Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսյան

Նոյեմբեր 10,2001 00:00

Նրանք հայտնի են որպես միայնակ մայրեր Թբիլիսյան խճուղիում, Տեխնիկական ուսումնարանի հարեւանությամբ գտնվում է քառահարկ մի շենք, որը ներս մտնողի վրա բնակիչների կողմից լքվածի տպավորություն է թողնում։ Տրամաբանական պիտի լինի, որ այդ շենքի կիսափուլ պատերից ներս ոչ ոք չպետք է ապրի։ Շենք ներս մտնելուն պես, քեզ դիմավորում է աղբի ու խոնավության «անզուգական» միասնությունը եւ այլեւս չի լքում՝ ինչպես հոգատար տանտեր՝ ուղեկցելով ամենուր։ Նեղ, երկար միջանցքները, դեմ-հանդիման դասավորված սենյակները, պատերից ծուլորեն կախված նկարներն ու կարգ ու կանոն հուշող ցուցանակները, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման խոհանոցն ու ծռմռված եւ ապակիներից զուրկ փեղկերով լոգարան-զուգարանը անծանոթ աչքին հիշեցնում են այդ շենքի՝ նախկինում ուսանողական հանրակացարան լինելու մասին։ Այժմ այս հակասանիտարական ու անմարդկային պայմաններում մեծ ու փոքր ընտանիքներ են ապրում, փախստականներ, երիտասարդ աղջիկներ ու տղաներ։ Սակայն վերջիններս արդեն ուսանողներ չեն, այլ կյանքի հարվածներից ճնշված ու մաշված երիտասարդներ, որոնց, ինչպես մի առիթով պատմեց թիվ 9 ուսումնարանի տնօրենը, «Գավառի (այն ժամանակ՝ Կամո) մանկատնից տարիներ առաջ տեղափոխել են Երեւան՝ մեր ուսումնարանում ուսանելու։ Իսկ ժամանակավոր օթեւան նրանց հատկացրել էին կրթօջախին կից ուսանողական հանրակացարանը, որտեղ էլ ապրում են առայսօր՝ հիմնական տուն չունենալու պատճառով։ Ավարտելով ուսումը, ծնողազուրկ երեխաներից ոմանք ընդունվեցին աշխատանքի, ոմանք ամուսնացան, ընտանիք կազմեցին, իսկ ոմանք էլ չցանկացան ոչ աշխատել, ոչ էլ ժամանակին համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել՝ անձնագիր, համապատասխան վայրի գրանցում, պայմանագիր՝ շարունակելու համար հանրակացարանում ապրելը։ Հետեւաբար, չունեն աշխատանք: Եվ արդեն մի քանի տարի է, որ այդ աղջիկներից ոմանք ապրելու, գոյատեւելու համար այլ ճանապարհ են ընտրել»։ Այդ կանանց «վարք ու բարքով» խիստ անհանգստացած էին նաեւ շրջապատում բնակվողները։ Ինչպես պատմում էին նրանք, «հաճախ կարելի է տեսնել միջին տարիքի այդ կանանց. համարյա ամեն օր, ցանկացած եղանակի նրանք դուրս են գալիս տնից՝ հանդգնորեն ու անպատշաճ հագնված։ Աշխատանքի վայրը հեռու չէ, ընդամենը երկու քայլ՝ մինչեւ փողոց։ Հետո գործի են դնում իրենց ողջ ճարպկությունն ու, եթե «որսը» հաջողվում է (թեպետ անհայտ է՝ ով է որսը եւ ով՝ որսորդը- Լ. Բ.), ապա վերադառնում են կնոջ սենյակ… այդպես ամեն օր, ամեն անգամ։ Իսկ շենքը ինքնըստինքյան վեր է ածվում մանկատան՝ այս անգամ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար։ Հայտնի են միայն մայրերը, եւ եթե տղամարդ կա, ապա միայն ապագա նրանց որդիները։ Էլ չենք ասում, որ նրանց կողքին մեծանում են մեր երեխաները»։ Եղանք նաեւ նրանց բնակարաններում եւ զրուցեցինք այդ կանանցից մի քանիսի հետ։ Ինչպես հետո պարզվեց, երեսունն անց չկար նրանցից ոչ մեկը։ Բողոքում էին, որ չեն աշխատում, ամիսներ շարունակ զրկված են էլեկտրաէներգիայից՝ վարձը չվճարելու պատճառով, որ միակ հույսը զանազան օգնություններն են։ Սենյակներն էլ, ինչպես իրենց տերերը, նման էին մեկը մյուսին։ Ամենուր տիրում էր աղքատություն։ Եվ ինչպես իրենք էին ասում. «Դժվար է նման ստորացուցիչ պայմաններում արժանապատվություն պահել։ Աշխատանք չունենք, իսկ առօրյա ծախսերը հոգալու, հացի փող հայթայթելու համար ստիպված մարմնավաճառությամբ ենք զբաղվում, շատ դեպքերում գումար չենք վերցնում, մի փոր հացի համար էլ ենք համաձայնում, կամ երբեմն էլ այցելուները հոգում են մեր հոսանքի կամ այդ օրվա սննդի հարցը։ Աննպատակ ու անհույս ապրում ենք, երեխաներ մեծացնում»,- պատմում էին նրանք։ Իսկ ի՞նչ ճակատագրի կարժանանան նրանց կողքին մեծացող երեխաները։ Երեւի տղաներից ոմանք չդիմանալով այդ խայտառակությանը, լքեն տունը, իրենց մորն ու քրոջը։ Աղջիկներն էլ քաջատեղյակ լինելով մոր «մասնագիտության» մանրամասներին՝ կշարունակեն մայրերի արհեստը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ.Գ. Մի անգամ այդ վայրերում ականատես եղա հետեւյալ տեսարանին։ Բակից աղիողորմ լացի, ճիչերի ու շարունակ տեղացող հայհոյանքների ձայներ էին լսվում, սակայն, դատելով շրջապատի անտարբերությունից, դա սովորական երեւույթ էր այդտեղ։ Երեւույթի «զոհը» գզգզված մազերով, անպատշաճ զգեստով մի կին էր, որը թեպետ երիտասարդ էր, բայց ճակատագրի բերումով խորշոմը խազել էր մի քանի գիծ նրա լայն ճակատին։ Կինն անդադար գոռում էր, լաց լինում, արդարություն պահանջում՝ չգիտես ումից։ Իսկ նրա երեխան, չհասկանալով կատարվածը, իր անմեղ ու վախվորած աչքերով նայում էր մորը։ Ինչպես պատմեցին բնակիչները, «հերթական անգամ եկել են, կերել, խմել, հետո նրան ծեծի են ենթարկել, իսկ իր կատարած «աշխատանքի» դիմաց էլ չեն վճարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել