Լրահոս
Օրվա լրահոսը

1993թ.

Նոյեմբեր 10,2001 00:00

ՏԵՐ ՄԻ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ՎԱՍՏԱԿԻՆ 1993թ. ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունը իր թիվ 160 որոշմամբ կատարեց մի պատմական քայլ՝ «Վերաթողարկել ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկը»։ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախկին խորհրդարանը եւ ՀՀ կառավարությունը կայացրին այն ժամանակների՝ մթի եւ ցրտի, սովի եւ հուսահատության, պատերազմի եւ շրջափակման, եւ վերջապես՝ թշնամի պետություններով շրջապատված նորաստեղծ պետության համար ամենակարեւոր որոշումներից մեկը։ Հիմա կասեք՝ «է, հետո, ո՞վ էր նրանց ասում կանգնեցնեին, որ հիմա էլ այդպես հերոսաբար ուզում են վերաթողարկել», այս հարցի պատասխանը կարող է հնչել շատ երկար, բայց միայն մի բան ասեմ, այսօրվա ՀԱԷԿ-ը իր հուսալիությամբ մի քանի անգամ գերազանցում է նախկինին, հետեւությունները արեք ինքներդ։ Միջազգային հանրության առաջին արձագանքը քար զարմանքն էր, հետո՝ հիստերիան, հետո կոչերը, որ չի կարելի, չեք կարող, չենք թողնի, չենք օգնի, կպատժենք եւ փորձեցին պատժել, իհարկե ոչ առանց մեր հարեւանի՝ Թուրքիայի հզոր քարոզարշավի, հետոներ էլի եղան, բայց դրա մասին մի քիչ ուշ։ Ինչպես միշտ, մեզ հետ մնաց Աստծո օրհնությունը եւ մեծ բարեկամ Ռուսաստանի բազմակողմանի օգնությունը։ Ի զարմանս հուսալքված կոլեկտիվի, ՀՀ կառավարությունը կայացրեց եւս մի ճիշտ եւ բացառիկ որոշում՝ «ՀԱԷԿ-ի տնօրեն նշանակել Սուրեն Հրանտի Ազատյանին»։ Մնում ես միայն զարմացած, թե այսքան սխալներ թույլ տված եւ այսքան թերություններ ունեցող իշխանությունները ինչպես կարողացան այդքան պատասխանատու եւ հակասական ժամանակներում գտնել միակ հնարավոր մարդուն եւ նշանակել այդ պաշտոնում։ ՀԱԷԿ-ի կոլեկտիվի ամենաառաջին կազմակերպիչներից մեկի՝ արտադրամասի նախկին պետի, գլխավոր ինժեների նախկին տեղեկալը առաջին օրը մտավ ատոմակայանի տարածք եւ տեսավ ճնշված, բարոյալքված, անթրաշ, հուսահատությունից ծռված մարդկանց խումբ, անխնամ, քանդ ու քարափ սարքավորումներ եւ շինություններ, շների եւ կատուների ոհմակներ։ Բայց մի բան եւս զգացվում էր, որ կոլեկտիվը ուրախ էր նրա նշանակմամբ։ Ստեղծվեց ճիշտ ստրուկտուրա, մշակվեց ճիշտ տակտիկա եւ սկսվեց հերոսական աշխատանքը։ Մանրացնե՞մ, չէ՛, չեմ մանրացնում, արել ենք այն, ինչ պետք է անեինք… Հերոսական աշխատանքը տոնեց իր հաղթանակը, ատոմակայանը վերաթողարկվեց, լույս սփռվեց հանրապետությունով մեկ, մենք ուրախացանք մեր հաղթանակով, թշնամիները տխրեցին, զարմացածները ավելի զարմացան, այ քեզ բա՜ն, որտեղի՞ց այս փոքր ազգին այսքան խելք, կամք ու տոկունություն, չէ՛, մենք ձեզ կօգնենք, խորհուրդներ էլ կտանք, փող էլ կտանք, միայն թե դուք ավելի լավացրեք ձեր կայանի հուսալիությունը, եկան ու տեսան, տեսան ու ավելի զարմացան։ Վիճակագրությունով հետաքրքրվողները թող գան ու իմանան, ինչպես է աշխատել նախկին կայանը, ինչպես է աշխատում վերաթողարկված կայանը եւ թե նախկինը ինչու պետք է կանգնեցվեր։ Սկսած տնօրենից, գլխավոր ինժեներից եւ վերջացրած ամենաներքին օղակի վերջին մարդով, իրենց վրա դրված պարտականությունները բոլորն էլ կատարեցին գերազանց։ Չէ՛, սրանք լուրջ պետություն են, սոված ու տկլոր, համ պատերազմի դաշտում են հաղթում, համ էլ իրենց խելքով ատոմակայան են վերաթողարկում ու մեր շատ սիրած խոսքերով՝ «համաշխարհային չափանիշներով» տարիներ շարունակ կարողանում են անվտանգ շահագործել։ Նախկին իշխանավորները եկան, տեսան, ուրախացան, մի երկու ժամացույց ու հուշանվեր թողեցին այս հերոսական կոլեկտիվին, նրա արարքով աշխարհի առաջ հպարտացան ու գնացին հաղթանակի պտուղները վայելելու եւ կամաց-կամաց այդ հաղթանակի «մեղավորներին» մոռանալու… Այդ նախկինները գոնե որոշում կայացրին, տղամարդկություն ունեցան, սխալների ուղղում կատարեցին, աջակցեցին կոլեկտիվին այս զարմանահրաշ հսկան վերաթողարկելու, գրողի ծոցը թե չմեծարեցին, բայց գոնե նրա հուսալի եւ անվթար աշխատանքները կազմակերպելուն չխանգարեցին, շատ թե քիչ ֆինանսական միջոցներ էին հատկացնում՝ թե շահագործման, թե վերանորոգման եւ թե աշխատավարձի համար։ Բա սրանք՝ հարայ-հրոցով եկան, որ իբր թե տեր կանգնեն էս խեղճ ու թալանված երկրին ու նրա հալից ընկած, կիսամեռ ժողովրդին «ծառայեն», վերականգնեն գործարաններն ու ժողովրդից խլված իշխանությունը նրան վերադարձնեն։ Ախպե՛ր, այդ իշխանությունը թող ձեզ մնա, բայց նորմալ իշխանավորներ եղեք, ո՞վ է լսել, որ տան ղեկավարը խելոք լինի ու իր տունը ներսից քանդի եւ եղած-չեղածը քամուն տա։ Ախր կթվողին եւ ձու ածողին պետք է կերակրես, որ էլի կթես ու ձու վերցնես եւ ոչ թե ամեն օր «կուտ» տաս, ոնց որ դուք եք մեզ «կուտ» տալիս էներգետիկայի նախարարով եւ վարչապետով։ Ի՞նչ է, ե՞ս պետք է ձեզ բացատրեմ, որ ՀԱԷԿ-ը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական մեծ նշանակության հիմնարկություն է, որ անվտանգության կուլտուրա ասվածը ոչ միայն սարքավորումները գերազանց վիճակում պահելն է, համապատասխան միջոցառումների շարունակական մշակումն ու իրականացումը, անձնակազմի, ձեր խոսքերով ասած, «արհեստավարժությունն» է, այլ նաեւ այդ նույն անձնակազմի շատ բարձր բարոյահոգեբանական պատրաստվածությունը, թե՞ թվում է, որ այս բոլորի մասին պետք է մտահոգվեն միայն պետական փակ բաժնետիրական ընկերության նախագահն ու գլխավոր ինժեները, բա պետությունը որտե՞ղ է։ Սոված ենք, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ, սոված ենք ամբողջ ընտանիքներով։ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը վտանգի տակ է, մտածե՛ք, հարգելի այրեր։ Դե հիմա ես ձեզ եմ հարցնում՝ հայրենասերը մե՞նք են, որ կայանը վերաթողարկեցինք եւ առ այսօր անվտանգ շահագործում ենք, մեր տնօրենն ու գլխավոր ինժենե՞րն են, որ անքուն գիշերներ են անցկացնում, արտադրամասերի պետե՞րն են, որ աշխատողների սոված հայացքներին նայելով՝ ատամները սեղմած աշխատում են, կոլեկտիվի մնացա՞ծ անդամներն են, որ երեխաներին սոված թողնում են տանը եւ ամեն օր գալիս իրենց աշխատատեղերում տքնում, թե՞ դուք եք, որ ջրի գործարանների եւ մի քանի մահճակալանոց հյուրանոցների ժապավեններ կտրելով ու մեծ-մեծ խոսելով իբրեւ թե երկիր եք ղեկավարում։ Չորս ամիս առանց ապրելու միջոցների շահագործվող կազմակերպությունն եք թողել, մեկ տարի էլ՝ ատոմակայանի պլանային վերանորոգումն իրականացնող բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններին։ Մեր «անիրավ» երեխեքն էլ մտածում են, մտածում եւ չեն հասկանում, թե էս ծնողները, որ իրենց ասելով գիշեր ու զօր աշխատում են, բա իրենք ինչո՞ւ են տկլոր ու սոված։ Մեր վիճակի մասին էլի ենք ասել, հիշո՞ւմ եք, վերեւում նշել էի «կուտի» մասին, հենց այդպես միայն «կուտ» եւ վերջ։ Իսկ Ատոմակայանում աշխատողը իրավունք չունի սխալվելու, բայց ամեն ինչ արվում է, որ սխալվի։ Դրանից հետո «վայը» դեռ ոչ մեկին էլ չի փրկել, «վայը» միայն ափսոսանք է, բայց այս դեպքում՝ ահավոր։ Հարգելի կառավարության անդամներ, հարգելի պատգամավորներ, մեկ-մեկ էլ եկեք Ատոմակայան, գոնե մի անգամ էլ դուք՝ արտասահմանից եկած հյուրերի նման հիացեք մեր ժողովրդի ստեղծած ամենաթանկ հարստություններից մեկով, նրա գիտնական, կազմակերպված կոլեկտիվով եւ մտածեք, թե էս ի՞նչ ենք անում, եւ ի՞նչն ենք ուզում քանդել։ Մտահոգված է միայն ողջ կոլեկտիվը, մտահոգված է մեր եւ մեր ազգի ճակատագրով։ Եվ, վերջապես, կամ մեր վաստակին տեր մի կանգնեք, կամ էլ եթե տեր եք, տեր կանգնեք նաեւ մեր բազմածավալ հոգսերին եւ մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին՝ համերաշխ, մեր խաչը կրել։ Պրն ՀՀ նախագահ, ինչպես մեր ողջ ժողովուրդը, այդպես էլ ՀԱԷԿ-ի կոլեկտիվը ապրում ենք շատ դժվար ժամանակներ, չնայած որ ձեր ժամանակը խիստ սահմանափակ է, բայց դուք կարող էիք, չէ՞, գոնե մեկ անգամ այցելել այս կարեւորագույն հիմնարկը։ Մենք մեր հույսը դեռ վերջնականապես չենք կտրել, քանի որ դեռեւս ձեզ հավատում ենք եւ համոզված ենք, որ դուք էլ 1993թ. պատմական որոշմանը կողմ եք եւ չէիք ցանկանա տեսնել ՀՀ էներգահամակարգի այս հսկայի հոգեվարքը։ Կայացրեք ձեր պատմական որոշումը՝ մեր բարոյալքվող կոլեկտիվին վերադարձնելու իր հավատը։ Եվ վերջում՝ ստեղծողին եւ կառուցողին մի խառնեք ձեր քաղաքական խաղերին, մենք քաղաքականությունից հեռու ենք։ ՏՈՆԻԿ ՄԱՑԱԿՅԱՆ ՀԱԷԿ ՓԲԸ-ի կապի ծառայության պետի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել