Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմանալի են պատգամավորների ճամփաները եւ անհնար է ըմբռնել, թե ինչու եւ ինչպես հանկարծ մի գիշերվա մեջ

Նոյեմբեր 09,2001 00:00

«ՄԿՆԵՐԻ ՎԱԶՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ Անիմանալի են պատգամավորների ճամփաները եւ անհնար է ըմբռնել, թե ինչու եւ ինչպես հանկարծ մի գիշերվա մեջ նրանցից 48-ը մտահղացան ժամանակավոր հանձնաժողով ստեղծել ու այդ հարցն արտահերթ նիստով հապշտապ քննարկելու նախաձեռնություն հանդես բերեցին։ Ըստ որոշ լուրերի, Սահմանադրության նախագծերը նախնական քննարկելու եւ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտահղացման «մուսան» Բաղրամյան պողոտայի ոչ թե այդ շենքում է հանգրվանում, այլ մի երկու շենք վերեւ։ Ռոբերտ Քոչարյանը անթաքույց է հայտնել իր դիրքորոշումը, թե հանրաքվեի է դրվելու Սահմանադրության միայն մե՛կ նախագիծ։ Բայց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նման լիազորություն չի ունենալու՝ համաձայնեցնել առկա երեք նախագծերը կամ գերապատվություն տալ դրանցից որեւէ մեկին։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ լրագրողներին հայտնեց, թե «հանձնաժողովը միա՛յն եզրակացություն տալու համար է» եւ անկախ նրանից՝ եզրակացությունը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի՝ բոլոր 3-ն էլ պարտադիր քննարկվելու են ԱԺ նիստում։ Անպատասխան է մնում հարցը՝ ինչո՞ւ թեեւ վաղօրոք ազդարարվել էր, որ ԱԺ հենց այս նստաշրջանում է վճռվելու Սահմանադրության ճակատագիրը՝ այժմ փորձ է արվում նման հանձնաժողով ձեւավորել, որի եզրակացությանը եթե սպասեն՝ քննարկումները հետաձգվելու են մինչեւ փետրվար։ Բոլոր 3 նախագծերն էլ ավարտուն տեսքի են բերված։ Կոմունիստների նախագիծը 2 տարի է, ինչ շրջանառության մեջ է, Շավարշ Քոչարյանինը՝ մարտ ամսից, իսկ նախագահ Քոչարյանն իրեն կից մասնագետների պատրաստած փոփոխությունները դեռ հուլիսին էր հրամցրել խմբերի ու խմբակցությունների դատին։ Ում հետաքրքրում են այս նախագծերը եւ ով կարող է գլուխ հանել դրանցից՝ վաղուց ծանոթացել է այդ տարբերակներին եւ իր նախընտրելին ունի։ Ուրեմն, ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել այս հանձնաժողովը ստեղծելով՝ այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պիտի այդ հանձնաժողովում քննարկեն Սահմանադրությունը. «Կփորձեն մերձեցնել իրենց տեսակետները որեւէ տարբերակի շուրջ։ Եվ դա կդառնա քաղաքական համաձայնության սկիզբ»։ Տեսակետների ի՞նչ մերձեցում է հնարավոր երկրի կառավարման տարբեր՝ կիսանախագահական եւ խորհրդարանական ձեւեր ենթադրող տարբերակների շուրջ՝ միայն 110-ամյա փորձով իմաստնացած կուսակցության ներկայացուցչին է հայտնի։ Կամ՝ մի՞թե պարտադիր է ձեւ անել, թե հենց ա՛յս հանձնաժողովի միջոցով են հասնելու քաղաքական համաձայնության, երբ վաղուց հայտնի է՝ այդ «դաբրոն» արդեն իսկ ստացված է։ Գալուստ Սահակյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե մինչ այս նախաձեռնությունը ներկայացնելն իրենք նախապես խորհրդակցել էին քաղաքական բոլոր ուժերի հետ եւ ստացել հիմնականների համաձայնությունը։ Բավական վերապահությամբ կարելի է ընդունել այս պնդումը, եթե հիշենք, թե արտահերթ նիստում ինչ բուռն բանավեճեր սկսվեցին հանձնաժողովի կազմի շուրջ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնում, թե կազմավորման ընտրված սկզբունքը հնարավորություն է ընձեռելու հանձնաժողովում ընդգրկել միայն իշխանություններին հարմար մարդկանց։ Վիճահարույց էր դիտվում նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների ընտրության պարագան, հաշվի առնելով ե՛ւ «Միասնության», ե՛ւ ԱԺՄ-ի, ե՛ւ «Իրավունք ու միաբանության» ներխմբակցային խնդիրները։ Աղվան Վարդանյանը, որ նախկինում արձանագրում էր, թե ԱԺ պատկերը չի համընկնում քաղաքական ուժերի իրական դասավորությանը, այժմ պաշտպանում էր ըստ խմբերի եւ խմբակցությունների հանձնաժողովի ստեղծման սկզբունքը. «Միշտ կարող է որեւէ խումբ կամ խմբակցություն բաժանվել։ Ասենք, 2 հոգիանոց խմբակցությունը կարող է բաժանվել 4 մասի, եւ չենք կարող կես պատգամավորին տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ունեն խմբերն ու խմբակցությունները։ (…) Մենք չենք կարող որեւէ քաղաքական գործունեություն, խորհրդարանի աշխատանք պայմանավորել անձերի, անհատների կամ այս խմբերի անընդհատ տրոհում-բաժանումներով»։ Իսկ «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը ներխմբակցային տարաձայնությունների «զոհ» դարձած պատգամավորների ցանկությունը՝ մաս կազմել այդ հանձնաժողովին, հավասարեցրեց իր նախընտրելի գրական հերոս Շարիկովի՝ իր իրավունքների շուրջ ելույթներին. «Խորհրդարանական մեծամասնություն են՝ իրավո՜ւնք ունենք, պիտի 2-3 տեղ ունենանք… Անբարո եռանկյունի են ստեղծել։ Միմյանց հետ ադյուլտերի մեջ են՝ բոլորի համար անհասկանալի, անբնական, Սոդոմ-Գոմորի իրավիճակը հիշեցնող հարաբերությունների։ Եվ հետո դրա համար մենք պետք է նստենք ու ժամերով քննարկե՞նք այդ իրավիճակը»։ Թերեւս այս հանձնաժողովի ստեղծմամբ իրականում միայն երկու խնդիր կարելի է լուծել։ Նախ՝ քարոզչականն է։ Հանձնաժողովի նիստերի լուսաբանման միջոցով կարելի է հանրությանը հասցնել յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները։ Իսկ խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ հուլիսյան այդ հանդիպման ժամանակ Քոչարյանը պարզ էր ասել, թե իր տարբերակը չի կարող նույն կշիռն ունենալ, ինչ մյուսները. այդ մեկի վրա մասնագետնե՛ր են աշխատել։ Հնարավոր է լուծել նաեւ այլ խնդիր՝ ժամանակ ձգելու, գուցե մինչեւ անցնեն բյուջեի քննարկումները եւ պատգամավորները շատ չծանրաբեռնվեն։ Իսկ գուցե նաեւ ձգձգում են, որ հակառակ վերոհիշյալ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա՞ գարնանը եւ այն անցկացվի նախագահական ընտրությունների հետ համատե՞ղ։ Արդյոք խորհրդարանական ուժերի համար ընդունելի՞ է այդ տարբերակը։ Մեր հարցումները վկայեցին, որ պատասխանը գերազանցապես բացասական է, եւ գրեթե բոլորն էլ ընդունում էին, որ 2003-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ պիտի հստակ լինեն խաղի կանոնները եւ Սահմանադրությունն էլ՝ ընդունված։ Միայն ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը չէր կարեւորում այդ հարցը. «Է՜, թող համընկնեն՝ ինչ կա դրա մեջ»։ Իսկ ընդհանրապես՝ այս ամենի շուրջ վեճերը հողմաղացների դեմ պայքարի չափ արդյունավետություն ունեն։ Միեւնույն է՝ հանձնաժողովը ստեղծվելու է։ Գալուստ Սահակյանը երեկ հավաստիացրեց, որ այդ նախաձեռնությունն անցնելու է «ձայների բացարձակ մեծամասնությամբ»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն առնվազն անհեռանկար զբաղմունք էր համարում սահմանադրական նախագծերի վերաբերյալ քաղաքական պատվերը հանձնաժողովի միջոցով փոխելը. «Ուժային եղանակով փաթաթելու են մեր վզովը այսօրվա նախագահի կողմից իջեցված պատվերը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել