Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ից

Նոյեմբեր 10,2001 00:00

ՀԺԱՄ-ն ԱԺՄ-ի իրավահաջո՞րդն է ԱԺՄ-ից անջատված արդեն երրորդ կազմակերպության՝ Հայաստանի ժողովրդավարական ազատական միության վարչության նախագահ Սեյրան Ավագյանը բազմիցս էր նշել, թե ԱԺՄ-ի նախագահի հետ միայն գործելակերպային տարբերություններ ունեին։ Խնդրեցինք որոշակի օրինակ մատնանշելով փաստարկել, թե ինչպես են դրսեւորվել այդ տարբերությունները. «Շատ որոշակի օրինակ ունեմ։ Երբ անցած տարվա սեպտեմբերին քննարկվում էր Արմեն Խաչատրյանի հրաժարականի խնդիրը, պարզվեց, որ այն, ինչ ասում էին մեզ, որ եղել է պայմանավորվածություն եւ խոստում ԱԺՄ-ի կողմից եւ այն, ինչ մեր խմբակցության ղեկավարն էր ասում, թե ինչն է խոստումը՝ դրանց մեջ բավական սկզբունքային տարբերություն կար։ Մեզ ասվում էր, թե խմբակցության ղեկավարը համաձայնություն է տվել հրաժարականի գործընթացին, բայց Վազգեն Մանուկյանը խմբակցությունում ներկայացրեց մի քիչ ուրիշ տեսակետ եւ մենք հայտնվեցինք շատ նուրբ ու բավական հակասական վիճակի մեջ։ Եվ շատ դժվար եղավ դրանից դուրս գալը, կուսակցությունում բավականին ճեղքեր առաջացան»։ Սեյրան Ավագյանը նաեւ նշեց. «Իմիջիայլոց, դա միայն մեր կուսակցությանը չէր հատուկ։ Հետագայում, երբ մենք այդ հարցերը քննարկում էինք նաեւ ուրիշ կուսակցությունների հետ՝ նրանք էլ էին արդյունավետ համարում, որ սկզբունքային բանակցային գործընթացներին մասնակցեն կուսակցությունների ոչ թե 1, այլ 2-3 ներկայացուցիչներ, քանի որ ընկալումների տարբերություններ են լինում։ Եվ երբ տարբեր մարդիկ են ներկայացնում իրենց ընկալումները՝ պատկերն ամբողջանում է եւ համակարգվում են մոտեցումները»։ Շրջելով ԱԺՄ-ին առնչվող էջը, պրն Ավագյանը ամփոփեց. «Կուսակցությունների համար ամենավատ բանն, իմ կարծիքով, այն վիճակն է, երբ ղեկավար մարմինը որոշում չի ընդունում։ Դա նշանակում է, որ նա չկա՛։ Որոշումները կարող են լինել շատ ճշգրիտ՝ փառք ու պատիվ այդ ղեկավար մարմնին, որը կարողանում է նշակետին հարվածել։ Բայց պարտադիր չէ, էլի, որ բոլոր որոշումներն այդքան ճշգրիտ լինեն՝ կարող են նաեւ մի քիչ սխալ, թերի լինել, բայց ընդհանրապես չլինելուց վատ բան չկա»։ Եվ սա համարվեց ԱԺՄ-ի ղեկավարի հետ գործելակերպային հիմնական տարբերությունը՝ որոշումներ չկայացնելը։ Երբ ՀԺԱՄ-ը գրանցվեց արդարադատության նախարարությունում՝ Սեյրան Ավագյանը լրագրողներին հայտնել էր, որ այն իր շարքերում միավորում է 1200 հոգու. «Մեր կազմակերպական հարցերով զբաղվողներն են մեզ հայտնել այդ թիվը։ Վարչության վերջին նիստում կայացվել է անդամատոմսեր բաժանելու որոշում։ Եվ մոտ ապագայում ճշգրիտ կիմանանք, թե որքան են կուսակցության իրական անդամները»։ Վերջին համագումարը նախաձեռնած ԱԺՄ տարածքային կազմակերպություններից մեկի ղեկավարն ասուլիսում հայտնել էր, թե կուսակցության թվաքանակը 1200-1500-ի սահմաններում է։ Ուրեմն, գրեթե բոլո՞րն են իրենց ետեւից դուրս եկել ԱԺՄ-ից՝ այս հարցին պրն Ավագյանը նախընտրեց այսպես պատասխանել. «Ակտիվ գործընթացներն ԱԺՄ-ում սկսվել էին 1998-ից՝ շատերը հեռացել էին ե՛ւ կուսակցությունից, ե՛ւ անգամ հանրապետությունից։ Հետո իրենց կուսակցությունները հիմնադրեցին Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը։ Եվ շատերն էլ ԱԺՄ-ից դուրս եկան ու անդամագրվեցին այդ կուսակցություններին։ Մենք կարեւորում էինք վերահաշվառումը, որ տեսնենք, թե պատկերն ինչպիսին է։ Մեր գնահատականներով, թվերը հետեւյալն էին՝ 1500-2000։ Ճշգրիտ ոչ մեկը չգիտի անդամների քանակը, քանի որ վերահաշվառումը մինչեւ վերջ չի արվել»։ ՀԺԱՄ որոշ ներկայացուցիչներ իրենց հայտարարում են ԱԺՄ իրավահաջորդը, բացատրելու համար, թե ինչու են իրենք խորհրդարանում շարունակում հանդես գալ ԱԺՄ անունից։ Արդյոք կոռե՞կտ ձեւակերպում է սա այն պայմաններում, երբ ԱԺՄ-ն լուծարված չէ եւ նույն խմբակցության մեջ է նաեւ այդ կուսակցության նախագահը։ Սեյրան Ավագյանի պատասխանը կարծես առավել բացատրություն էր, թե ինչո՞ւ են իրենք իրավասու մնալ ԱԺՄ խմբակցության մեջ. «Նախ մի պնդման կուզենայի անդրադառնալ, թե ընտրողները ընտրում են կուսակցությանը։ Համամասնական ընտրակարգի վերաբերյալ այդպիսի ընկալում կա։ Բայց իրավունքի տեսակետից համամասնական ընտրությունը չի նշանակում ձայն տալ կուսակցությանը»։ Նկատեցինք, որ բավական վիճելի պնդում է. մեծամասնական ընտրակարգի ժամանակ են ընտրում անձերի, իսկ համամասնականի պարագայում ընտրում են կուսակցությունը՝ դրա ծրագիրն ու գաղափարախոսությունը։ Պրն Ավագյանը հավելեց. «Այո՛, մարդիկ ձայն են տալիս առաջին հերթին գաղափարներին, քաղաքական սկզբունքներին, ներկայացված ծրագրերին, բայց ընտրում են այն անձանց, ովքեր, իրենց կարծիքով կարող են լավագույնս իրականացնել դրանք։ Ընտրողին ներկայացվում է ցուցակ եւ, միեւնույն է, ձայնը տրվում է որոշակի անձանց։ Սա՛ է համամասնական ընտրությունների հիմնարար գաղափարախոսությունն ու իրավականությունը»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել