Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանի

Նոյեմբեր 10,2001 00:00

Աֆղանստան-Անդրկովկաս Աֆղանստանի հարավում ապստամբության երկրորդ փորձի տապալումից հետո, ԱՄՆ-ի ռազմական գործողությունները կենտրոնացան «ռուսական տարբերակի»՝ Հյուսիսային ալյանսի օգնության վրա։ Առայժմ անարդյունավետ տարվող պատերազմում բեկում կարող է մտցնել ռազմավարական տեսակետից չափազանց կարեւոր Մազարի-Շարիֆ քաղաքի գրավումը, ինչի վրա եւ կենտրոնացվում են այսօր ԱՄՆ-ի եւ Ալյանսի համատեղ գործողությունները։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռամսֆիլդի այցը Մոսկվա, ապա Տաշքենդ, Դուշամբե, Իսլամաբադ եւ Դելի, երեւի թե վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմական պլացդարմը ապակենտրոնացվելու է անկայուն Պակիստանից դեպի Ուզբեկստան, Տաջիկստան եւ Ալյանսի դիրքերը։ Բուշի համար ամենամեծ անհանգստության աղբյուր է մնում Պակիստանի միջուկային զենքը եւ դրա՝ թալիբամետ ուժերի ձեռքում հայտնվելու հնարավորությունը։ ԱՄՆ-ը որդեգրեց Ռուսաստանի տեսակետը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ուղղությամբ, հայտարարելով, որ թալիբները տեղ չունեն պատերազմից հետո ստեղծվելիք կառավարության մեջ։ Սկզբում ԱՄՆ-ը կարծես թե հավանություն էր տալիս Պակիստանի ղեկավարության տարբերակին, ըստ որի, կառավարության կազմում պետք է ընդգրկվեն «չափավոր թալիբները»։ Այս տեսակետը կարող է բարդություններ առաջացնել Պակիստանի հետ, ինչպես նաեւ ռամադանի ժամանակ ռազմական գործողությունների շարունակումը (ինչին կտրականապես դեմ է Իսլամաբադը)։ Սակայն Պակիստանից թալիբներին օգնության շտապող զինված ընդդիմադիրների շարասյան վճռական ռմբակոծությունը ամերիկյան ավիացիայի կողմից ցույց է տալիս, որ Պակիստանի պրոթալիբյան ընդդիմության հանդեպ ընտրվել է կոշտ ուժային տարբերակը։ Բուշի համար եւս մի կարեւորագույն խնդիր է մնում. սեփական երկրում իրավիճակի կայունացումը։ Չնայած գործադրվող գերճիգերին, խուճապային տրամադրությունները ԱՄՆ-ում միայն աճում են։ ԱՄՆ-ի ղեկավարությունն ամենեւին էլ չի կարողանում առայժմ գտնել ժողովրդին հանգստացնելու բանաձեւը։ Օրինակ, վերջին պաշտոնական հայտարարությունը՝ մոտակա օրերին սպասվող ահաբեկչական ակտերի մասին, առաջացրեց անվստահության եւ խուճապի նոր ալիք։ Սակայն բոլորովին պարզ չէ նման տեղեկատվության անհրաժեշտությունը։ Մի՞թե հնարավոր չէր ձեռնարկել համապատասխան միջոցառումներ առանց արեւմտյան հրապարակայնության։ Իսկ այժմ փորձենք դիտարկել, թե ինչպես է ազդել սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված կացությունը աշխարհի եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանի վրա։ Շատերը փորձեցին «պղտոր ջրում ձկնիկ որսալ»։ Չեչենները սկզբում ակտիվացրին իրենց պարտիզանական գործողությունները, բայց շատ արագ պարզվեց, որ իրավիճակի փոփոխությունից օգտվելու է բացառապես Ռուսաստանը, որն ԱՄՆ-ից եւ Եվրոպայից «քարտ-բլանշ» ստացավ Չեչնիայի հարցով։ Իր շանսը՝ ուժեղացնելու ճնշումները պաղեստինցիների հանդեպ, չկորցրեց փորձառու Արիել Շարոնը։ Սակայն մի այլ փորձառու քաղաքական գործիչ՝ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, կոպիտ սխալ գործեց, փորձելով չեչեն գրոհայինների միջոցով լուծել Աբխազիայի խնդիրը։ Փորձը տապալվեց, սակայն առաջ բերեց Ռուսաստանի չափազանց խիստ վրդովմունքը։ Վերջինս այժմ, թվում է, միանշանակ նպատակ է դրել նպաստելու Վրաստանում իշխանափոխության իրականացմանը։ Այս օրերին Վրաստանում ծավալվող քաղաքական ճգնաժամը պատահական չէ եւ, անկախ նրանից, թե ինչով այն կավարտվի, Ռուսաստանը չի հանգստանա, քանի դեռ ղեկի մոտ է Շեւարդնաձեն։ Դա բավականին լուրջ է, քանզի ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը դժվար թե միջամտի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա վարկանիշը անընդհատ աճում է՝ Մոսկվա այցելող այլերկրյա պաշտոնյաների քանակը բազմապատկվել է մի քանի անգամ։ ԱՄՆ-ի հավատարիմ գործընկեր Թուրքիան, որը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում, խոշոր վարկ ստացավ։ Խոսակցություն է գնում անգամ Թուրքիայի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցելու մասին։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը սկզբում փորձեց ներկայացնել Հայաստանը որպես ահաբեկչական երկիր, իսկ հետո սպառնաց, որ եթե ղարաբաղյան խնդիրը շուտափույթ չհանգուցալուծվի, կարող են սկսվել ռազմական գործողությունները։ Տարածաշրջան շտապեցին Մինսկի խմբի համանախագահները՝ Ալիեւին հանգստացնելու եւ պատերազմի հնարավորության իրական նախադրյալների բացակայության մեջ համոզվելու համար։ Օսկանյանը ավելի հետաքրքիր քայլ չգտավ, քան հայտարարել, որ Հայաստանը հավատարիմ է փարիզյան սկզբունքներին, ինչին համանախագահները սթափեցնող պատասխանեցին, թե այդպիսի ամրագրված սկզբունքներ գոյություն չունեն՝ խոսքը գնում էր ընդամենը նախընտրելի ուղղությունների մասին։ «Խոհեմությունն» ու պասիվությունը միշտ չէ, որ դրական արդյունքների են հանգեցնում։ Ստեղծված կացությունը ավելի շատ ակտիվ եւ ոչ օրդինար լուծումներ է պահանջում։ Չմոռանանք, որ Ալիեւը նաեւ հաջողության է հասել 907 բանաձեւի հարցում։ Հայաստանին հանգստացնելու համար նրան 4,6 մլն դոլարի «ռազմական օգնություն» են խոստացել, ինչը դժվար թե ուրախացնի Ռուսաստանին։ Եթե դու անվերջ դոփում ես նույն տեղում, իսկ քո հակառակորդը ակտիվորեն գործում եւ տարբերակներ է որոնում, նա վաղ թե ուշ կգտնի քեզ շրջանցելու հնարավորությունը։ Օրինակ, Բուշի անձնակազմը հայտարարեց, որ երբեք էլ կողմնակից չի եղել Ադրբեջան նավթատարի՝ Հայաստանի տարածքով անցնելուն. միգուցե մանրուք է, բայց հաճելի չէ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել