Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը

Նոյեմբեր 08,2001 00:00

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ Հայաստանը եւ Ադրբեջանը կոնկրետ գործերով պետք է վերականգնեն վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան սկսվել էր Բաքվից, այնուհետեւ՝ Ստեփանակերտ եւ հետո՝ Երեւան։ Բաքվում համանախագահները երկարատեւ զրույց էին ունեցել Հեյդար Ալիեւի հետ։ Իրենց ասելով, Ալիեւը «շահագրգիռ զրույց է» ունեցել եւ սա հիմք է տվել համանախագահներին վստահ լինել, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման պաշարները բոլորովին սպառված չեն։ Ֆրանսիացի համանախագահ պրն Սյուրմենը կարեւորել է Փարիզում եւ Քի Ուեսթում երկու երկրների նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եթե, իրոք, նոյեմբերի վերջին վերականգնվի Ալիեւ-Քոչարյան հանդիպումների ավանդույթը (իսկ հանդիպման մասին վկայակոչում են ռուսական աղբյուրները), ապա սա թերեւս կնշանակի, որ հարցը որոշակի դադարից հետո կվերադառնա բանակցությունների դաշտ։ Ի տարբերություն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, որը վստահ է, թե համանախագահները հասկանում են ԼՂՀ-ի՝ հակամարտության հիմնական կողմ լինելը, իրենք՝ համանախագահները, խուսափում են նման հարցերին ուղիղ պատասխանել։ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո համանախագահները ոտքի վրա պատասխանեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Պրն Սյուրմենի գնահատմամբ, իրենք ուժերը կենտրոնացրել են վստահության ամրապնդման վրա։ Անդրադառնալով իրենց այցի ժամանակ ադրբեջանական սակրավորների անուշադրության պատճառով տեղի ունեցած պայթյունին, որի հետեւանքով ծանր վիրավորվել էր ադրբեջանցի սպան, պրն Սյուրմենն ասաց. «Բնական է, որ այդ միջադեպը տագնապալի զգացողություններ առաջացրեց, որը նկատվեց ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կողմում։ Եվ նախագահ Քոչարյանն այսօր, մեզ հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ նման նախադեպ եղել է նաեւ իր եւ Ալիեւի՝ սահմանային հանդիպման ժամանակ, երբ լուրջ վնասվածք էր ստացել հայ սպան։ Այս ամենը հաստատում է գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Եվ որ հարկավոր է շատ բան անել»։ ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ռ. Պերինան իր հերթին ասաց, թե այցի ընթացքում հանդիպումները նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հետ հնարավորություն տվեցին մոտիկից իմանալ երկու նախագահների դիրքորոշումը, նաեւ վստահություն ներշնչեցին, որ ԼՂՀ խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն։ ՌԴ-ն ներկայացնող համանախագահ Ն. Գրիբկովը հաստատեց, որ համանախագահող երկրները միակարծիք են ԼՂՀ խաղաղ կարգավորման հարցում եւ ասաց, որ իրենք տարածաշրջանից հեռանում են լավատեսութամբ, քանի որ զգում են, որ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում անցկացրած ժամանակն իզուր չի անցել. «Ամենակարեւորն այն է, որ նախագահ Ալիեւի եւ նախագահ Քոչարյանի Մինսկի խմբի շրջանակներում աշխատելու ցանկությունը պահպանվում է, եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը ներդնել այս շատ եւ շատ ոչ հասարակ հարցի կարգավորմանը»։ Ն. Գրիբկովը շեշտեց, որ արմատական նոր ոչինչ համանախագահները չեն առաջարկել, այլ աշխատել են այն ծրագրով, որը քննարկվել է Փարիզում եւ Քի Ուեսթում. «Մենք ունենք առավել մանրամասն առաջարկներ, կապված քննարկված ծրագրի առանձին մասերի հետ։ Դրամատիկ կամ արմատական որեւէ նոր բան մեզ հետ չենք բերել։ Մեզ հարկավոր չէ նոր սխեմա քննարկել, եղածի շրջանակներից մենք դուրս չենք գալիս, միայն համագործակցում ենք եւ ոչինչ ավելի»։ Ընդունենք, մի փոքր տարօրինակ է, որ մինչ համանախագահների այցը Ալիեւը հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, ու հանկարծ՝ այցի ընթացքում համանախագահները հասկանում են, որ խաղաղ կարգավորման հնարավորությունը սպառված չէ։ Համանախագահ Գրիբկովը, պատասխանելով այս հարցին, ասաց, թե իրենք անմիջականորեն Ալիեւից նման ռազմատենչ հայտարարություններ չեն լսել. «Մենք ելնում ենք նրանից, որ ժամանակ առ ժամանակ, դուք՝ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներդ, շեշտադրում եք կատարում ինչ-որ բանի վրա, որը գրավում է միջազգային հանրության ուշադրությունը։ Իմ կարծիքով, Ալիեւը գերի չէ հարցի ռազմական լուծմանը կողմ ուժերի ձեռքին։ Եվ այն ամենը, ինչ նա ասաց, համոզում է մեզ, որ ադրբեջանական ղեկավարությունը, բացի հարցի խաղաղ կարգավորումից, ուրիշ ճանապարհ չի տեսնում։ Հակառակ դեպքում, մեր առաքելությունն անօգուտ կլիներ»։ Ավելի կոնկրետ պատասխաններ համանախագահների ասուլիսից չէինք սպասում, պարզապես արձանագրենք, որ բանակցային գործընթացի սկիզբը գուցե եւ լինի հարցի կարգավորման վերջը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել