ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ Ձախողումներ արտաքին քաղաքականության մեջ Վերջին երեք ու կես տարում վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով Հայաստանը հայտնվել է շատ ծանր իրավիճակի մեջ: Հայաստանը կորցրել է իր բոլոր ռազմավարական դաշնակիցներին, քարը քարին չի մնացել կոմպլիմենտարիզմից, ընկել է երկրի միջազգային հեղինակությունը, միջազգային կազմակերպություններն ու բազմաթիվ պետություններ շարունակ ընդունում են մեզ համար աննպաստ բանաձեւեր ու որոշումներ, բարձրաստիճան պաշտոնյաները այլեւս չեն կարողանում տրամաբանական ու ադեկվատ քայլեր ձեռնարկել: Արդյունքում՝ ի չիք են դարձվում նախկինում եղած արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերումները: ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջին հրապարակային ելույթները հատկանշական են իշխանության շարունակվող դեգրադացիան հաստատելու առումով եւ տագնապալից՝ իրենց անհետեւողականությամբ ու հակասականությամբ: Նախ, Ս.Սարգսյանը նշում է, որ Հայաստանը պատրաստ է ռազմական եւ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական Ասիայի պետություններին՝ Աֆղանստանի կողմից ագրեսիայի դեպքում, քանզի Հայաստանը պարտավորվածություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ-երկրների նկատմամբ: Անկասկած է, որ այս դիրքորոշումը հատուկ ընդգծելը անիմաստ է, քանի որ այն չի բխում մեր շահերից եւ բացասաբար է ընդունվում հարեւան Իրանի կողմից: Ընդ որում, Իրանը մեր միակ հարեւանն է, որը չի խրախուսում Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողությունները: Ներկա վարչախումբը հետ է կանգնել արտաքին հարաբերություններում զսպվածություն եւ կշռադատվածություն դրսեւորելու՝ նախկին իշխանությունների ուղեգծից: Պետք է հիշեցնել, որ Հանրապետության անկախության նվաճման առաջին իսկ օրվանից այդ քաղաքականությունը մշտապես դրական արդյունքներ է տվել: Չնայած «իսլամական» Ադրբեջանի հետ զինված հակամարտությանը, իսլամական աշխարհը բավարարվեց Հայաստանի նկատմամբ ընդամենը մի քանի ցուցադրական քայլերով (բացառությամբ, իհարկե, Թուրքիայի), իսկ արաբական երկրների մեծ մասը համակրանքով էր վերաբերում մեզ եւ անգամ գործնական աջակցություն ցուցաբերում (հիշատակենք, թեկուզ, Սիրիայի կողմից հացի մատակարարումը): Հայաստանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների եւ ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Արեւմուտքը հանդուրժեց հայ-իրանական ակտիվ կապերը, այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ ինքը վարում էր կոշտ քաղաքականություն եւ փորձում մեկուսացնել նրան: Այսօր վիճակն այնպիսին է, որ հայ պաշտոնյաները իրար հակասող տեսակետներ են արտահայտում. Ս.Սարգսյանը ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքում է Վ.Օսկանյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է հրաժարվել ԼՂՀ-ի անկախությունից՝ դա համարելով արտգործնախարարի անձնական կարծիքը: Տարրական գիտելիքներ եւ նույնքան պատասխանատվություն է հարկավոր ունենալ հասկանալու համար, որ արտաքին գործերի նախարարի ցանկացած խոսք ընդունվում է որպես պաշտոնական տեսակետ: Ի դեպ, պաշտոնականին հակասող անձնական կարծիք արտահայտելու համար 1992թ. անմիջապես պաշտոնանկ արվեց արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նույնիսկ ներքին քաղաքականության հարցերում (բյուջեի քննարկման ժամանակ) ընդհանուրից տարբերվող կարծիք արտահայտելու համար 1993թ. հունվարին պաշտոնանկ արվեց վարչապետ Խոսրով Հարությունյանը: Պաշտպանության նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը չի մասնակցի պատերազմին Հայաստանի կողմից: Սրանով նա հաստատել է այն քաղաքագետների գնահատականը, որ ՀԱՊ-ի պայմանագիրը Հայաստանին որեւէ օգուտ չի տալիս: Ուրեմն, այդ պայմանագրով Հայաստանը պետք է մասնակցի Աֆղանստանի դեմ պատերազմին, իսկ Ռուսաստանը չի սատարելու Հայաստանին, թեպետ պայմանագրով (4-րդ կետ) այդ պարտավորությունը ստանձնել է: Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն առաջին հերթին արտացոլվում է ռազմական ոլորտում: Բայց, մեր կարծիքով, ռազմականը ոչ թե «առաջին հերթին» իրականացվող համագործակցությունն է, այլ՝ միակ, քանի որ Ռուսաստանին ունեցած մեր պարտքի դիմաց մի շարք կարեւոր ձեռնարկությունների հանձնման պատրաստակամությունը չստիպեց Ռուսաստանին համաձայնել մեր պարտքերի վերակառուցմանը (հետաձգմանը) եւ մեր «դաշնակիցը» շարունակում է անընդհատ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ կրճատելով գազամատակարարումը: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը ռազմական ֆորպոստ է: Այն, որ ներկա իշխանություններն առանց Ռուսաստանի որեւէ ինքնուրույն քայլ անել ի վիճակի չեն, ցույց տվեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած իրադարձությունները, երբ Վրաստանն ու Ադրբեջանն անմիջապես իրենց զորակցությունը հայտնեցին ԱՄՆ-ին եւ պատրաստակամ եղան իրենց օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ի օդուժին: Իսկ Հայաստանը բավարարվեց ընդամենը ցավակցություն հայտնելով: Եվ միայն բավական ուշ, երբ Ռուսաստանը պաշտոնապես ողջունեց Աֆղանստանի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները, օրվա իշխանությունները նույնպես հայտարարեցին Հայաստանի օդային տարածքները ԱՄՆ-ին տրամադրելու մասին: Բայց դա որեւէ արձագանք չստացավ, քանի որ բոլորի համար պարզ էր դրանց սկզբնաղբյուրը: Եվ, բնականաբար, ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ կապված հարցերը լուծում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: Ս.Սարգսյանը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ չի կարողանում ինչ-որ գնահատական տալ, քանզի, իր իսկ խոստովանությամբ, չի տիրապետում լիակատար տեղեկատվության եւ անաչառ վերլուծության: Զավեշտականն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում եւ կարողանում ստեղծել մասնագիտական հետազոտական մի ծառայություն, որի պահպանման տարեկան բյուջեն, թերեւս, համեմատելի է մեկ օր խրախճանքներում նրանց մսխածին կամ Սոս Սարգսյանի նման նոմենկլատուրային մտավորականների «խնամքի» ծախսերին: Նման ծառայությունը, գուցե, կօգներ պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե ինչ կապ գոյություն ունի 907-րդ հոդվածի գործողության կասեցման, Եվրամիության եւ Եվրախորհրդի ընդունած ոչ հայանպաստ բանաձեւերի ու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների միջեւ: Եվ բնավ պատահական չէ, որ Օսկանյանը, մոռացության տալով «կա՛մ անկախություն, կա՛մ միացում» հաղթողական ծրագիրը, ղարաբաղյան հիմնահարցի լուծումը սկսել է որոնել քվեբեկյան անհայտ խորխորատներում: Աշխարհաքաղաքական ճիշտ գնահատականներ տալու անընդունակ բանակի ղեկավարը, սակայն, նշում է, թե բանակի մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա է, ունի նյութական լավ ռեսուրսներ եւ Ադրբեջանին կարող է ցանկացած պահի «տեղը դնել»: Շատերին է զարմացրել նրա խոսքը, թե Ղարաբաղում ծառայում է Հայաստանի այնքան քաղաքացի, որքան անհրաժեշտ է… Եվ դրանից հետո իշխանավորները տրտնջում են, որ աշխարհը Հայաստանին ճանաչում է ագրեսոր, ղարաբաղյան հակամարտության կողմ, իսկ ղարաբաղյան շարժումը՝ անջատողական: Սա այն գինն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը վճարում են անպատասխանատու եւ անգրագետ իշխանավորների երեսից: ՄՀԵՐ ՂԱԼԵՉՅԱՆ