Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն

Նոյեմբեր 08,2001 00:00

ՍԻՐՈ ՈՒՇԱՑԱԾ ԹՌՉՈՒՆԸ Արմեն եւ Աննա Էլբակյաններ՝ սիրելի անուններ, որոնք կրկին տեսնում ենք կողք կողքի: – Արմեն, ստացվել է այնպես, որ Ձեր ստեղծագործական կյանքի ընթացքում աշխատել եք մի շարք թատրոններում։ Այսօր խամաճիկների թատրոնում եք. այս հանգրվանը գոհացնո՞ւմ է Ձեզ։ – Ճիշտ է, այնպես ստացվեց, որ դեգերեցի տարբեր թատրոններում եւ տարբեր ժանրերի մեջ աշխատեցի։ Այսօր այս թատրոնում եմ, որը, հավատացեք, սիրեցի, ու այն դարձավ ինձ հոգեհարազատ։ Ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել մարիոնետների, չգիտեմ, միգուցե հայերեն թարգմանությունը ճիշտ է, բայց ինձ ավելի մոտ է «մարիոնետ» համարժեքը։ Թատրոնի այս տեսակը կարծես վերադարձ է մեր ակունքներին, այնտեղ՝ որտեղից սկսվել է թատրոնը։ Այստեղ շատ հետաքրքիր լուծումներ կարելի է առաջարկել, թե՛ խորհելու, թե՛ զվարճանալու։ Տիկնիկը իրեն դրսեւորում է ճիշտ մարդու նման, որը միեւնույն ժամանակ մեզ հիշեցնում է, որ թատրոնը խաղ է, ճշմարիտ խաղ մեր կյանքի մասին։ Չգիտես ինչու, մեզ մոտ ընդունված է մտածել, թե մարիոնետների թատրոնը միայն մանուկների համար է, այստեղ թյուրիմացություն կա, այն նախեւառաջ մեծերինն է։ Այժմ պատրաստվում է «Մկների ժողով» ներկայացումը, որի մեկնաբանության մեջ փորձում ենք նոր մոտեցումներ, նոր լուծումներ, նոր գույներ գտնել։ – Բավական երկար ժամանակ է դուք զբաղվում եք ռեժիսորական աշխատանքով։ Բեմը՝ որպես դերասան, չի՞ ձգում։ – Այո, վաղուց չէի խաղացել, բայց երբեք չեմ մտածել բեմը թողնելու մասին։ Ու երբ վերջերս մենք՝ Աննա Էլբակյանի հետ որպես ե՛ւ հեղինակներ, ե՛ւ ռեժիսորներ հանդես եկանք «Ուշացած թռչուն» ներկայացումով, հասկացա, որ այն իմ վերջին էտապի ամենահաճելի աշխատանքն էր։ Պրեմիերան կայացավ նախ ԱՄՆ-ում, ապա այստեղ՝ Սունդուկյանի անվան թատրոնում։ Հանդիսատեսը մեզ լավ ընդունեց։ Չեմ կարող ասել, թե որպես դերասան մինչեւ վերջ բավարարված եմ։ Գտնում եմ, որ ներկայացումը դեռ ճանապարհ ունի անցնելու, այն խմորման ընթացքի մեջ է։ – Աննան Ձեզ որպես խաղընկեր բավարարո՞ւմ է։ – Անկեղծ ասած, «Ուշացած թռչունի» ընթացքը բավական բարդ եղավ։ Մենք երկար ժամանակ աշխատում էինք այդ պիեսի վրա, հետո հրաժարվեցինք, ինչ-որ բաներ մեզ չէր բավարարում, հետո նորից սկսեցինք, եւ այն խմորվեց-խմորվեց մինչեւ այս տեսքին հասնելը։ Փորձել ենք ճշմարտացի ներկայացնել հերոսներին, նրանց սերը, ողբերգությունը, մերժվածությունը կյանքից, այս աշխարհից։ Աննան շատ էր օգնում, նրա ձեռքին էին ներկայացման հիմնական լծակները։ Լավ խաղընկեր էր, նույնիսկ որոշ պահերի հանդիմանում էր ինձ, թե. «Ալարում ես խաղալ», եւ նրա այդ քննադատական վերաբերմունքը ինձ ուրախացնում է։ Հեշտ չէր, բայց հաճելի էր։ Աննան նաեւ կայանում էր որպես սկսնակ ռեժիսոր։ Եվ այժմ, երբ դադար է, ու էլ չենք խաղում, հավատացեք, կարոտում եմ։ – Իսկ Աննան ի՞նչ կասի՝ Արմենը որպես խաղընկեր ինչպիսի՞ն էր։ – Այդ իրավիճակը, որում ես հայտնվեցի ներկայացման մեջ, այնքան էլ իմը չէր։ Ես որպես խաղընկեր սիրում եմ հանդես գալ մի տեսակ կարծես երկրորդ ջութակի դերում։ Նախընտրում եմ ավելի նուրբ ելեւէջները, գերադասում եմ պաս տալ, քան նետել առաջինը։ Այս դերում իմ դիրքը այլ էր։ Ամբողջ ծանրությունը իմ կերպարի վրա էր, ուղղակի Արմենը շատ լավ խաղընկեր էր եւ նրա օգնությամբ էր, որ կարողացա հաղթահարել։ Այդ իմաստով ինձ ավելի մոտ է Էդգար Էլբակյանի «շկոլան»՝ նա մեծ վարպետությամբ կարողանում էր մատուցել խաղընկերոջը։ Ես սիրում եմ այս ներկայացումը, այն կենդանի է, շնչում է, արդիական են այնտեղ բարձրացված պրոբլեմները. կին-տղամարդ հարաբերություն, կանայք, որոնք մերժված են, տղամարդիկ, որոնք ունեն ընտանիք, սակայն իրենց միայնակ են զգում։ – Ձեր ստեղծագործական կյանքի մասին ի՞նչ կասեք։ – Իմ կյանքում ամեն ինչ շատ կոնկրետացել է։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որակական փոփոխություն է տեղի ունեցել, շատ բաներ ճշտվել են, առաջնայնությունը որոշակի է դարձել եւ դա նաեւ իմ մասնագիտության մեջ։ «Ուշացած թռչունից» հետո ես շատ հրավերներ եմ ստացել եւ կինոյում նկարահանվելու, եւ ներկայացումներում խաղալու։ Սակայն նպատակներս շատ որոշակի են եւ դրանց գնալու եմ առանց շեղվելու, եթե խփելու եմ, ապա միայն 10-ին։ Խաղալ միայն խաղալու համար՝ իմ ժամանակը վաղուց անցել է։ Դա ես հանձնում եմ երիտասարդ դերասանուհիներին՝ սիրով։ Ես՝ որպես ռեժիսոր, իմ ուժերը փորձում եմ մարիոնետների թատրոնում, իսկ որպես դերասան՝ զգում եմ շատ լուրջ պատասխանատվություն։ Ուզում եմ խաղալ ոչ թե հենց այնպես, այլ խոսել մարդկանց սրտերի հետ, բարձրացնել նրանց հուզող խնդիրները, որոնք մինչեւ այժմ չեն ասվել, կամ ասվել են ոչ այն համարձակությամբ։ Ուզում եմ հարց բարձրացնել, լուծումներ առաջարկել, ոչ թե բեմում ներկայացնել սոսկ գեղարվեստական պատկեր։ – Ձեզ հրավիրել են Թուրքիա՝ կինոփառատոնի, պատմեք մի քանի խոսքով։ – Այստեղ կա Կինոքննադատների միություն։ Նրանց առաջարկվել է ընտրել վերջին տարիների որեւէ գործող դերասանուհի։ Նրանք էլ ինձ են ընտրել եւ ես, որպես ժյուրիի անդամ, պիտի մասնակցեմ Ստամբուլում կայանալիք միջազգային կինոփառատոնին։ Մարիոնետների թատրոնում մոտ ժամանակներս պատրաստվում եմ բեմադրել «Աշխարհի արարումը» եռապատումը։ Հրավերն իմ ծրագրերի մեջ չէր մտնում, այն ինձ համար անակնկալ էր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել