ՄԻՆԻ-ՄԱՔՍԻ ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐ Արագածոտնի մարզի ազգաբնակչությունը, պարզվում է, իր սեփական ու մինի-Քոչարյանն ունի, որը փորձում է ողջ մարզին իր խաղի կանոնները թելադրել, անշուշտ, ոչ առանց Երեւանի «դաբրոյի»: Խոսքն, իհարկե, տխրահռչակ մարզպետ Հրայր Կարապետյանի մասին է: Պարզվում է, նրա նյարդերի վրա, արդեն որքան ժամանակ, ազդում է իր եւ իշխանությունների վերահսկողությունից դուրս գործող Աշտարակի կաբելային հեռուստատեսությունն ու նրա հեռարձակած հաղորդումները: Բնականաբար: Չէ՞ որ այդ հեռուստատեսությունը՝ «Սերվիս Թի վի» արտադրական կոոպերատիվը, եթեր է տրամադրում ընդդիմության ներկայացուցիչներին, հաղորդումներ պատրաստում մարզում տեղի ունեցող ապօրինությունների, ասենք, Աշտարակի հիվանդանոցի նոր շենքը ազատ տարածքի տեղ անցկացնելու եւ օտարելու, մարզային ընտրություններում տեղի ունեցող կեղծիքների մասին, ինչպիսին էր, ի դեպ, հոկտեմբերի 21-ի ԱԺ ընտրությունները: Իսկ հեռուստատեսությունը, ի դեպ, գործում է դեռ 87-ից, երբ Դաշնակցությունը ոտք չէր դրել Հայաստան ու Հրայր Կարապետյանն էլ մեր հանրությանն անճանաչ էր: Փոխարենն այսօր հեռուստատեսությունը փակված է, իսկ դաշնակ Հրայրը շարունակում է մարզպետ մնալ: «2001 թվի մարտի 16-ին մեր հեռուստատեսությանը տրված լիցենզիայի ժամկետը լրանում էր: Դրանից երկու ամիս առաջ ես դիմել էի Տեղեկատվության եւ գրահրատարակչության պետական վարչությանը՝ նոր լիցենզիա ստանալու համար: Ինձ այնտեղ պատասխանեցին, որ «Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի ընդունումից հետո լիցենզիա տալու իրավունքը փոխանցվել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Բայց, քանի որ օրենքն ընդունվելուց հետո այն բողոքարկվել էր Սահմանադրական դատարանում, ապա կրկին նոր լրացում-փոփոխություններով ընդունվել, հիշյալ հանձնաժողովի ձեւավորումն էլ էր ուշացել: Օգոստոսին հանձնաժողովը, վերջապես, ձեւավորվեց: Բայց մինչեւ մեր հերթը կհասներ, օրենքում լիցենզավորման կարգը փոխվեց: Նախկինն արդեն չէր գործում, իսկ նորը մինչ օրս հաստատված չէ: Ստեղծված վիճակից դուրս գալու եւ հեռուստատեսության աշխատանքները չդադարեցնելու համար, Ազգային հանձնաժողովը՝ նախագահ Ամալյանի ստորագրությամբ, հոկտեմբերի 12-ի թվագրությամբ կայացրել է թիվ 61 որոշումը՝ «առաջնորդվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 56 հոդվածով՝ թույլատրել կոոպերատիվին՝ առանց լիցենզավորման իրականացնել Աշտարակ քաղաքում կաբելային ցանցով հեռուստահաղորդումների հեռարձակում աբոնենտային հեռուստաընդունիչների թիվը 25-ը չգերազանցելու պայմանով» եւ մինչեւ նոր կարգի հաստատումը»,- պատմեց պարոն Բոցինյանը: Օրինական դաշտում գործելու համար վերջինիս մնում էր միայն ստանալ հեռուստատեսության սարքավորումների տեխնիկական ստուգման եզրակացությունն ու տեխնիկական շահագործման լիցենզիան, որը տալիս է կապի նախարարությունը: Սակայն, նոյեմբերի 7-ին այդ նախարարության Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ի տնօրեն Վերդյանի ստորագրությամբ Վ.Բոցինյանին լիցենզիա տալու մերժման գրություն են բերում առ այն, որ՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 61 որոշումը հիմք չի հանդիսանում՝ բավականին մեծ քանակությամբ բաժանորդների կաբելային ցանցի թույլտվության փաստաթղթերի ձեւակերպման համար, եւ, որ կաբելային ցանցի աշխատանքների արգելումը մնում է ուժի մեջ՝ մինչեւ հեռարձակման լիցենզիայի ստանալը: Հարց է ծագում՝ նախարարության կամ ինչ-որ մի ՊՓԲԸ-ի իրավասությունների շրջանակո՞ւմ է որակում եւ գնահատական տալ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած որոշմանը: «Այդ մարմնի խնդիրը սահմանափակվում է հեռուստատեսության տեխնիկական ստուգմամբ: Իսկ այս գրությունը վկայում է, որ կապի նախարարությունն ու հիշյալ ՀՀՀԿ ՊՓԲԸ-ն, ոչ ավել, ոչ պակաս, արբիտրի գործառույթներ է ստանձնել»: Մինչդեռ, առավելագույնը՝ ինչ կարող էր նա անել՝ դիմել հարկային եւ իրավապահ մարմիններին՝ Վ.Բոցինյանի եւ Ազգային հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերի օրինականությունը ստուգելու համար: Վ.Բոցինյանը վստահ է, որ հեռուստատեսության դեմ ճնշումներն ուղղորդվում են Արագածոտնի մարզից՝ մարզպետ Հրայր Կարապետյանի կողմից: «Իսկ դու ամեն թափթփուկի եթեր մի տուր»,- այս տարվա մայիսին Վ.Բոցինյանի երեսին նետել էր մարզպետը: «Իմ այն հարցին, թե ինքն ում նկատի ունի, Հ.Կարապետյանը թվարկեց՝ Վահան Շիրխանյան, Արամ Սարգսյան, Պետրոս Մակեյան»,- ասաց պարոն Բոցինյանը: Սա այն դեպքում, երբ ժամանակին կասեցված ՀՅԴ- անդամ, նույն Հրայր Կարապետյանին նա 4 անգամ եթեր էր տրամադրել եւ 4 անգամ էլ տարվել ԱԱՆ: «Դուք ձեր մաշկի վրա եք այդ ամենը զգացել, հիմա ինչպե՞ս եք ուզում նույն մեթոդներով ուրիշների բերանը փակել»,- դիմել էր Վ.Բոցինյանը մարզպետին: Տհաճ խոսակցությունից մեկ շաբաթ անց ու մինչ օրս Վ.Բոցինյանի ու հեռուստատեսության դեմ լայնածավալ արշավ է սկսվել ոչ միայն ուժային կառույցների կողմից: Դրանք հեռուստատեսության դեմ ոտնձգությունների սկիզբն էին միայն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ