ՇԱԲԱԹՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱԺՄ-ն Պառակտման գործընթացները այդ կուսակցությունում մոլեկուլյար մակարդակից փոխանցվել են ատոմայինի: Այսօր ԱԺՄ-ն տրոհվել է 5 մասի. բուն ԱԺՄ-ն, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական դաշինքը, Ժողովրդավարական ազատական միությունը եւ, վերջապես, Ֆիլարետ Բերիկյան մարդ-կուսակցությունը: Տրոհվելու տեղ այլեւս չկա: Եթե, իհարկե, նախկին ԱԺՄ-ականներից որեւէ մեկը չորոշի հիմնել միաժամանակ երկու կուսակցություն եւ իր ուղեղի տարբեր կեսերով մասնակցել այդ կուսակցությունների աշխատանքին: ՀՅԴ-ն Չափազանց ընտրողաբար են մոտենում այդ կուսակցության ներկայացուցիչները Արշակ Սադոյանի հայտարարություններին: Անցած շաբաթ, օրինակ, դաշնակցականները որոշեցին, որ այդ գործչի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել: Հետաքրքիր է՝ խոսքը պրն Սադոյանի բոլո՞ր ելույթների մասին է, թե՞ միայն այն ելույթների, որոնցում քննադատվում է 111-ամյա կուսակցությունը: Թե չէ՝ երբ Սադոյանը խոսում էր «արյունը ծծելու», «էներգատեռորի» եւ «լափած մազութի» մասին, դաշնակցականները դրան միանգամայն լուրջ էին վերաբերվում, գուցե նույնիսկ զմայլվում էին նրա հռետորական ելեւէջներով: Նիկոս Յորղուլասը Հայ հասարակության նկատմամբ ընդգծված արհամարհանքի ակնհայտ ցուցադրումով անցած շաբաթ հանդես եկավ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենը: Նա կանչեց երկու տասնյակից ավելի լրագրողների, կարդաց նրանց արդեն հայտնի հայտարարությունը, եւ, չպատասխանելով որեւէ հարցի, հպարտ հեռացավ դահլիճից: Ենթադրում եմ, որ նման ցուցադրական ամբարտավանության պատճառը մեր կառավարության կեցվածքն է։ Կառավարությունը սկզբից սպառնում է դատի տալ «ԱրմենՏելին», այնուհետեւ բանակցելու առաջարկներ է անում, եւ ընդհանրապես՝ «ԱրմենՏելի» հարցում իրեն դրսեւորել է որպես կատարյալ փալաս: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ