Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՉ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

Նոյեմբեր 07,2001 00:00

ՈՉ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Առավոտը» գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը, ի թիվս հարակից տարածքների, «Ռենկո» ՓԲԸ-ին 99 տարով վարձակալության էր հանձնել քաղաքացի Ս. Անախաթունյանի՝ արդեն իսկ վարձակալած տարածքը։ Վերջինս քաղաքապետի համապատասխան որոշումը իրեն վերաբերող մասով անվավեր ճանաչելու հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Այն գործը քննել է եւ ի դեմս նախագահող Գայանե Կարախանյանի՝ բավարարել հայցադիմումը։ Սա նշանակում է, որ մինչեւ նոյեմբերի 17-ը մյուս կողմի՝ վերաքննիչ դատարան չդիմելու դեպքում, վճիռը մտնում է ուժի մեջ։ Այսինքն՝ «Ռենկոն» պետք է ազատի վերոնշյալ տարածքը իր շինարարական տեխնիկայից եւ արդեն իսկ սկսված շինարարությունից, ինչը, հասկանալի է, թե ինչ պատմություն է։ Երեւի պատասխանող կողմն էլ էր սա հասկանում, քանի որ հայցվորի փաստաբան Արա Զոհրաբյանի պատմելով, դատավարության ընթացքում քաղաքապետարանը ագրեսիվ էր։ Դատարանը քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությանը հարցում էր կատարել՝ ճշտելու «Ռենկո»-ի վարձակալած տարածքների մեջ հայցվորի հողամասի ընդգրկվածության չափը։ Վարչության աշխատակիցները, փաստաբանի պնդմամբ, եղել են տեղում՝ չափումներ կատարել, դիրք որոշել։ Սակայն դատարանին պաշտոնապես պատասխանել են, թե հնարավոր չէ հողամասի դիրքը որոշել, քանի որ չկան համապատասխան չափորոշիչներ։ Արդեն հայցվորի կողմից նույն հարցումն արվել է Մալաթիա -Սեբաստիա համայնքի գյուղվարչությանը, որի հետ ժամանակին Ս. Անախաթունյանը կնքել էր վարձակալության պայմանագիրը։ Դատարանը հաշվի է առել հենց նրանց պատասխանը։ Բացի այդ, այն մերժել է նաեւ քաղաքապետարանի հակընդդեմ հայցը Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի եւ Ս. Անախաթունյանի միջեւ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել