ՕՐՀՈՒՍԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ Երեկ ՄԱԿ-ում «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեմինար էր հրավիրվել՝ նվիրված Օրհուսի դաշնագրին։ Հայաստանը 16-րդ երկիրն է, որը վավերացրել է այն եւ շուրջ մեկ ամիս է դաշնագիրը իրավական առումով ուժի մեջ է մտել ու այլեւս ՀՀ-ի իրավական համակարգի մաս է կազմում։ Քանի որ վերոհիշյալ կազմակերպության ջանքերը դաշնագրին միանալու եւ նրան իրավական ուժ տալու գործում շատ մեծ են եղել, ուստի ոգեւորությունն էլ համապատասխան չափաբաժինն ունի։ Սեմինարի նպատակն էր «տպավորություններով կիսվելը»,- ասաց ՇՄԻՊԿ-ի ղեկավար Աիդա Իսկոյանը։ Իսկ լոզունգն էր «Մարդու էկոլոգիական իրավունքների ապահովումը կայացած է» միտքը, որովհետեւ յուրաքանչյուր ելույթ ունեցող հատուկ ընդգծում էր այն։ Հուսանք, որ սեմինարի ընթացքում բոլոր տպավորությունները կիսվեցին։ Իսկ իմ այն տպավորությունը, որ ՀՀ-ն հաջողությամբ տարբեր կոնվենցիաների միանում է, բայց դա իրականության մեջ գրեթե չի արտացոլվում, Էկոլոգիական ֆոնդի նախագահ Բորիս Մեհրաբյանը փարատեց այսպես. «Մեր հանրապետությունում էկոլոգիական հարցերը դեռ չեն ընկալվում որպես տնտեսական հարցեր»։ Մնում է միայն հուսալ, որ տպավորություններ փոխանակելուց զատ գործունեության դաշտ կայացնելու կառուցողական ծրագրեր էլ կծնվեն։ Ինչ վերաբերում է բուն դաշնագրին՝ այն սահմանում է քաղաքացիների մինիմալ իրավունքներ՝ տեղեկատվություն ստանալու, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության, արդարադատության մատչելիության ասպարեզներում։ Մասնավորապես, կառավարությունը պարտավոր է ստանալ եւ տարածել բնապահպանական տեղեկատվությունը, բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն հայցել եւ ստանալ այդպիսի տեղեկատվություն, իրավունք ունեն մասնակցել բնապահպանական հարցերով որոշումների ընդունմանը, հասարակության իրավունքների խախտման դեպքում դիմել վարչական եւ դատական մարմիններին։ Ն. Գ.