով, թե հնարավոր է, որ մահը վրա է հասել օրգանիզմի այլ օջախների ինֆեկցիայից, ինչը, սակայն, հերքվել է դատարանում։ Տարօրինակ է դատավճիռը, որն ընդունել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ժ. Վարդանյան)՝ 2 տարի ազատազրկում (103 հոդված)։ Այնուհետեւ կիրառել 41 հոդվածը՝ մեկ տարի ժամանակով փորձաշրջան տալ՝ վարքի նկատմամբ հսկողությունը դնելով աշխատանքային կոլեկտիվի վրա։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում նորի՞ց զոհեր են պետք՝ համոզվելու, որ Արմենակ Յայլախանյանը մասնագետ բժիշկ չէ եւ այս դեպքը չի՞ գալիս փաստելու, որ նրա բժշկական պրակտիկան առհասարակ պետք է ընդհատել, որպեսզի վայ վիրաբույժի դանակից ուրիշ կյանքեր չընդհատվեն։ Ճիշտ է, ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ Գ. Մինասյանի 18.09.2001թ. որոշմամբ Արմենակ Յայլախանյանը հեռացվել է աշխատանքից եւ ՆԳՆ մարմիններից, սակայն ինչ երաշխիք, որ ուրիշ մի վայրում նա չի ծավալի իր «բուժական» պրակտիկան եւ ուրիշ կյանքեր զոհ չեն գնալու նրա դանակին։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել