Սպանությունները պակասել են Իսկ լափված մազութ չի էլ եղել ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը երեկ պարզապես ստիպված եղավ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Անկեղծ ասած, հարցերն էլ առանձնապես հաճելի հարցեր չէին։ Սակայն, հասկանալի է նաեւ, որ որեւէ երկրի գլխավոր դատախազին տրվող հարցերը միշտ էլ անհաճո են։ «Առավոտ»- Պրն Թամազյան, խնդրում եմ ասացեք, «Մազութի գործով» սպասվո՞ւմ են նախկին վարչապետներ Խոսրով եւ Գագիկ Հարությունյանների հարցաքննությունները։ Մի տեսակ անհասկանալի է, թե ինչո՞ւ միայն Հրանտ Բագրատյանն է հրավիրվել հարցաքննության։ Գլխավոր դատախազ- Քննության պլանի մեջ է դա մտնում։ Նպատակահարմարությունից ելնելով, քննության խմբի ղեկավարն է պլանավորում կատարվելիք քննչական գործողությունները։ Դատախազը չի պլանավորում։ «Առավոտ»- Սակայն դուք, որպես գլխավոր դատախազ, անշուշտ, ինֆորմացված եք եւ գոնե կասեք՝ սպասվո՞ւմ է, որ կհարցաքննվեն նաեւ նշածս նախկին վարչապետները։ Գ. դ.- Ես ձեզ կոնկրետ կարող եմ ասել ընդամենը հետեւյալը՝ որ նշված 200 միլիոնի ծավալով մազութի նյութեր մենք չունենք։ Դրանք մազութին չեն վերաբերում։ Դրանցից մոտ 150 միլիոնը վերաբերում է այն դուրսգրումներին, որոնք պարտքերի դիմաց՝ կառավարության որոշմամբ, ասենք, դուրս են գրվել։ Բայց բոլոր տեղերում խոսվում է 200 միլիոնի մասին։ Այդպիսի բան չունենք։ Մեզ մոտ մազութը ընդամենը կազմում է մոտավորապես 80 միլիոն, այդ ամբողջ 200 միլիոնից։ 80-ից, եթե մենք ասում ենք, որ մոտ կեսի չափ այլ երկրներում բռնազավթվել է, եկեք թվաբանական պարզ հաշվարկ կատարենք։ Կստացվի ուղիղ 40։ Հիմա այդ 40-նն էլ լրիվ հափշտակվե՞ց, ոչ մի էլեկտրաէներգիա չարտադրվե՞ց։ Ուրեմն, եկեք պարզ հաշվարկներ կատարենք եւ տեսնենք, մոտավորապես ինչքան կլինի հափշտակվածի ծավալը։ Ասել, թե բոլորը հափշտակվեց, մենք իրավունք չունենք եւ չենք կարող եւ նաեւ՝ փաստեր չունենք։ Իսկ ենթադրություններով մենք չենք կարող մարդկանց դատել, մենք պետք է ունենանք կոնկրետ ապացույցներ։ Մենք միայն ապացույցների հիման վրա կարող ենք մարդկանց մեղադրանք առաջադրել, անկախ նրանից, կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել։ «Առավոտ»- Ի՞նչ ընթացքում է Պողոս Պողոսյանի սպանության գործի նախաքննությունը։ Գ. դ.- Բայց շատ հետաքրքիր է, որ հարցադրումները միշտ ինձ եք ուղղում։ Ես ասում եմ, որ գործը քննվում է Երեւան քաղաքի դատախազությունում։ Քննիչին, դատախազին ես իրավունք վերապահել եմ ձեզ ինֆորմացիա տրամադրել։ Մենք գաղտնիք չունենք։ Նախաքննությունը նորմալ վիճակում է, մոտ 50 վկաներ հարցաքննվել են գործով, եւ ունենք վկաներ, որոնց ցուցմունքները որպես ապացույց մենք կօգտագործենք, այդ ցուցմունքներն արժեք ունեն։ Իսկ այն վկաները, որոնք գտնվել են սրահում եւ ոչինչ չեն տեսել, նրանց ցուցմունքները ուղղակի ցուցմունքներ են, բայց որպես ապացույց հնարավոր չէ օգտագործել։ Որտե՞ղ է կատարվել դեպքը, գիտեք, չէ՞ (հիշեցնենք ընթերցողին, որ խոսքը «Պապլավոկի» զուգարանում տեղի ունեցած սպանության մասին է.- Մ. Ե.), ընդամենը մի հոգի է ասում, որ ինքը տեսել է, Պողոս Պողոսյանի ընկերը, Ստեփան Նալբանդյան, կարծեմ։ «Առավոտ»- Ո՞ր վարկածի վրա է դատախազությունը հիմա աշխատում։ Գ. դ.- Գործով մենք ունենք փորձագետի եզրակացությունը, դուք գիտեք, քննիչը նշանակել է լրացուցիչ փորձաքննություն որոշ հարցերի շուրջ, դրանց պատասխանները ստանալուց հետո հնարավոր է պատասխանել այդ հարցին։ «Առավոտ»- Քանի որ սպանությունների թիվը շատ է, ստիպված ենք նույն թեմայով հարց տալ… Գ. դ.- Սպանությունների թիվը շատ չէ, այսօրվա վիճակով՝ 20 դեպքով, իսկ ավելի կոնկրետ՝ 19 դեպքով պակասել է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ «Առավոտ»- Շնորհավորում եմ ձեզ, այնուամենայնիվ, եթե կարելի է, ասեք. Գագիկ Պողոսյանի սպանության հետ կապված ի՞նչ վարկածներ են քննարկվում, կարծեմ երկու վարկածի վրա էր կանգնել քննչական խումբը։ Գ. դ.- Վարկածները երկուսը չեն եղել ոչ մի դեպքում, եղել են ամենաքիչը՝ 22-ը։ Ընդհանուր քննություն է կատարվում բոլոր վարկածների ուղղությամբ։ Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ