Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Նոյեմբեր 10,2001 00:00

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին «Նաիրիտ» բաժնետիրական ընկերության բաժնետերերս անվստահություն ենք հայտնում ընկերության խորհրդի նախագահ, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Աշոտ Շահնազարյանին եւ խորհրդի անդամ, նախարարության քիմիայի վարչության պետ Ալբերտ Սուքիասյանին։ Նրանք տարիներ շարունակ չեն ապահովել ձեռնարկության լիարժեք եւ եկամտաբեր շահագործումը, որի հետեւանքով ընկերության պարտքն արդեն գերազանցում է 50 մլրդ դրամը եւ գնալով «Նաիրիտի» վիճակը դառնում է անհուսալի։ Այն փակվելու դեպքում կորցնում ենք շուրջ 4000 աշխատատեղ։ Առանց տեխնիկատնտեսական հիմնավորման, խեղաթյուրելով փաստերը եւ թաքցնելով իրականությունը, արհամարհելով հարցին տիրապետող մասնագետների կարծիքը, բացահայտ սխալ եւ վնասաբեր, վոլյունտարիստական որոշում են ընդունել քլորոպրենային կաուչուկների արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ։ Ամպագոռգոռ հայտարարություններով ու սուտ փաստարկներով գործարքը հանրությանը ներկայացնում են որպես հայկական ճարտարագիտական մտքի խոշոր նվաճում։ Իրականում չինական կողմին անվճար տալիս են ձեռնարկության տեխնիկական փաստաթղթերը եւ որոշ սարքավորումներ, որոնց մեջ հատկապես մեծ արժեք ունեն «Դյուպոն» ֆիրմայի կաուչուկի արտադրության տեխնոլոգիական փաստաթղթերը եւ սարքավորումները։ Ի դեպ, ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 27-ի N 904 որոշմամբ, Չինաստանին տրվելիք 9 անուն սարքավորումները ներկայացված են որպես «չօգտագործվող եւ ոչ կոմպլեկտավորված, ներմուծված սարքավորումներ»։ Այդ սարքավորումները «Նաիրիտ-1»-ի կաուչուկների անջատման, չորացման եւ փաթեթավորման գործող հոսքագծի աշխատող առանձին ագրեգատներն են։ Հոսքագծի ընդհանուր արժեքը 30 մլն ԱՄՆ դոլար է եւ դրա այդպիսի մասնատումը առանձին մասերի, փաստորեն, հավասարազոր է ամբողջական հոսքագծի ապամոնտաժմանը։ Դա կհանգեցնի կաուչուկի գործող արտադրության արտադրական կարողությունների շեշտակի նվազեցմանը, արտադրությունը չի կարողանա ապահովել նորմալ շահութաբերություն եւ արտադրության հետագա շահագործումը կդառնա իմաստազուրկ։ Ինչպես հայտարարում են, Հայկական կողմի եկամուտը, գործարանը շահագործելուց եւ 12 տարով տարեկան 7%-ով 100 միլիոն վերցրած վարկը վերադարձնելուց հետո, կազմելու է տարեկան 4-6 մլն դոլար։ Այսինքն, եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ եկամուտ կստացվի, ապա այն կլինի 12 տարուց ոչ շուտ։ Իսկ այսօր ձեռնարկությունը ֆինանսներ չունենալու պատճառով չի աշխատում եւ, հավանաբար, փակվի։ Ըստ պայմանավորվածության, ապամոնտաժման աշխատանքները «Նաիրիտում» պետք է կատարի չինական կողմը, քանի որ նման աշխատանք կատարելու համար ձեռնարկությունում դավաճան բանվորներ չեն գտնվի։ Այսպիսով, արդյունքում Չինաստանը շենացնում է իր երկիրը՝ կառուցելով խոշոր քիմիական համալիր եւ նրա շուրջը 2,5 մլն բնակչությամբ քաղաք, իսկ Հայաստանը անում է ճիշտ հակառակը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք . Ա. Շահնազարյանին, Ա. Սուքիասյանին ետ կանչել «Նաիրիտ» ընկերության խորհրդի կազմից եւ ազատել «Նաիրիտի» ղեկավարման պաշտոնավարումից։ . Անհապաղ կասեցնել եւ վերանայել հայ-չինական համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ 2001թ. հոկտեմբերի 12-ին Չինաստանում ստորագրված պայմանագիրը։ Նրանում ամրագրված դրույթները եւ կողմերի ստանձնած պարտավորությունները չեն բխում Հայաստանի, «Նաիրիտի» եւ առավելապես «Նաիրիտ-1»-ի շահերից։ Հիմնավորված չէ կողմերի փոխշահավետության պայմանները։ ՋԻԼԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ «Նաիրիտ» ընկերության բաժնետերերի անունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել