Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

340 գրամ անձնական ավել քաշը ճակատագրական եղավ

Նոյեմբեր 09,2001 00:00

ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ 340 գրամ անձնական ավել քաշը ճակատագրական եղավ Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանում առանձնակի հետաքրքրությամբ եւ հուզմունքով էին սպասում հատկապես մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների պայքարին։ Այստեղ էր հանդես գալու մեր գլխավոր հույսը՝ հանրապետության անցած տարվա թիվ մեկ մարզիկ, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Մելիքյանը։ Նրանից ակնկալիքները մեծ էին, քանի որ բոլորովին վերջերս Հայաստանի գավաթի խաղարկության ժամանակ Արսենը գերազանց հանդես եկավ եւ սահմանեց աշխարհի ռեկորդ (ոչ պաշտոնական) պոկում վարժությունում՝ 171.0 կգ։ Անթալիայում հենց առաջին վարժությունից անչափ դաժան պայքար ծավալվեց միանգամից մի քանի երկրների ներկայացուցիչների միջեւ։ Եվ, անկեղծ ասած, բոլորն էլ արժանի էին հաղթողի կոչման։ Այս պայմաններում լարվածությունը հասել էր գագաթնակետին ու բոլորի նյարդերն էլ ինչ-որ տեղ տեղի տվեցին։ Այսպես, բուլղարացի Պլամեն Ժելյազկովը հենց առաջին մոտեցումով սանձեց 165.0 կգ կշռող ծանրաձողը, սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, դա նրա միակ հաջող փորձն էր պոկում վարժությունում։ Արսենը նույնպես մրցելույթը սկսեց այդ քաշից։ Բայց ծանրաձողն իր կամքին ենթարկել կարողացավ միայն երկրորդ մոտեցմամբ։ Այս մրցաձեւում առաջինը ճանաչվելու վերջին փորձը՝ 171.0 կգ, Արսենը չկարողացավ իրագործել, թեեւ, ինչպես ասացինք, սա ռեկորդային քաշ էր, որն արդեն մեկ անգամ ենթարկվել էր հայ մարզիկի կամքին։ Եվ Ա. Մելիքյանը Ժելյազկովից 340 գրամ ծանր լինելու պատճառով արժանացավ փոքր «արծաթի»։ Երրորդը քաթարացի Աբբաս Նադերն էր։ Հրում վարժությունում պայքարն է՛լ ավելի համառ էր։ Նադերը ցույց տվեց 202.5 կգ եւ այս մրցաձեւում դուրս եկավ առաջին տեղ՝ երկամարտում չեմպիոն հռչակվելու լուրջ հայտ ներկայացնելով։ Ռուսաստանցի Օլեգ Պերեչենովը, հունգարացի Աթիլա Ֆերին եւ Արսեն Մելիքյանը առաջին մոտեցումով բարձրացրին 200.0 կգ։ Դրանից հետո բոլոր երեքն էլ երկուական անհաջող փորձ արեցին 205.0 կգ-ն հաղթահարելու։ Արդյունքը եղավ այն, որ Աբբաս Նադերը եւ Արսեն Մելիքյանը երկամարտում ցույց տվեցին միեւնույն արդյունքը՝ 365.0 կգ։ Սակայն անձնական քաշով ավելի թեթեւ քաթարացին բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Արսեն Մելիքյանը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ «Բրոնզը» բաժին հասավ Օլեգ Պերեպեչենովին (360.0 կգ)։ Ի՞նչ կարելի է ասել Արսեն Մելիքյանի մրցելույթի մասին։ Նա երկամարտում կրկնեց իր լավագույն արդյունքը։ Ճիշտ է, պոկում վարժությունում հայ ծանրորդը իր իսկական հնարավորությունը չցուցադրեց, բայց դրա փոխարեն 2.5 կգ-ով գերազանցեց իր ուժերի վերին սահմանագիծը հրումում։ Ափսոս, որ հավասար պայքարում Արսենը չարժանացավ ոսկե մեդալի։ Բայց նշենք, որ նա առաջին անգամ աշխարհում ճանաչվեց երկրորդն իր քաշային կարգում, մի բան, որը, մասնագետների կարծիքով, միանգամայն գոհացնող ցուցանիշ է։ Երեկ, մինչեւ 85 կգ քաշայինների պայքարում հանդես էր գալու Հայաստանի հավաքականի 4-րդ անդամը՝ արմավիրցի Գագիկ Խաչատրյանը։ Կանանց առաջնությունում շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ Ասիա աշխարհամասի ներկայացուցիչները։ Այսպես՝ մինչեւ 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհու կոչմանն արաժանացավ չինուհի Սյաո Ինը՝ 230 (105.0+125.0) կգ։ Մրցանակային եռյակը եզրափակեց Կուո Պինը (Թայվան)՝ 227.5 (102.5+125.0)։ Եվրոպայից միայն Անաստասիա Տսակրիին (Հունաստան) հաջողվեց խառնվել նրանց պայքարի մեջ։ Նա նույնպես երկամարտում իր անվան դիմաց գրանցեց 227.5 կգ, սակայն անձնական թեթեւ քաշի շնորհիվ նվաճեց արծաթե մեդալը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել