Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում եկավ նաեւ հայաստանցի մարզիկներ

Նոյեմբեր 08,2001 00:00

ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում եկավ նաեւ հայաստանցի մարզիկների հերթը։ 69 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնում էին երկու ծանրորդներ՝ գյումրեցիներ Ռուդիկ Պետրոսյանն ու Վարազդատ Վասիլյանը։ Անկեղծ ասած, վերջին տարիներին մեր ծանրորդների ցույց տված կիլոգրամները միջազգային ամենաբարձրակարգ մրցումներում այնքան սովորական են դարձել, որ հայ մարզասերները նրանցից արդեն ակնկալում են միմիայն հաղթանակներ, հակառակ դեպքում՝ որեւէ մեդալ կամ տեղ առաջին հնգյակում։ Այս ֆոնի վրա Ռուդիկի եւ Վարազդատի՝ Անթալիայում գրաված 9-րդ եւ 10-րդ տեղերը արդեն իսկ գոհացուցիչ չեն։ Ռուդիկ Պետրոսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցումը հաջող սկսեց 142,5 կգ-ով, այնուհետեւ բարձրացրեց 147,5 կգ կշռող ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցումն անհաջող ստացվեց (152,5 կգ) եւ նա հայտնվեց 8-րդ տեղում։ Հրումում Ռուդիկը ընդամենը մեկ հաջող մոտեցում կատարեց՝ 175,0 կգ։ Դրանից հետո նրա կամքին չենթարկվեցին ոչ 182,5, ոչ էլ 185,0 կգ-ները։ Եվ երկամարտի 322,5 (147,5+175,0) կիլոգրամ ցուցանիշով նա գրավեց միայն 9-րդ տեղը։ Վարազդատը առաջին մրցաձեւում պայքարը սկսեց ավելի համեստ կիլոգրամներով՝ 135,0։ Այնուհետեւ սանձեց 142,5, իսկ երրորդ մոտեցումում՝ 145,0 կգ ծանրաձողը։ Դա 10-րդ արդյունքն էր պոկում վարժությունում։ Հրումը Վարազդատի համար ընթացավ ճիշտ եւ ճիշտ նույն սցենարով։ Առաջին մոտեցումը (175,0 կգ) հաջող ավարտելուց հետո նա նույնպես ձախողվեց 182,5 եւ 185,0 կգ-ներում եւ, շնորհիվ անձնական քաշի, այս ձեւում Ռուդիկից մեկ աստիճան բարձր կանգնեց։ Իսկ երկամարտի արդյունքներով՝ 320,0 (145,0+175,0) նա եզրափակեց առաջին տասնյակը՝ 22 մասնակիցների մեջ։ Իսկ հաղթող դարձավ օլիմպիական չեմպիոն, բուլղարացի Գալաբին Բոեւսկին՝ 340,0 (150,0+190,0)։ Արծաթե մեդալը բաժին հասավ Հունաստանի ներկայացուցիչ Գիորգիոս Ձելիլիսին՝ 335,0 (150,0+185,0)։ Մրցանակային 3-րդ տեղը գրավեց տանտերերից Ռեյհան Արաբաշօղլուն՝ 335,0 (155,0+180,0)։ Մեր երկու ծանրորդների մրցելույթները գնահատելու նպատակով երեկ զրուցեցիք մարզաձեւի մասնագետների հետ։ Նրանք հիշեցրին, որ Ռուդիկ Պետրոսյանը 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերում ցույց էր տվել 147,0+187,5 կգ արդյունք եւ գրավել էր 5-րդ տեղը։ Համեմատելով այս եւ նրա ներկայիս ցույց տված արդյունքները, պարզ է դառնում, որ պոկում վարժությունում մարզիկը բարձրացրել է իր լավագույն արդյունքը, իսկ ահա հրումում տապալվել է։ Այս անհաջողության գլխավոր պատճառներից մեկն էլ գիտակները բացատրեցին այն բանով, որ Ռուդիկը վնասվածք է ունեցել եւ, ըստ էության, նախապատրաստական փուլում լիարժեք չի մարզվել։ Ինչ վերաբերում է Վարազդատ Վասիլյանին, Անթալիայում նա փաստորեն պոկումում իր լավագույն ցուցանիշը բարելավել է 10 կգ-ով, սակայն հրումում բարձրացրել է իր հնարավորություններից 5 կգ պակաս։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել