Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ

Նոյեմբեր 09,2001 00:00

Ո՞ւմ հաշվին եք հարցեր լուծում ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը այս տարվա հունիս ամսին խոստացավ, որ կվճարեն Հայկական ատոմակայանի կոլեկտիվի երեք ամսվա, հուլիսին՝ երկու, իսկ օգոստոսից՝ հերթական աշխատավարձը։ Ուշացումը պատճառաբանվել է երկրի վարկերի մարման՝ վրա հասած ժամկետներով, երկրի ընդհանուր ֆինանսատնտեսական խնդիրներով, որոնց հետեւանքով որոշակի լարվածություն է առաջացել էներգահամակարգում։ Իսկ վերոնշյալ խոստումների պատճառն արդեն այդ լարվածության թուլացումն է եղել։ Հանրապետության նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների հանձնաժողովին ուղղված կոլեկտիվի երկրորդ նամակի պատճառը այդ խոստումները չկատարելն էր։ Դրան էլ խոստումներ հետեւեցին, որոնցից իրականություն դարձավ միայն մեկ ամսվա աշխատավարձի վճարումը՝ այն էլ «տրանշներով»։ Դրանից հետո երկուստեք լռություն է տիրել։ Հոկտեմբերի 26-ին կոլեկտիվը ստացել է հուլիս ամսվա աշխատավարձը։ Այժմ ավարտված են ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման աշխատանքները, կայանն ամբողջությամբ պատրաստ է վերաթողարկման։ Ինչպես ՀԱԷԿ-ի աշխատակիցներն են պնդում, կայանի չթողարկման ամեն օրը երկրին, ըստ պաշտոնական տվյալների, արժենում է մոտավորապես 60 հազար դոլար, երկու անգամ ավելանում են գազի ծախսերը, քանի որ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի մեկ միավորի ինքնարժեքը 9,3 դրամ է, իսկ գազով արտադրվողինը՝ 18 դրամ։ «Ի՞նչն է խանգարում կայանի վերաթողարկմանը» հարցին ՀԱԷԿ-ի հերթափոխի պետ Տիգրան Մուրադյանը պատասխանեց. «Հիմնական խանգարող բան, որպես այդպիսին, չկա, քանի որ կոլեկտիվը գիտակից է, հասկանում է երկրի առաջ դրված խնդիրները, հասկանում է, որ այդ հարցը շատ մեծ կարեւորություն ունի, եւ կայանը մեկ ժամ առաջ էլ՝ պետք է թողարկել։ Բայց կոլեկտիվում տիրում է բարոյահոգեբանական ահավոր լքվածություն, այսինքն՝ պատասխանատու կոլեկտիվ է, գիտակցում է իր աշխատանքի ծավալները, չափը, միայն չի տեսնում, թե ինչ է ստանում դրա դիմաց։ Այսինքն, անորոշություն է»։ Պրն Մուրադյանը հավաստիացնում է, որ «կոլեկտիվը էլի է պատրաստ աշխատելու, ճիշտ է, զգացմունքայնությունը մի քիչ ավելի շատ է»։ Սակայն նրանք գտնում են, որ այս վիճակից «պետք է ճիշտ դուրս գալ. ավելի լավ է՝ երկիրը 5 օր ֆինանսական վնասներ կրի, բայց հետո անվտանգության վնասներ չկրի»։ Եզրակացությունն այսպիսին է. «Ավելի լավ է 5 օր ուշ թողարկենք, բայց՝ կայանի բոլոր ֆինանսատնտեսական խնդիրները լուծած, ամբողջ նյութատեխնիկական մատակարարումն ապահոված, աշխատավարձի համար էլ՝ գոնե ժամանակացույց կազմած»։ Նախորդ ժամանակացույցների ներկայացնելը՝ էներգետիկայի նախարարի կողմից եւ դրանք տապալելը դեռեւս հոռետեսության չեն մատնում աշխատակիցներին. «Պահի լրջությունը, կարեւորությունը հասկանան՝ կկատարեն, այսինքն՝ պետականորեն մոտենան խնդրին, ոչ թե անձնական տեսանկյունից»։ Իսկ ՀԱԷԿ-ի կոլեկտիվին աշխատավարձ չվճարելով՝ այլ ռազմաստրատեգիական խնդիր լուծելու պատճառաբանության վերաբերյալ ՀԱԷԿ-ի կապի ծառայության պետի տեղակալ Տոնիկ Մացակյանն ասաց. «Ես ՀԱԷԿ-ի կարեւորության մասին չեմ խոսի։ Իմ կարծիքով, Ազգային անվտանգության խորհուրդը երեւի շատ ավելի լավ է պատկերացնում, թե ՀԱԷԿ-ն իրենից ինչ է ներկայացնում։ Ես ուղղակի կցանկանայի մի առաջարկություն անել իմ նախարարին. ավելի լավ չէ՞ր լինի՝ ինքը, կառավարության մյուս անդամները, բազմաթիվ նախարարությունները, խորհրդարանը, վերջապես՝ նախագահի աշխատակազմը՝ մի 6 ամիս էլ իրենք աշխատավարձ չստանան, մի ուրիշ ստրատեգիական հարց լուծեն»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Տոնիկ Մացակյանի ավելի մանրամասն հոդվածն այս մասին՝ կարդացեք վաղվա մեր թերթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել