Հայաստանում ՊՆ-ի իշխանություն է Մինչ ՀՀ նախագահը լռում է, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, ԿԳ նախարարության առջեւ երեկ հավաքված՝ գյուղակադեմիայի եւ ՀՊՃՀ-ի քոլեջների ուսանողներն ու նրանց ծնողներն արդեն իրենց սեփական վարկածն ունեին։ Բողոքելով ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 29-ին ընդունված որոշման դեմ, ըստ որի, այդ քոլեջի ուսանողները զրկվում են զինակոչից տարկետման իրավունքից՝ ծնողներից մեկը պնդում էր, որ հենց այս պատճառով է կրթության նախարարը հեռացել իր պաշտոնից։ Ծնողները չխնայեցին նախկին նախարարին, որը, լինելով կառավարության անդամ, չի կարողացել պաշտպանել իր համակարգի շահերը ու թույլ է տվել, որ նման որոշում կայացվի։ Իսկ ծնողներից մեկն էլ վստահ տոնով փաստեց. «Մեր երկրում միայն պաշտպանության նախարարությունն է իշխո՛ղ, ուրիշ նախարարություն չկա՛, դա 100%-ով է, մյուսներն էլ… կատուն ոնց է շան առաջ պպզում, ա՛յ ըտենց են մյուս նախարարությունները»։ Ծնողների վրդովմունքը պայմանավորված էր նրանով, որ վերջին երկու օրերին իրենց տղաներին արդեն ծանուցագրեր էին ուղարկել, ոմանց հետեւից էլ զինկոմիսարիատներից տուն էին եկել։ Բողոքողները քոլեջների 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողներն ու նրանց ծնողներն էին, որոնց պնդմամբ կառավարության որոշումը հետադարձ ուժ չպետք է ունենա եւ պետք է տարածվի միայն այս տարի քոլեջ ընդունվածների վրա։ Սակայն երեկ պարզվեց, որ այս հարցն իրավական տեսակետից այնքան էլ հստակ չէ։ Թե՛ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, թե՛ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Արամ Կարապետյանը հանդիպելով բողոքի ցույցի դուրս եկած ծնողների հետ, նրանց խնդրեցին սպասել մինչեւ այսօր։ Այդ ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է իր եզրակացությունը տա, պարզաբանելով՝ որոշումն ունի՞ հետադարձ ուժ, թե՞ ոչ։ Սկզբում ԿԳ նախարարության, հետո նաեւ ՀՀ կառավարության առջեւ հավաքված ծնողները հավատացնում էին, որ իրենք դեմ չեն, որպեսզի իրենց երեխաները ծառայեն, սակայն քոլեջն ավարտելուց հետո։ Թեեւ հայտնի է, եւ ծնողներից ոմանք էլ հետո խոստովանեցին, որ իրենց տղաներին քոլեջ են ընդունել հենց զորակոչից ազատելու ցանկությամբ։ Քանի որ քոլեջների գերազանց առաջադիմությամբ ուսանողները 2-րդ կուրսից տվյալ բուհի համապատասխան ֆակուլտետ տեղափոխվելու հնարավորություն ունեն, քոլեջները հիանալի «ապաստան» են պետական բուհեր չընդունված տղաների համար։ Հենց այս պատճառով էլ այդ քոլեջների ուսանողների 90%-ը տղաներ են, եւ ծնողները պնդում էին, որ եթե իրենց երեխաներին բանակ տանեն, քոլեջները կփակվեն։ ԿԳՆ-ի բարձրագույն կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը հավաստիացրեց, որ իրենք այդ հարցով նախորդ օրվանից զբաղվում են եւ նույնպես շահագրգիռ են, որ ուսանողները շարունակեն իրենց կրթությունը եւ քոլեջները չփակեն։ ՀՀ կառավարությունն է որոշում կայացրել, եւ ԿԳՆ-ն պարտավոր է այն կատարել։ Այնուամենայնիվ, վարչության պետը հավատացրեց, թե կփորձեն ինչ-որ տարբերակ գտնել, որ գոնե բանակ չզորակոչվեն այն ուսանողները, որոնց մի 4-5 ամիս է մնացել, որ քոլեջը ավարտեն։ Ծնողները խնդրում էին, որ ԿԳՆ-ն զինկոմիսարիատներին հրահանգի, որ մինչեւ արդարադատության նախարարության պարզաբանումը, իրենց երեխաներին բանակ չզորակոչեն։ Սակայն ԿԳՆ-ի ներկայացուցիչները բացատրեցին, որ դա ՊՆ-ի լիազորությունն է, իսկ ԿԳՆ-ն կարող միայն նման խնդրանքով դիմել պաշտպանության նախարարին, ինչը եւ կանի։ Ծնողները պնդում էին, որ իրենք այս որոշման մասին նոր են իմացել՝ թեեւ «Առավոտը», ի դեպ, այս թեմային անդրադարձել էր դեռ օգոստոսին, երբ այդ որոշումը կայացվեց։ Եվ Արամ Կարապետյանն էլ, այս առթիվ, ծնողների բողոքներին ի պատասխան, նկատեց, որ կառավարության որոշումները գաղտնի չեն պահվում եւ հրապարակվում են։ Սակայն դժվար է չհամաձայնվել ծնողների այն դժգոհության հետ, որ եթե նման որոշում կար եւ իրենց երեխաներին բանակ էին զորակոչելու, ինչո՞ւ է քոլեջների ղեկավարությունը պահանջել դեռ սեպտեմբերին, որ մուծեն ուսման վարձերը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ