Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Նոյեմբեր 08,2001 00:00

Ի՞ՆՉ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ Հոկտեմբերի 15-ից սկսվել է հրապարակվել «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունների արձանագրությունները։ Փաստորեն, 11 նիստ շարունակ, չհաշված միջանցիկ միջնորդություն-հայտարարությունները։ Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ստացել էր պաշտոնական բազմապիսի գրություններ, որոնք հրապարակվեցին դատավոր Սամվել Ուզունյանի կողմից այն ժամանակ, երբ դատարանում շարժ նկատվեց. ներկայացան տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ-փաստաբանները, որոնք առ ժամանակ չէին ներկայանում հարցաքննությունների ընթերցմանը։ Երեկ հրապարակվեց հանրապետության Գլխավոր դ ատախազության պատիժների եւ հարկադրանքի, այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի գրությունը, ըստ որի տեղեկացվում էր, որ ամբաստանյալ Կարեն Հունանյանի դիմումի եւ սեպտեմբերի 10-ի, 20-ի դատական նիստերի ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ հոկտեմբերի 2-ին եւ 4-ին ԱԱՆ քննչական մեկուսարանում հարցման է ենթարկվել դիմումատու-ամբաստանյալը։ Վարչությունը վկայակոչել էր «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածը, որը սահմանում է. «Դատախազությունը նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, բացի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից, իրականացնում է նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում։ Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքով»։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ ամբաստանյալ Կ. Հունանյանը «առանձնազրույցների ժամանակ հրաժարվել է որեւէ բացատրություն տալուց, սպառնալիքների եւ բռնությունների մասին չի նշել որեւէ կոնկրետ փաստ եւ պատճառաբանել է, որ այդ մասին կպատմի քննչական մեկուսարանի «պատերից դուրս»։ Նոր փաստարկներ եւ կոնկրետ անուններ, կոնկրետ հանգամանքներ նշելուց հետո,- գրել էր արդարադատության գեներալ-մայոր Վ. Վարդանյանը,- կարելի է կատարել համապատասխան քննություն»։ Դատավոր Ս. Ուզունյանը տեղեկացրեց, որ «02»-ից էլ ստացվել է մեկ տեսաժապավեն փակ վիճակում, չհետազոտված եւ, որ, առայժմ, դատավորը զբաղված է տեսաժապավենների փնտրտուքով, ձեռքբերմամբ։ «Դա ի՞նչ տեսաժապավեն է»,- ճշտելու փորձ արեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, նախագահողը պատասխանեց. «Դեպքերին հաջորդող նկարահանումներ են, երբ նկարահանող խումբ էր մտել դահլիճ, կրակոցներից հետո»։ Նախագահողը դիմեց ամբաստանյալ Կ. Հունանյանին, թե արդյոք նրա հետ հանդիպել են, զրուցել եւ ինչու չի հայտնել դատախազության ներկայացուցչին այն ամենը, ինչը ցանկանում էին ներկայացնել դատարանին։ Ամբաստանյալ Կ. Հունանյանը նշեց, թե դատախազության վարչության պետ Վ. Վարդանյանի հետ ինքը հանդիպել է հոկտեմբերի 2-ին եւ 4-ին։ Եվ որ արձանագրությունն էլ կազմվել է հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ եղել է բանավոր խոսակցություն նրա հետ։ Ամբաստանյալը հայտնեց (այս էլ որերորդ անգամ. ասես մտասեւեռված լինի), թե ինչ-որ «սարքավորումներ են գործում» եւ «իրենց զրույցի բովանդակությունն էլ հայտնի է դառնում ճնշում գործադրողներին»։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց այս անգամ էլ ասելով, թե կտա բռնություն կիրառողների անունները «օրերով, ամսաթվերով, փաստերով, խոսակցություններով»։ Ամբաստանյալը նշեց, որ արձանագրության մեջ իր կողմից շտկում է եղել, քանի որ այնտեղ գրված է եղել հոկտեմբերի 3 եւ 4։ Կ. Հունանյանն ասաց, թե ինքը մամուլում ընթերցել է Վարդանյանի հետ հարցազրույցը, որն ասել էր իր «զառանցանքների» մասին։ Այդ կապակցությամբ նա հակադարձեց, թե եթե ինքն արձանագրություն էր շտկում եւ դատարանում էլ ասում է ճնշում գործադրողների անունները, պահանջելով քրգործ հարուցել, ապա պարզ է, թե ինչ զառանցանքների մասին կարող է լինել խոսքը։ Մի հայտարարություն էլ նա արեց. «Այդ 2 տարվա ընթացքում ԱԱՆ մկեուսարանում նաեւ սպանություններ են տեղի ունեցել», ինչն ընդհատվեց Ս. Ուզունյանի կողմից այլ հարցի զուգորդմամբ. «Շտկում ասելով, դուք նկատի ունեք ճշտո՞ւմը»։ Դա էլ խանգարեց ամբաստանյալին բացվել մինչեւ վերջ։ «Դուք որեւէ կոնկրետ փաստ չնշեցիք»,- շարունակեց դատավորը։ Ասվածի կապակցությամբ ամբաստանյալ Հունանյանն ասաց. «Ես փաստեր նշել եմ, խոսքը փաստերի ծավալի մասին է։ Իմ ունեցած փաստերը 2 տարվա ժամանակագրությանն են վերաբերում»։ Ամբաստանյալը պնդում էր, որ քրգործ հարուցվի եւ քննությունն էլ տարվի ոչ ԱԱՆ մեկուսարանում։ «Ներկա ընթացքում էլ ճնշումները շարունակվում են, հարյուրավոր մարդկանց ճնշումների ենթարկելու փաստեր ունեմ»,- ասաց նա եւ խոստացավ իր ցուցմունքներում անդրադառնալ դրան։ Հարցաքննությունների ընթերցումն ավարտելուց հետո հերթը նրանն է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել