ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏ Վերջին շրջանում լրատվամիջոցներում փորձ է արվում նենգափոխել Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության աշխատանքները՝ այդ ֆոնի վրա դարձյալ համեմատության մեջ դնելով նախկին եւ ներկա քաղաքապետերի գործունեությունը: «Իշխանական քարոզչամիջոցները պնդում են, թե միայն այս տարի Ռոբերտ Նազարյանի օրոք Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ենթակայության տակ գտնվող մայրաքաղաքի կենտրոնական դիսպետչերական ծառայությունը անցյալ տարվա համեմատությամբ ամսեկան մոտ երկու անգամ ավելի մուտքեր է ապահովել պետբյուջե, որը կազմել է շուրջ 38 մլն դրամ»,- փաստեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Արամազդ Զաքարյանը. «Նախ պետք է հետեւել ընդհանրապես երկրում տնտեսության մեջ տեղի ունեցող դինամիկային: Նախագահն ինքն է նշում, թե տնտեսական 9 տոկոս աճ է արձանագրվել, ինչը, բնականաբար, պետք է իր արտացոլումը գտներ նաեւ տրանսպորտի ոլորտում: Բայց, նույնիսկ դրանից զատ, բնական է, որ տարեցտարի աճի միտում պետք է նկատվի տնտեսության ցանկացած, այդ թվում՝ տրանսպորտի, ոլորտում: Այսպես, հակառակ այն բանի, որ շարունակաբար փորձ է արվում նսեմացնել նախկին քաղաքապետի գործունեությունը, փաստ է, որ 98-99թթ. համեմատ 2000-ին տրանսպորտի ոլորտից բյուջեի մուտքերի 4-5 անգամ աճ է տեղի ունեցել, ինչը նաեւ նախկին քաղաքապետ Ա.Բազեյանի՝ այդ ոլորտի նկատմամբ ուշադրության եւ սկզբունքային դիրքորոշման շնորհիվ է: Ի վերջո, այդ ոլորտի նկատմամբ հատուկ ուշադրության արդյունքում էր, որ Տրանսպորտի վարչության պետ փոխվեց, աշխատանքից հեռացվեց նաեւ Կենտրոնական դիսպետչերական ծառայության գործադիր տնօրենը: Ես ինքս 99-ի դեկտեմբերին աշխատանքի եմ անցել այնպիսի պայմաններում, երբ հարկային դաշտում աշխատում էր ընդամենը 300-400 երթուղային տաքսի:Դիսպետչերական ծառայությունում ուղեգրերը, որ պաշտոնական փաստաթղթեր են եւ պետք է արխիվում պահվեին, ոչնչացված էին: Կարճ ժամանակում, արդեն մարտ ամսից, քաղաքապետի կարգադրությամբ, շաբաթը մեկ անգամ հարկային, իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգայցեր կազմակերպվեցին եւ պարզ դարձավ, որ քաղաքում երթեւեկող եւ քաղաքացիներին սպասարկող շարժակազմերի գերակշիռ մասը՝ մոտ 4000 շարժակազմ, հարկային դաշտից դուրս է գործում: Եթե 2000-ի մարտին Կենտրոնական դիսպետչերական ծառայության կատարած մուտքերը պետբյուջե կազմում էին 6-7 մլն դրամ, ապա նույն տարվա դեկտեմբերին դրանք 4 անգամ ավելացան՝ կազմելով 25 մլն դրամ, միաժամանակ շարժակազմերի թիվը հարկման դաշտում հասավ 1500-ի: Նույն ժամանակահատվածում պետեկամուտների նախարարությունից մենք տեղեկանք ստացանք, ըստ որի՝ 2000-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 ամիսների կտրվածքով, տրանսպորտի ոլորտի մուտքային մասը հարկային մարմիններում 180 մլն դրամով ավելացել էր: Ավելին, քաղաքապետի կարգադրությամբ Կենտրոնական դիսպետչերական ծառայությունում շարժակազմերի երթեւեկության ուղեգրերը սկսեցին պահպանվել եւ ստուգող մարմինները կարող էին ցանկության եւ անհրաժեշտության դեպքում ճշտել, թե տվյալ շարժակազմը կոնկրետ ժամանակահատվածում որքան երթ է կատարել, եւ որքան մուտք է գրանցվել դիսպետչերական ծառայություն եւ պետբյուջե»: Այդուհանդերձ, որքան էլ նախկին քաղաքապետի օրոք Տրանսպորտի վարչության աշխատանքները լավագույնս կազմակերպված լինեին, միեւնույն է, նույն Ա.Զաքարյանի պնդմամբ, Կենտրոնական դիսպետչերական ծառայության վճարած մուտքերը պետբյուջե 25 մլն-ից դարձել են 38 մլն դրամ: Ինչո՞վ դա կարելի է բացատրել, եթե ոչ ներկայիս քաղաքապետի լավ աշխատանքով: Մեր այդ հարցին պարոն Զաքարյանը պատասխանեց. «Մեր ժամանակ ստվերում գործող 4000 շարժակազմերից 8 ամսվա ընթացքում հասցրել էինք հարկային դաշտ բերել 1500 միկրոավտոբուս: Մնացածը, թերեւս, նաեւ այսօր շարունակում են գործել ստվերում եւ առանձին տանիքների տակ: Եթե այսօր էլ գործում է այն կարգը, որով ժամանակին մենք ենք աշխատել, այսինքն՝ 20 օրվա կտրվածքով յուրաքանչյուր շարժակազմ դիսպետչերական ծառայությունում ամեն օր մուծում էր 1300 դրամ, ապա միայն 1500 շարժակազմի աշխատելու դեպքում այդ թիվը պետք է լիներ ոչ թե 37 կամ 38, այլ՝ 39 մլն դրամ: Մինչդեռ նախկին քաղաքապետի հաստատած երթուղային ցանցում, որը Ռոբերտ Նազարյանի օրոք դադարեցվեց, նախատեսվում էր 2500 շարժակազմի գործունեություն: Ըստ էության, ստացվում է, որ այսօր հանրությանը ներկայացվող թվերի համաձայն, մեզնից հետո ոչ մի շարժակազմ հարկային դաշտ չի բերվել: Ավելին, եթե էլեկտրատրանսպորտը նախկին քաղաքապետ Ա.Բազեյանի օրոք էներգետիկներին պարտք էր 470 մլն դրամ, հիմա այդ պարտքը հասնում է շուրջ 900 մլն-ի»,- պնդում է Ա.Զաքարյանը: Մյուս կողմից, նա հիշեցրեց, թե ժամանակին պետական բյուջեով նախատեսված գումարները, որոնք պետք է հատկացվեին տրանսպորտային պետական ձեռնարկություններին՝ սոցիալապես անապահով խավին անվճար տեղափոխելու համար, երկու տարի շարունակ չէին տրվում՝ հակառակ քաղաքապետարանի բազմաթիվ պահանջներին ու խնդրանքներին: Հիմա, իհարկե, տրվում են ու Ռ.Նազարյանի ղեկավարած քաղաքապետարանը կառավարության հետ, թերեւս, ավելի քիչ պրոբլեմներ ունի, քան իր նախորդը: Չէ՞ որ կառավարությունը պետք է օգնի նախագահ Քոչարյանի «պրոտեժե» քաղաքապետին՝ նոր քաղաքապետի հետ նախագահի կապած հույսերն ի դերեւ չանելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ