«ԱՐՑԱԽՅԱՆ ՎԻԿԻՆԳՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԵԼ ԵՆ» Մեր զրույցի ողջ ընթացքում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ոչ մի պահ նստած չմնաց՝ քայլում էր սենյակի մի ծայրից մյուսը եւ ակտիվ ժեստիկուլյացիայով ու դիմախաղով առավել հյութեղ դարձնում ասելիքը։ Թատերական արվեստի դասերն իզուր չէին անցել։ -Հրապարակային Ձեր վերջին ելույթում տագնապով ազդարարեցիք, որ ազգն այսօր վտանգված է։ Ինչ հիմքեր ունեք նման պնդման համար։ – Վերջին ժամանակներս արքունի գլխավոր ներքինին հաճախակի է աղմկում ի զորավիգ յուր թագավորի։ Ուրեմն՝ ինչ-որ մի բան կա՛։ – Իսկ ո՞վ է այդ ներքինին։ – Բացելու կարիք չկա։ Ինքներդ կարող եք դա անել։ – Ես մի քանի ներքինիների կարող եմ մտաբերել։ Իսկ Դուք հատկապես ո՞ւմ նկատի ունեք։ – Մենք՝ մարքսիստներս, նման էժանագին, ցածր սանդղակի վրա չենք կանգնում։ Բե՛զ կամենտարիյ։ Արդեն պարզ է, թե սրեդնեգո ռոդա՝ ինչ է նշանակում։ Ինչեւիցե՛։ Հարցը սրա՛ մեջ չէ։ Հարցը նրա՛ մեջ է, որ այսօրվա իշխանությունները, որպես գործելակերպի դեւիզ, այս 5 տարվա ընթացքում ընտրել են հետեւյալը։ Ես ուզում եմ մի փոքրիկ դրվագ բերել համաշխարհային կինոյի մեծ վարպետներից Ռաջ Կապուրի անզուգական «Թափառաշրջիկ» ֆիլմից։ 7 տարեկան փոքրիկ տղան բանդիտ Ջագայից աշխատանք է ուզում։ Բառացի մեջբերեմ. «Մայրս հիվանդ է, տանը մի կտոր հաց չկա, աշխատա՛նք տվեք ինձ»։ Բանդիտ Ջագան պատասխանում է. «Շչենո՛կ, ումնիյե լյուդի նե ռաբոտայուտ։ Ուչիս կռասծ, կռասծ, գռաբիծ եւ ուբիված»։ Մեր այսօրվա իշխանությունների դեւիզը դա է՝ «Ումնիյե լյուդի նե ռաբոտայուտ, ուչիս կռասծ, գռաբիծ ի ուբիված»։ – Ենթադրել էի, թե ազգին սպառնացող վտանգը համարել էիք պատերազմի սպառնալիքը։ – Պատերազմը կեղծ պատրվակ է։ Իշխանությունները տանուլ են տվել 3 գլխավոր ճակատներում՝ ազգային դոկտրինայի, սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ եւ ազգային գենոֆոնդի կենսաբանական-ֆիզիկական ապահովման բնագավառում։ – Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմը պատրվակ է։ Չէ որ Ռոբերտ Քոչարյանի ակնարկներից դատելով, դրա վտանգն այնքան իրական է, որ հարկավոր է համախմբվել գլխավոր հրամանատարի եւ իշխանությունների շուրջ։ Հայ մարքսիստները մտադի՞ր չեն ականջալուր լինել համախմբման կոչին։ – Այս իշխանությունների ազգային դոկտրինան չի՛ բխում ազգային շահերից։ Եվ մենք՝ մարքսիստներս, այս իշխանությունների հետ համախմբվելու եզր չունենք։ – Այսինքն, չե՞ք պաշտպանի Քոչարյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։ Գուցե Դուք՝ մարքսիստներդ, կարող եք առաջադրել ա՞յլ նախընտրելի թեկնածու։ – Առաջին հերթին՝ այն կուսակցությունները, որոնք գտնում են, որ Քոչարյանից բացի այլ թեկնածու չկա՝ նրանք շնանո՛ւմ են նախագահին եւ թքում ազգային արժանապատվության վրա։ Երկրորդը, արցախյան վիկինգներն իրենց սպառել են, ասելիք չունեն։ Նախագահը մեր արժանապատվությունն է. ես նրա՛ն եմ ընտրել։ Բայց մի նախադասությամբ ասեմ նրա մնալ-չմնալու բարոյական եւ քաղաքական իրավունքի վերաբերյալ։ Թալեյրանն էր կայսր Ալեքսանդրին ասել. «Տե՛ր իմ, Նապոլեոնը առյուծ էր ռազմի դաշտում, քաղաքականության մեջ տգետ էր եւ խղճուկ»։ Այդպես մենք Քոչարյանին ընդունում ենք որպես ազգային հերոս արցախյան թատերաբեմում, իսկ այստեղ ժամանակը եկել է բացարձակապես նոր տնտեսական քաղաքականություն մշակելու։ Հին, լիբերալ շառլատանությամբ այլեւս ազգի կենսաբանական եւ ֆիզիկական անվտանգությունն ապահովել չես կարող։ Ուստի, պետք է նախագահին քաղաքավարի ասել, որ նա այլեւս այդ պոստում բարոյական ու քաղաքական իրավունքով սպառել է իրեն։ Ինչ մնում է մեր կուսակցությանը, ապա, եթե ասենք Կեսարի խոսքերով՝ «Մարքսիստի գոտովի վյազատսյա վ բոյ նա պրեզեդենտսկիյ պրեստոլ»։ – Կեսարը մարքսիստների մասին ինչ-որ բանե՞ր է ասել։ – Ես հետո կասեմ։ Մարքսիստի գոտովի՝ զա չեստ ի դոստոինստվո նացիի։ Մեր պատասխանը սա՛ է, ինչպես ասված է Հերոդոտոսի մոտ՝ արմենները չե՛ն հանձնվում։ – Հասկանալի է։ Բայց ինչո՞ւ եք արցախցիներին վիկինգներ անվանում։ – Արցախի ներկայացուցիչը կարող էր հանդգնել մեծ վեզիրի՝ վարչապետի պատվին, բայց հանդգնել հայոց գահին… կարծում եմ, այդ իրավունքը չուներ։ Ահա եւ մենք նրանց անվանում ենք արցախյան վիկինգներ։ – Հետաքրքիր է նաեւ Ձեր կարծիքը նախագահին ընդդիմադիր գործիչների մասին։ – Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Գեղամյան Արտաշը իրենից լոկ ներկայացնում է պալիտիկ ֆլյուգերնովա տիպա։ Կակ բիլ, տակ ի աստալսյա վուլգարնիմ պարտիյնիմ վաժակոմ։ – Իսկ մյուսնե՞րը՝ Բազեյանը, Արամ Սարգսյանը… – Կարծում եմ, որ նրանց ինտելեկտուալ պոտենցիալն այսօր բացարձակապե՛ս թույլ չի տալիս անգամ բարոյական իրավունքով հանդգնել գահին։ – Ուրեմն, մարքսիստական կուսակցությունից բացի չկա՞ որեւէ այլ ուժ, որի առաջմղումը եւ իշխանական ղեկի ստանձնումը չի նշանակի թքել ժողովրդի արժանապատվության վրա։ – Այսօր այդպիսի ուժը լիդերի մեջ է։ Բայց առայժմ չեմ տեսնում նման անհատներ։ Ոչ մի քաղաքական գործիչ, ինչքան նրանց հետ շփվել եմ այս 5 տարիների ընթացքում, բացարձակապես չի կա՛ր-դո՛ւմ։ Ես օրվա մեջ 5-6 ժամ տրամադրում եմ միայն իմ ինքնաուսուցման պրոցեսներին։ Հիմնական առարկաների շարքում անգամ ունեմ նաեւ հայոց լեզվի մասնագետ, որի հետ պարապում եմ, թատերական ինստիտուտից մեկը կա, որը շարադրում է քաղաքական արտիստիզմը՝ խոսելու ոճը։ Քանի որ լինել ազգի տրիբունը՝ նշանակում է լինել հռետոր։ Դժբախտաբար, քաղաքական լիդերները պորտֆել բռնել սիրում են, բայց կարդալ չեն սիրում բացարձակապես։ – Դուք նրա՞նց էլ խորհուրդ կտայիք թատերական արվեստի դասեր վերցնել։ – Քլինթոնն էլ է նման դասեր վերցրել եւ տիրապետում էր քաղաքական արտիստիզմի, բանավոր խոսքի արվեստին։ Սա առաջնորդի կարեւորագույն գծերից մեկն է։ Բայց ես չեմ տեսնում այս գծերի ուղղությամբ ներկա առաջնորդների աշխատանքները։ Հարցազրույցը երկյուղածորեն գրառեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հիմա արդեն պարզ է, թե իշխանություններն ինչու թույլ չեն տալիս եռյակ դաշինքին հանրահավաքներ անցկացնել Թատերական հրապարակում՝ զգուշանում են, թե նրանք կզարգացնեն իրենց քաղաքական արտիստիզմը։ Բայց արժեր զգուշանալ նաեւ Մատենադարանից՝ հանկարծ չսկսե՞ն կարդալ։