«ՈՎ ԵՍ ԴՈՒ, ՈՎ ԵՄ ԵՍ՝ ՉԳԻՏԵՄ…» Արձագանք «Առավոտի» ս/թ սեպտեմբերի 21-ի համարում տպագրված «Գրքի բովանդակության արդյունքները» հոդվածին Դժբախտաբար մռայլ կանխատեսումները շարունակում են իրականանալ եւ խորանալ։ Ժողովրդի շահերը պաշտպանելու կոչված կուսակցությունների մեծամասնությունը իշխանական ռեսուրսների ճնշման ու ազդեցության տակ մեկը մյուսի հետեւից տրոհվում ու պառակտվում են, եւ արտաքին ընդդիմություն իրականացնելու փոխարեն մրցակցում են ներսում իրար ուտելու ու վարկաբեկելու մեջ։ Այս կարճամիտ ու ուղեղազուրկ պայքարում օգտագործվում է ցանկացած անբարոյական ու կեղտոտ միջոց։ Տեսեք, թե փարիսեցիությունն ինչ աստիճանի է հասել։ ՀԿԿ Կենտկոմի անդամ Հենրիկ Սահակյանը զարմանքից ու զայրույթից քունն է կորցրել, թե այդ «ով է Ռազմիկ Օհանջանյանը», որ հանդգնել է իր հուշերում հիշատակել կոմունիստական անցյալի հանրածանոթ ու անվիճելի թերությունների մասին։ Ըստ երեւույթին Հենրիկ Սահակյանի կարծիքով, եթե այսօր ժողովրդի սոցիալական վիճակը անտանելի է ու անհամեմատ վատ, քան անցյալում, ապա անցյալի այլանդակությունները համարվում են անվավեր։ Ով չգիտի, որ կոմունիստական հասարակարգը փլուզվեց, քանի որ տարեցտարի նորանոր խեղաթյուրումներ ու այլասերվածություններ էին դրսեւորվում հասարակական կյանքում՝ ապականելով կոմունիստական վեհ գաղափարները։ Իսկ ովքե՞ր էին դրանց հեղինակները, հասարակ քաղաքացինե՞րը, թե՞ շարքային կոմունիստները։ Կասկած կա՞, որ ինչպես մեր օրերում, այնպես էլ այն ժամանակ, հասարակական կյանքում տեղ գտած մասսայական այլանդակությունների պատճառները կապված են իշխանավորների հետ։ Ինչի՞ց է բողոքում Հենրիկ Սահակյանը՝ ՀԿԿ Կենտկոմի անդամը, մոռացե՞լ է արդյոք, որ կոմունիստական հասարակարգի տարիներին ժողովրդական բանահյուսության անեկդոտ էր դարձել՝ «գնացել է Մոսկվա՝ վեպեշա, որ գա ռայկոմ բացի» (կարդա այսօրվա «դախլը»)։ Ասեք խնդրեմ, Հենրիկ Սահակյան եւ այլք, ռայկոմները չէ՞ին, որ բոլոր սանձերը ձեռքները վերցրած անցել էին պաշտոններ ծախելուն, էլ չասած կուսակցության անդամություն ընդունելու տեղերի մասին, որը, ըստ Վ. Լենինի որակավորման, հանդիսանում էր «ցՎ, փպրՑՖ Ռ րՏՉպրՑՖ վՈՔպռ ֆտՏւՌ»։ Արդյոք այն ժամանակվա ռայկոմի քարտուղարները չէի՞ն այս ստոր, գաղափարաուհավատաքայքայիչ գործունեություն իրականացնողները։ Եվ, վերջապես, մոռացե՞լ եք, թե ինչ կարգախոս առաջ քաշեց իր քարտուղար դառնալու առաջին իսկ խորհրդակցություններից մեկում երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը։ Կարող եմ բառացի հիշեցնել (թարգմանաբար ռուսերենից)՝ «մենք խստագույն պայքար պիտի ծավալենք մեր հասարակությունը քայքայող կոռուպցիայի դեմ… պայքարի սուրը առաջին հերթին պիտի ուղղենք ընդդեմ խոշոր գիշատիչների»։ Թե ովքեր էին այդ խոշոր գիշատիչները, դժվար չէ կռահել հետեւյալ էպիզոդից։ Կենտկոմի դահլիճը, որտեղ ընթանում էր այդ խորհրդակցությունը, որի մասնակիցներն էին կուսռայկոմների քարտուղարները, կենտկոմի անդամները, մինիստրները եւ այլ բարձր պաշտոնյաներ, երկու շքամուտք ուներ։ Ընդմիջման ժամանակ նախամուտքում խումբ-խումբ զրուցող հանրածանոթ պաշտոնյաներից մեկը (անունն էական չէ) սրամտեց՝ «զարմանալի մարդ է էս Կարենը, եթե էդքան զորեղ ես, երկու դուռ ա, փակի, ու բոլոր խոշոր գիշատիչները քո ձեռքում են»։ Բոլորը ծիծաղեցին, որպես հավանություն ասվածին։ Ի՞նչ է, Հենրիկ Սահակյան եւ այլք, չե՞ք հիշում այս ամենը, թե՞ ուզում եք, ինչպես ասում են, «ուղտը նստել ու կուզեկուզ ման գալ» եւ ոչ միայն անտեսել անցյալի թերությունները, այլ նույնիսկ ցեխ շպրտել այն ազնիվ ու մաքուր, գաղափարապես սկզբունքային մարդկանց վրա, որոնք անցյալում չեն մասնակցել, մյուսների նման, ոչ կոռուպցիային, ոչ պաշտոններ ու կուսակցության տոմսեր վաճառելուն եւ ոչ էլ կուսակցությունը վարկաբեկող ու համակարգը քայքայող այլ հանցագործություններին։ Գիտակցո՞ւմ եք արդյոք, թե ում ջրաղացին եք այսօր ջուր լցնում։ Ի դեպ, քիչ չէ այն, այսպես կոչված, «հին գվարդիայի» մարդկանց թիվը, որոնք այսօր բացեիբաց ծառայում են հենց «այդ ջրաղացին» ջուր լցնելուն, որոնք, անտարակույս, հանդիսացել են վերը նշված «խոշոր գիշատիչների» դահլիճում ներկաներից եւ, հիշաչարությամբ մինչ օրս չեն ներել Կ. Դեմիրճյանին՝ նրա հայտնի կարգախոսի համար։ Այլապես, ինչո՞վ բացատրել 1998թ. նախագահական ընտրություններում բոլոր ժամանակներում անխորտակելի որոշ հանրածանոթ այրերի կողմից մատուցած եռանդուն ու ակտիվորեն նվիրված ծառայությունները հօգուտ Կ. Դեմիրճյանի, այսպես կոչված, «մրցակցի» ու բացեիբաց ընդդեմ Կ. Դեմիրճյանի, որի շնորհիվ այժմ «եւ հավիտենս հավիտենից» բազմակողմանի ու շռայլորեն փոխհատուցումներ են ստանում մատուցած «արջի ծառայությունների» համար, սկսած պաշտոններից (այդ թվում եւ՝ ընտանիքի անդամներին), կառավարական արտոնություններից՝ մինչեւ շքանշաններ, պատվավոր կոչումներ եւ այլ «նվիրատվություններ», այսպես կոչված, կառավարական ռեսուրսների (կամ իշխանական) շտեմարանից։ Մինչդեռ ժողովուրդը ստիպված է կրել ու կուլ տալ դրանց ծանր եւ կործանարար հետեւանքները՝ դառնալով այդ ամենի զանգվածային զոհը։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ տնտեսական գիտությունների թեկնածու, թոշակառու