Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ

Նոյեմբեր 09,2001 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց իր այն հայտարարության առնչությամբ, թե այս փուլում զերծ է մնալու պայքարի հանրահավաքային ձեւից։ Նախ բազմիցս վերահաստատեց. «Հավատարիմ ենք մնում եռյակի կոչում արտահայտված բոլո՛ր գաղափարներին եւ հարցադրումներին»։ Մասնավորեցրեց, թե չի փոխվել իր այն համոզումը, որ իշխանության պիտի գան նոր ուժեր։ Ուրեմն, ինչո՞ւ այլեւս չի ցանկանում մասնակցել հանրահավաքների կազմակերպմանը։ Արտաշես Գեղամյանը սա բացատրեց իր ունեցած այն տեղեկություններով, որ դեռեւս հոկտեմբերի 26-ի հանրահավաքի համար էին իշխանությունները սադրանք նախապատրաստում, եւ այն տեղի չունեցավ միայն այն պատճառով, որ դա հոկտեմբերի 27-ի նախօրեն էր։ Գեղամյանը վստահ էր. «26-ին չիրականացած սադրանքը անպայմանորեն կիրականանար հաջորդ հանրահավաքի ժամանակ եւ իշխանությունները թերեւս ամեն ինչ կանեին, որ ժողովրդի հավաքական կամքը հերթական անգամ սասանեին եւ կոտրեին»։ Նա զարմանք արտահայտեց, որ հանրահավաքներից իրենց հրաժարումը իշխանական լրատվամիջոցներին է ամենաշատը զայրույթ ու հիասթափություն պատճառել. «Ամենուր՝ «Ազգային միաբանությունը» վախեցել է», «Ազգային միաբանությունը» իր գործընկերներին քցել է», «Ազգային միաբանությունը» համաձայնության է եկել իշխանությունների հետ»։ Բա է՞դ չէր ուզածներդ, ինչի՞ կատաղեցիք հանկարծ»։ Այս ամենը Գեղամյանն այսպես գնահատեց. «Շիրա՛ են տալիս։ Այդ անհեռանկար փորձերը «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդների մոտ չեն ստացվի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել