ԱՐԴՅՈՔ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասը ողջ հանրապետությանն ապացուցեց, որ Հայաստանում կապի ոչ մի միջոց լավ չի աշխատում։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է նախորդ ամբողջ օրը պրն Յորղուլասն անձամբ, արդեն իր բազմաթիվ աշխատակիցների ապարդյուն ջանքերից հետո, է՛լ ֆաքսով, է՛լ հեռախոսով, է՛լ էլփոստով փորձել հանրությանը տեղեկացնել, որ իր կարծր սիրտը «կակղել» է. նա վերջապես շնորհ կանի եւ ՀՀ կառավարությանը իր հետ բանակցելու բախտին կարժանացնի։ Խեղճ պրն Յորղուլասը երեւի հասկացել է, որ իզուր է արյուն-քրտինք թափում, ստիպված իր ամբողջ արմենտելային շքախումբը երեկ հավաքել-եկել էր «Արմենիա» հյուրանոց, որպեսզի անձամբ իր շուրթերից ՀՀ քաղաքացիները լսեն ավետիսը։ Չի բացառվում նաեւ, որ պրն Յորղուլասն այնպես է ինտեգրվել մեր հայկական չարքաշ կյանքին, որ իրականացնում է ՀՀ շարքային քաղաքացիների մի մտադրությունը։ Երբ րոպեավճարի կիրառման մասին հայտարարություններ եղան, շարքային քաղաքացիներից շատերն ասացին, որ իրենց ոչ մի հեռախոս էլ պետք չէ, եթե րոպեավճարով է։ «Հենա 100 դրամ կտամ, կգնամ՝ ում մոտ ուզում եմ, կխոսամ, հետ կգամ»,- փաստարկում էր նրանցից յուրաքանչյուրը։ Ահա ճիշտ այդպես էլ Ն. Յորղուլասը «ԱրմենՏելին» եւ OTE-ին չպատճառաբանված ծախսի տակ չգցելով, երեկ 20-25 տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, հունարենի թեթեւ ակցենտով հագեցած, սակայն միանգամայն վարժ անգլերենով եւ շեշտադրությամբ ընթերցեց թիվ 60 լիցենզիայով նախատեսվող եւ ՀՀ կառավարության նախաձեռնած բանակցություններին իրենց մասնակցելու մտադրության մասին հայտարարությունը, իր կողմից հավելեց, որ այդ բանակցությունները «tough» են լինելու (ինչը թարգմանիչը նախ «լուրջ», հետո՝ «ծանր» թարգմանեց, մինչդեռ այն նշանակում է՝ «կարծր», «խիստ»- Ա. Գ.)։ Պարզվում է, դրանք (էլ չենք ասում հետեւանքները) «tough» լինելու են նաեւ լրագրողների, հետեւաբար եւ հայ հասարակության համար. «Այդ ընթացքում չենք կարող ինֆորմացիա տարածել, թե ինչպես են ընթանում բանակցությունները»։ Իսկ OTE-ին՝ բանակցություններին մասնակցել պարտավորեցնում է ոչ թե թիվ 60 լիցենզիան, այլ ուրիշ փաստաթղթեր։ Սույն «լիարժեք», «համապարփակ» ինֆորմացիան տալուց հետո, պրն Յորղուլասը վայելելով իր արարքի տպավորությունը եւ այն կարդալով ներկա լրագրողների դեմքին, ոտքի կանգնեց եւ ինչպես հաղթական ներս էր եկել, այնպես հաղթական էլ քայլեց դուրս։ Նրա հետեւից նույն արագությամբ սուրաց շքախումբը։ Այդ ընթացքում լրագրողների՝ հարցերին պատասխանելու խնդրանքները Նիկոս Յորղուլասը իր տիեզերական բարձունքից մերժեց՝ միեւնույն՝ խորը բավարարվածության ցինիկ ժպիտով։ Տիրակալի քղանցքը բռնած մի երկուսի ընթացքը կասեցնել հաջողվեց «Պրոմեթեւսի» թղթակցին։ Ջանքերն իզուր էին. երկու հասուն, տեղ-տեղ սպիտակ մազերով տղամարդիկ ամենայն լրջությամբ բացատրեցին, որ «ԱրմենՏելի» ղեկավարությունը՝ այդքան մարդաշատ եկել էր կարդալու 15 տողանոց այդ հայտարարությունը։ Երեւի այդքանով մի կերպ էին իրենց գրասենյակից քարշ տվել-բերել արքայական ծանրակշիռ հրովարտակը։ Հետո լրագրողներով քննարկում էինք, թե հատկապես որ մեկս է իր պահվածքով Նիկոս Յորղուլասին թույլ տվել իր ներկայությամբ սպառելու սեփական ցինիզմի պաշարը։ Երեւի ազնիվ չէինք. ոչ մեկս վիզ չվերցրեց իր մեղքը։ Ու էլի մեղքը գցեցինք մեր կառավարության վրա, որը նախ ծախում է մեր կապը, հետո հոխորտում, թե դատի է տալու «ԱրմենՏելին»՝ լիցենզիան ձեռքից վերցնի, հետո չգիտես՝ ինչ մշակում անցնելով, ինչ հիշեցումներ ստանալով ասում. «Լա՜վ, մի քիչ բանակցենք՝ հետո կտեսնենք»։ Եթե ես էլ պրն Յորղուլասը լինեի, նույն ցինիկ արհամարհանքով կվերբերվեի այն լրագրողներին, որոնք, ի թիվս ողջ հայ ժողովրդի, հանդուրժում են այս ամորֆ, օր ու մեջ խոսք ու մտադրություն փոխող, Աստված գիտի՝ քանի խաղ խաղացող (ու մյուս մեղքերն էլ չթվենք) կառավարությանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Պրն Յորղուլասի համար այս հոդվածը թարգմանելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել միայն կակղել, արյուն-քրտինք, շքախումբ, չարքաշ, հենա, հրովարտակ բառերի վրա։ Մնացյալ հայերենը նա մեզնից լավ է հասկանում, անգամ իր թարգմանչին բացատրում է «բայց» ու «եւ» շաղկապների տարբերությունը։